Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի գիտական խումբը հիմնադրվել է 1993թ. ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում: 2005թ. այն վերաձևավորվել է Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի (ՍԿԿԼ):
Բնագավառը՝ Սնկաբանություն, սնկերի կենսաբանություն և կենսատեխնոլոգիա
Հետազոտությունների հիմնական ուղղությունները.
ՍԿԿԼ-ի գիտական հետաքրքրությունները հիմնականում ուղղված են սնկերի, մասնավորապես դեղասնկերի` որպես կենսաբանական ակտիվ միացությունների և ֆերմենտների բնական աղբյուրի կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը և դրանց կենսատեխնոլոգիական պոտենցիալի բացահայտմանը սնկային ծագման զանազան կենսատեխ արտադրանքներ ստանալու նպատակով: ՍԿԿԼ-ի Սնկային կուլտուրաների հավաքածուն ներկայացված է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ սնկերի 139 տեսակներով և 464 շտամներով, որոնցից 90 տեսակի 370 շտամ պատկանում են բազիդիալ մակրոմիցետներին, իսկ 49 տեսակի 94 շտամ` միկրոսկոպիկ սնկերին (մարդու և կենդանիների պոտենցիալ պաթոգեն, ֆիտոպաթոգեն և դրանց անտագոնիստներ): Հավաքածույում ընդգրկված են նաև որոշ տեսակների գենետիկորեն որոշված շտամներ (Pleurotus ostreatus, Flammulina velutipes, կոպրինային ու պոլիպորային սնկերի կուլտուրաներ և այլն): Սնկային կուլտուրաների մոլեկուլային կարգաբանության և ֆիլոգենիայի, միցելիումի մորֆոլոգիական, էկոլոգիական և դեղաբանական հատկությունների ուսումնասիրությունները իրականացվում են մի շարք եվրոպական և ամերիկյան համալսարանների հետ միջազգային ակտիվ գիտական համագործակցության շրջանակներում: Գերմանիայի Գյոթինգենի և Յենայի համալսարանների հետ համագործակցությունը հիմնականում ուղղված է կոպրինային սնկերի ժամանակակից կարգաբանության, ֆիլոգենիայի, կենսաբանական առանձնահատկությունների և կենսատեխնոլոգիական պոտենցիալի, ինչպես նաև նրանց դեղաբանական (հակաօքսիդանտային, հակասնկային, միտոգեն/ռեգեներացնող, հակաբակտերիալ, հակապրոտոզային, պրոտեոլիտիկ/ֆիբրինոլիտիկ) հատկությունների ուսումնասիրմանը: Մոլեկուլային կարգաբանության մեթոդների կիրառմամբ, մասնավոապես ռիբոսոմալ ԴՆԹ-ի որոշակի հատվածների նուկլեոտիդների հաջորդականության վերլուծությամբ, տարբեր կլադներին պատկանող երկու կոպրինային տեսակներ` Coprinopsis strossmayeri և Coprinellus radians, առաջին անգամ են նկարագրվել Հայաստանի տարածքում: Ռուսաստանի և Հայաստանի տարբեր էկոտոպերում Ganoderma, Fomes և Fomitopsis ցեղերին պատկանող աբեթասնկերի (Basidiomycota, Polyporales) բնական ռեսուրսների գենետիկական վերլուծությանը, դրանց կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը և կենսատեխնոլոգիական պոտենցիալի գնահատմանը ուղղված ծրագիրը իրականացվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվ. Պետական համալսարանի և Բոլոնիայի համալսարանի /Իտալիա/ հետ համատեղ: Մոլեկուլային կարգաբանության մեթոդների կիրառմամբ Հայաստանի տարածքում առաջին անգամ նկարագրվել է Ganoderma adspersum տեսակը: Լաբորատորիան իրականացնում է նաև հյուսիսային Իրանի տարածքում մակրոմիցետների կենսաբազմազանության, մասնավորապես դրանց դեղաբանական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ աշխատանքներ Մազանդարանի Գյուղատնտեսության և բնական ռեսուրսների հետազոտական կենտրոնի հետ համատեղ: Հայաստանի պայուսակավոր (հիպոգիալ) և կերատինոֆիլ (գեոֆիլ) սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրությունները իրականացվում են Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) և Փարիզի Բնության պատմության ազգային թանգարանի (Ֆրանսիա) հետ համատեղ: Մոլեկուլային մեթոդներով որոշված 12 հիպոգիալ պայուսակավոր սնկերի տեսակներից, 10-ը, ներառյալ Tuber rapaeodorum, Tuber rufum և Tuber scruposum, առաջին անգամ են նկարագրվել Հայաստանում: Մարդու և կենդանիների համար պոտենցիալ պաթոգեն ավելի քան 12 կերատինոֆիլ միկրոսկոպիկ սնկերի 92 շտամներ առաջին անգամ են անջատվել Հայաստանի հողերից:
Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.
Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
1993 - 1995 թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#93-344),
1996 - 1999 թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#93-845),
2000 - 2002 թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#0718),
2003 - 2004 թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#0104),
2005 - 2007 թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#0169),
1993, 2002, 2008 և 2011 ԴԱԱԴ-ի դրամաշնորհներ (Ռեգենսբուրգի համալսարան - 1993, Գյոթինգենի համալսարան - 2002, 2008, 2011), Գերմանիա,
1993, 1994, 1996 և 1997 թթ. Ֆրանսիայի կրթության, գիտության և հետազոտությունների նախարարության դրամաշնորհներ, Ֆրանսիա,
1994 թ. ՄԳՖ (Սորոսի անվ. Միջազգային գիտական ֆոնդ), ԱՄՆ 2001 և 2009 Բոլոնիայի համալսարանի դրամաշնորհներ, Իտալիա,
2004 թ. ԳԿՀԱՀ (Գիտության և Կրթության Հայկական Ազգային Հիմնադրամի) (#04-NS-biotech-814-73),
2004 թ. Ամերիկյան Սնկաբանության Ինստիտուտի դրամաշնորհ, ԱՄՆ,
2004 թ. Օսակայի ֆերմենտացիայի ինստիտուտի դրամաշնորհ, Ճապոնիա,
2004 - 2006 թթ.ՆԱՏՕ Ռեինտեգրման դրամաշնորհ (#FEL.RIG.980764),
2004 - 2006 թթ.ԴԱԱԴ սարքավորումների դրամաշնորհ (#548.104401.174), Գերմանիա,
2005 թ. ՄԳՏԿ-ի դրամաշնորհ,
2000, 2006 և 2007 թթ. Բրիտանական սնկաբանների միության դրամաշնորհներ, Մեծ Բրիտանիա,
2006 թ. ԻՆՏԱՍ դրամաշնորհ,
2007 թ. ԴԱԱԴ դրամաշնորհ, Գերմանիա,
2007 թ. ՆԱՏՕ դրամաշնորհ,
2007 թ. և 2010 թ. Կուլտուրաների Հավաքածուների Համաշխարհային ֆեդերացիայի դրամաշնորհ,
2007, 2008 և 2009 թթ. Եվրոպական գիտական ֆոնդի դրամաշնորհներ,
2008 և 2011 թթ. Սնկերի կենսաբանության և սնկային արտադրանքների համաշխարհային միության դրամաշնորհ,
2012 թ. ԴԱԱԴ սարքավորումների դրամաշնորհ (#548.104401.317), Գերմանիա, ծրագրի ղեկավար,
2013 թ. Հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագիծ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2013» (#13RF-110):
ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար՝
Սուսաննա Միքայելի Բադալյան, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր: