10.02.2021 | 
Հասարակություն
ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ Է ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
 ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ Է ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի և «Ազադ ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ի, «Արփիմեդ» ՍՊԸ ու «Լիկվոր» ՓԲԸ դեղագործական ընկերությունների, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի» գիտատեխնոլոգիական կենտրոնի միջև այսօր համագործակցության պայմանագրեր են կնքվել։

Հանդիպման սկզբում հյուրերն այցելեցին «14/19-CIF» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կառուցվող «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական» կենտրոն:

 

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանն ասաց, որ իրենց գլխավոր նպատակը գիտաուսումնական կենտրոնի ստեղծումն է, որը ներառում է վերլուծական լաբորատորիայի ստեղծում: Վերջինս արդեն կիսով չափ հագեցած է համապատասխան սարքավորումներով, Համաշխարհային բանկի և ԵՊՀ ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել 6 սարքավորում. «Այս կենտրոնի լաբորատորիայի ստեղծումը հենց դեղագործական ընկերությունների առաջարկն է, մեր գլխավոր առաքելությունը դեղագետ-վերլուծաբան մասնագետներիպատրաստումն է, որոնք կկարողանան աշխատել սարքավորումների հետ, նոր դեղերի, դեղանյութերի, ներկրվող դեղերի վերլուծական աշխատանքներ կկատարեն, իսկ հետագայում նպատակ ունենք զբաղվելու նաև ձեռնարկատիրական գործունեությամբ»:

 

Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ասիստենտ Ավետիս Ծատուրյանը հյուրերին ներկայացրեց լաբորատորիայում առկա սարքավորումները, բացատրեց նրանցից յուրաքանչյուրի կիրառական նշանակությունը:

 

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարն ընդգծեց, որ իրենց խնդիրը մեթոդաբանության հիմքերը դնելն է, մեթոդներին լավ տիրապետելը. «Այս խնդիրը ծագել է մոտ 5-6 տարի առաջ, երբ դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության ժամանակ հրավիրյալ մասնագետները տեսնում էին, որ մեր ուսանողների աշխատանքներում հիմնարար մասը բավականին խորացված է՝ ի տարբերություն այլ բուհերի ուսանողների, և խորհուրդ էին տալիս ժամանակակից դեղագետ-վերլուծաբաններ, վերլուծաբան-քիմիկոսներ պատրաստել, քանի որ այսօր դեղագործությունն ու դեղագիտությունը դժվար է պատկերացնել առանց վերլուծական մեթոդների»:

 

 

Խոսելով Ֆարմացիայի ինստիտուտի և Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերությունների համագործակցության մասին՝ Աշոտ Սաղյանը նշեց, որ այն սկիզբ է առել դեռևս ինստիտուտի ստեղծման տարիներին, իսկ այժմ ավելի է ընդլայնվում. խոսքն «Ազադ ֆարմասյութիքլզ» ՍՊԸ ընկերության, «Արփիմեդ» ՍՊԸ և «Լիկվոր» ՓԲԸ դեղագործական ընկերություններին մասին է, որոնք ներդրումներ են կատարել ինստիտուտի ստեղծման ժամանակ՝ նվիրելով համակարգչային տեխնիկա և լաբորատորիայի կահույք. «Ես շատ ուրախ եմ, որ մեր դեղագործական ընկերությունները, հասկանալով խնդրի կարևորությունը, համագործակցում են մեզ հետ, քանի որ մեր գլխավոր առաքելությունը մեր երկրի համար բարձրորակ դեղագետ-վերլուծաբաններ պատրաստելն է, որը նոր ուղղություն է Հայաստանում»:

 

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի խոսքով, հաջորդ փուլը լինելու է մագիստրոսական ծրագրի բացումը, որի առարկայական ցանկը կազմելիս մասնակցել են գործընկեր դեղագործական կազմակերպությունները, ինչը հնարավորություն կտա ավելի ակտիվ համագործակցելու նրանց մասնագետների հետ, իսկ ինստիտուտի ուսանողներին էլ՝ հետագայում իրենց լաբորատոր և արտադրական պրակտիկաներն անցկացնելու նշված ընկերություններում:

 

Պարոն Սաղյանը ներկայացրեց «Ֆարմացիա» մագիստրոսական ծրագիրը՝ նշելով, որ այն ունենալու է 4 ուղղություն՝ «Դեղատնային դեղագիտություն», «Գործարանային դեղագիտություն», «Կլինիկական դեղագիտություն» և «Դեղերի որակի վերահսկում». «Այս 4 ուղղություններով մենք պատրաստելու ենք մասնագետներ, որոնք իսկապես կարևոր են Հայաստանի ֆարմինդուստրիայի զարգացման համար»:

«Լիկվոր» ՓԲԸ դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն ասաց, որ իրենց առաքելությունն է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ և որակյալ մասնագետներ պատրաստել. «Մենք ունենք լրջագույն դեղարտադրություն Հայաստանում, որի արտադրության կեսից ավելին արտահանվում է շուրջ 14 երկիր: Այսօր դեղարտադրող կազմակերպությունների առջև դրվող նշաձողը բավականին բարձր է, ուստի մեզ պետք են բարձրորակ մասնագետներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար»:

 

Պարոն Մաթևոսյանն ընդգծեց, որ իրենք՝ դեղարտադրողները, հասկանում են նմանօրինակ համագործակցության կարևորությունը և փորձում են պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք կաշխատեն ոչ միայն դեղատներում, այլև դեղարտադրող և դեղագործական ընկերություններում, գիտական հաստատություններում. «Այս համագործակցությունը փոխշահավետ է, քանի որ մեր մասնագետները կարող են օգտվել համալսարանի բազայից, իսկ ձեր ուսանողները մեր ընկերությունում կկատարեն գիտահետազոտական աշխատանքներ»:

 

«Ազադ ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ն շվեյցարական ընկերություն է, որի տնօրեն Տիգրան Հախվերդյանը, խոսելով Ֆարմացիայի ինստիտուտի հետ համագործակցության մասին, նշեց, որ իրենց ընկերությունը ներկայումս ունի քիմիկոսների մոտ 30 հոգուց կազմված խումբ, որոնք հիմնականում ինստիտուտի շրջանավարտներն են. «Մեր օրգանական կապը համալսարանի հետ անխզելի է, քանի որ մենք անընդհատ ունենում ենք մասնագետներ համալսարանից և զարգացող համագործակցության մեջ ենք: Մեր ընկերության շահերից է բխում, որ համալսարանը պատրաստի որակյալ կադրեր, որոնք միանգամից կմտնեն կիրառական գիտության և գիտաարտադրական գործունեության մեջ»:

 

Հասմիկ Ասլանյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: