18.11.2020 | 
Հասարակություն
«ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում լույս տեսած մենագրությունը մշակվել է «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմատիկ ծրագրի շրջանակում:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի, նույն ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանի ու Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սուջյանի հեղինակությամբ լույս տեսած մենագրությունը նպա­տակ ու­նի բացահայ­տելու անչափահասների հանցավորության կանխարգելման քրեաիրավական, քրեադատավարական և կրիմինալոգիական հիմնախնդիրները:

 

Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը նշեց, որ հեղինակային խմբի կողմից  վերլուծության են ենթարկվել անչափահասների արդարադատության հիմնարար սկզբունքները, անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները։

 

«Բացի դրանից՝ գիտական եզրահանգումներ են արվել վերականգնողական արդարադատության մեխանիզմների ներդրման, մասնագիտացվածության հիմնարար պահանջի ապահովման անհրաժեշտության, անչափահասին մեղսագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով առանձին դատավարական երաշխիքների արդյունավետության, անչափահասի անձի ձևավորման գործընթացում տարբեր գործոնների ազդեցության և դրանցով պայմանավորված` անչափահասի շեղվող վարքագծի պատճառների մասին՝ անդրադառնալով նաև ոլորտի օրենսդրությամբ և մարդու իրավունքների ոլորտի միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների ապահովմանն ուղղված անչափահասների արդարադատության համակարգի ձևավորմանը»,- ասաց Իրավագիտության ֆակուլտետի դեկանը:

 

Նրա խոսքով, մենագրությունը կարող է օգտակար լինել ինչպես անչափահասների հանցավորության հիմնախնդրով հետաքրքրված տեսաբան մասնագետների, այնպես էլ անչափահասների հանցավորության դեմ պայքարի ոլորտում ներգրավված պրակտիկ իրավաբանների համար:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: