26.06.2020 | 
Հասարակություն
«ՆԱԽԵՎԱՌԱՋ ՄԻ ՔԻՉ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՂԵՔ, ՆՈՐ ՀԵՏՈ ՌԵԿՏՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ». ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ՝ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՆԱԽԵՎԱՌԱՋ ՄԻ ՔԻՉ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՂԵՔ, ՆՈՐ ՀԵՏՈ ՌԵԿՏՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ». ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ՝ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր ընդունել է պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթի առնչությամբ ԵՊՀ միասնական հայտարարություն տարածելու որոշում և հաստատել այդ հայտարարության տեքստը:

Հիշեցնենք, որ երեկ՝ գիտխորհրդի նիստի ժամանակ, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց քննարկել նաև հայագիտական առարկաների բացակայությունն այն մասնագիտությունների ցանկից, որոնց դեպքում փոխհատուցում է կատարվելու, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ վերջերս ունեցած ելույթի վերաբերյալ հայտնել դիրքորոշում:

 

Առաջարկի քննարկումից հետո որոշվել էր կազմել հանձնաժողով, որի կազմում կլինեն Արմեն Ավետիսյանը, Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Նրանց կողմից կկազմվի տեքստի նախագիծ, որը կքննարկվի այսօր:

 

Նախքան հայտարարության տեքստի քննարկմանն անցնելը ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն անդրադարձ կատարեց այն մասնագիտությունների ցանկին, որոնց դեպքում փոխհատուցում է կատարվելու. «Իմ սեղանին է հայագիտության վերաբերյալ միջնորդությունը, բայց ես չէի ցանկանա մասնավոր հարցերով միջնորդել. նախ՝ հայագիտություն ասածը կիրառող մարմինների համար ընդունելի չի լինի, քանի որ մենք նման մասնագիտություն չունենք, ունենք հայագիտական մասնագիտություններ, պետք է ապացույցներ պահանջեն, որ մասնագիտությունը հայագիտական է և այլն»:

 

Բացի դրանից, ըստ Գեղամ Գևորգյանի, նպատակահարմար չէ որևէ մասնագիտության առանձնացումը. «Ճիշտ կլիներ, որ մենք բոլոր մասնագիտությունների համար միջնորդեինք: Եթե սոցիալական խնդիր ենք լուծում, լուծենք բոլորի համար: Ես կխնդրեմ՝ ինձ օգնեն իրավաբանները, քանի որ, ըստ էության, մենք առաջարկում ենք օրենքում փոփոխություն կամ լրացում կատարել»:

 

Նրա տեղեկացմամբ, նամակը պետք է ուղղել ոչ միայն վարչապետին, այլև ԱԺ նախագահին՝ որպես օրենք ընդունող մարմնի ղեկավար, և ԿԳՄՍ նախարարին՝ որպես ոլորտի պատասխանատու: Գեղամ Գևորգյանի պնդմամբ, վտանգավոր է առանձին մասնագիտությունների շեշտումը, քանի որ շատ հաճախ փոխվում են դրանց անվանումները. «Կստացվի, որ ամեն անգամ մենք պիտի դիմենք օրենսդրին՝ կրկին փոփոխություն կատարելու: Նպատակահարմար է միանգամից բոլորը ներառել»:

 

Անցնելով գիտխորհրդին ներկայացված տեքստի քննարկմանը՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ մինչև այն ստանալը ինքը ևս կազմել է տեքստ, որը հիմնականում համընկել է հանձնաժողովի կողմից ներկայացված տեքստի դրույթներին. «Մի քանի առաջարկություն ունեմ ներկայացված տեքստի վերաբերյալ, որոնք, իմ կարծիքով, արժե ընդունել»:

 

Պարոն Գևորգյանի առաջարկություններից մեկը ենթադրում է ոճական փոփոխության ենթարկել նախադասություններից մեկը, որի ընդունմամբ, ըստ նրա, այն ավելի հասկանալի և ընկալելի կդառնա:

 

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է այժմ զբաղվում գիտխորհուրդը. «Ես ընդհանրապես ծանոթ չէի իրադարձությանը, երեկ պարզապես հընթացս հնչեց: Հետո ես ավելի ուշադիր նայեցի և հիմա ուզում եմ հասկանալ՝ ԵՊՀ գիտխորհուրդը հիմա ինչո՞վ է զբաղված և ի՞նչ խնդիր է լուծում»:

 

«Ես ունեմ բազմաթիվ հարցադրումներ՝ հարցի դրվածքի և տեքստի հետ կապված: Գլոբալ հարցադրումը. ի՞նչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել աշխատանքային նիստ ԱԺ-ում, ոմն մի պատգամավոր (որին Լուլու եք ասում, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ, պետք է ասել Լուսինե Բադալյան, մականուններով դիմելը հարիր չէ ակադեմիական միջավայրին) միտք է ասել, որի մեջ ընդամենը երեք կետ կա: Եկեք շարահյուսական, քերականական, բառերի ընտրության մեջ չմխրճվենք, այլ վերցնենք բովանդակությունը»,- ասաց Վահրամ Դումանյանը:

 

Նրա դիտարկմամբ, ելույթի առաջին մտքի համար պետք է պատգամավորին շնորհակալ լինել, քանի որ վերջինս իր դիտարկումներով դասախոսներին բաժանել է ինչ-որ խմբերի, որոնցից առաջինում այն դասախոսներն են, որոնք այս պայմաններում ամեն ինչ արել են, որ ուսումնական գործընթացն անխափան լինի. «Այո՛, խոնարհվում ենք բոլոր նման դասախոսների առջև: Բնականաբար, նման դասախոսները շատ են, մեր շարքերում էլ կան և այլն»:

 

Ըստ Վահրամ Դումանյանի՝ երկրորդ միտքը, որն արդեն բացասական է, չնշելով բուհի կամ դասախոսների անուններ,  ասում է, որ կան դասախոսներ, որոնք մտնում են լսարան և անորոշ առարկայի դասի ժամին խոսում են այլ թեմաներից: ԻԿՄ ֆակուլտետի դեկանի փոխանցմամբ, նախ դուրեկան չէ, որ անուններ չկան, քանի որ, նրա կարծիքով, եթե միտք է ասվում, պետք է ասվի մինչև վերջ. «Ըստ մտքի հեղինակի՝ այդ դասախոսներն ամբողջությամբ քննադատում են գործող իշխանություններին, կառավարության ղեկավարին և այլն: Դնենք մի կողմ, թե այդ պնդումները ճիշտ են կամ ոչ: Նա ասում է»:

 

Հաջորդ միտքը, Վահրամ Դումանյանի դիտարկմամբ, այն էր, որ այս պայմաններում որոշակի գումարով սեփական դասերն են անցկացնում, թրեյնինգներ կազմակերպում և այլն. «Հիմնական մտքերը սրանք են: Նախադասություններից մեկում էլ ասում է մաղել բառը, որը երեկվա մեր նիստում դարձավ անընդունելի իրադարձություն: Ես հասկացա, թե ավտոմատներով մեկին ցանց պետք է սարքեն: Խոսքը դրա մասին չէր: Ինչպես ես հասկացա, նա ասում էր, որ եթե մարդն իր դասին զբաղվում է ոչ դասաժամային, այլ գործունեությամբ, ապա պետք է այդ մարդուն գիտելիք տալ, կամ այդ դասախոսը մտնի հունի մեջ, կամ մրցույթ հայտարարեն: Ես այդպես ընկալեցի»:

 

ԻԿՄ ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, հայտարարությունը հասցեական չէ, բուհի անուն նշված չէ, դասախոսի անուն չկա, ինչը դատապարտելի է. «Բայց դա ասում է մեկ անձ, ուզում է պատգամավոր լինի կամ ուրիշ մեկը: ԱԺ-ն բանաձև չի ընդունում, օրենք չի ընդունում, հայտարարություն չի ընդունում: Մեկ անձի ասած է: Հիմա մեր ամբողջ գիտխորհուրդն արձագանքում է մեկ մարդու: Ի դեպ, վերջին շրջանում նկատել եմ, որ կան մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, ընդդիմությունից, ամեն ինչից, բայց դա ինչ կապ ունի մեր գիտխորհրդի գործունեության հետ»:

 

Նրա խոսքով, գիտխորհրդի կազմում կան անհատականություններ, որոնք, եթե որևէ բանից դժգոհ են, ելույթներ ունենում են: Անդրադառնալով ներկայացված տեքստին՝ Վահրամ Դումանյանն ասաց, որ այնտեղ նշված է, թե «ԱԺ ամբիոնից բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների հասցեին արված ոչ կոռեկտ արտահայտությունների առթիվ» է․ «Կներեք, ես բուհում աշխատող դասախոս եմ և բացարձակապես չեմ համարում, որ այդ հայտարարությունն իմ հասցեին է արված: Ով համարում է, թե իր հասցեին է արված, ուրեմն ինչ-որ խնդիր ունի»:

 

Բացի դրանից՝ նրա դիտարկմամբ, ներկայացված տեքստում նշված է, թե «ԵՊՀ-ն բոլոր իշխանությունների ժամանակ եղել է ազատ մտքի և գործունեության միջավայր». «Սա ի՞նչ մանիպուլյացիա է: Այդ ո՞ր ազատության մասին է խոսքը, որ դռները փակո՞ւմ էինք, դա մեր ինքնավարությո՞ւնն էր, մեր դուռն է, երբ ուզենք կփակե՞նք, երբ ուզենք կբացե՞նք: Կամ տեքստում նշվում է այլակարծություն: Եթե ֆիզիկայի կամ մաթեմատիկայի դասի ժամին խոսեն չգիտեմ ինչից, դա այլակարծությո՞ւն է, բացարձակապես ոչ: Քննադատական մտածողությունն անշուշտ լավ է, բայց դա նշանակո՞ւմ է, որ մենք պետք է լսարան մտնենք և ասենք, որ դիմակ մի՛ դրեք, քանի որ դա ճիշտ է: Դա նորմա՞լ է: Կարծում եմ՝ գիտխորհուրդն այն կառույցը չէ, որ մեկ անձի ասածին արձագանքի»:

 

Նրա կարծիքով, ճիշտ կլինի, որ պարզաբանվի, թե ում նկատի ունեն, որ բուհը, որ դասախոսին. «Թող ասեն՝ ինչու են գաղտնի պահում: Բայց արժե՞, որ ԵՊՀ-ն՝ այս հսկա կառույցը, գիտխորհուրդը նման բաների համար ծառայեցնի: Նախկինում նման բազմաթիվ երևույթներ են եղել ՀՀ-ում, այդ ե՞րբ է գիտխորհուրդն արձագանքել: Ես՝ ինքս, երբեք չեմ խորշել դեռ 2008 թ.՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակվանից, տարբեր հայտարարությունների տակ ստորագրել եմ, բայց չեմ ասել՝ գիտխորհուրդ, եկեք քննարկենք: Իսկ ո՞վ ասաց, որ գիտխորհուրդը նման հարց պիտի քննարկի: Դուք այդպես եք կարծում, ես այսպես, ի՞նչ եք փաթաթում բոլորի վզին ձեր կարծիքը»:

 

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ, ԵՊՀ հայտնի աշխատակիցներ սոցիալական ցանցերում ամենավերջին անպարկեշտ բառերով տարբեր պաշտոնյաների, արվեստագետների մասին գրում են. «Մենք երբևէ դատապարտե՞լ ենք նրանց: Ես առաջարկում եմ վերանայել և հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում: Եկեք գիտխորհուրդը վահան չսարքենք: Անձամբ ես շատ ավելի բարձր եմ գնահատում այն, եթե ասեմ իմ անունից, քան լուծվեմ գիտխորհրդի մեջ»:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, դիմելով Վահրամ Դումանյանին, ասաց, որ հայտարարություն անելու որոշումն ընդունվել է երեկ. «Եվ ի հեճուկս Ձեզ, չեմ կարծում, որ համախոհներ ունենաք, հայտարարությունը պետք է ընդունվի: Շատ վատ է, որ այն հայտարարությունը, որն արվեց ԱԺ ամբիոնից, արվեց անանուն: Եթե լիներ հասցեական, այլ մոտեցում կունենար: Անանուն նշանակում է, որ կարող է վերաբերել բոլորին, բոլորիս: Ձեզ սրբի տեղ մի դրեք: Այդ թվում՝ նաև Ձեզ, քանի որ քարոզը չի նշանակում միայն հակաիշխանական, ինչպես որ ընկալվում է: Կամ ի՞նչ է նշանակում՝ չի կարելի քննադատել վարչապետին կամ իշխանություններին: Այսինքն՝ գովերգել կարելի է, քննադատել չի՞ կարելի, ինչը  որ Դուք էիք ցանկանում ասել, չէ՞: Եվ սկսեցիք գնալ պատմության գիրկը»:

 

Նրա դիտարկմամբ, քննարկվում է տեքստը, այլ ոչ թե պետք է կամ ոչ. «Երեկ խորհուրդը որոշեց, որ պետք է հանդես գա հայտարարությամբ: Եվ թե ինչքանով է եղել ազատ մտքի միջավայր, ասեմ, որ Ձեր ասած հեղափոխությունն արել ենք, որ ընդհանրապես ազատ լինենք, եթե այն ժամանակ կաշկանդումներ են եղել: Հիմա ի՞նչ պատահեց հանկարծ, որ մաղում են ու ուղիղ ցուցումով նրանց, ովքեր քննադատում են կառավարությանը կամ վարչապետին կամ չգիտեմ՝ ում: Մանիպուլյացիա Դուք եք անում Ձեր այդ ելույթով: Ժամանակից առաջ եք ընկնում՝ որպես ռեկտորի թեկնածու: Այնպես չէ, որ ամեն ինչ կգնահատվի՝ հավուր պատշաճի: Նախևառաջ մի քիչ համալսարանական եղեք, նոր հետո ռեկտորի թեկնածու»:

 

Անդրադառնալով տեքստին՝ Գագիկ Ղազինյանն ասաց, որ այն շատ հավասարակշիռ է. «Ընդունել ենք, որ այո՛, այդ հայտարարությունները չպետք է լինեն քաղաքականացված, եթե այդպիսիք կան, անընդունելի է, պետք է լինեն ապաքաղաքական, սակայն չի կարելի դասախոսին ստիպել կամ պարտադրել, որ նա զբաղվի միայն մեկ ուղղությամբ՝ գովերգել իշխանություններին: Սա հարիր չէ ԵՊՀ-ին: Անկախ նրանից, թե տարբեր ժամանակներում այստեղ ինչ պայմաններ են եղել, համալսարանը միշտ ձգտել է և որպես կանոն հասել է իր նպատակին. այն է՝ ունենալ ազատ արտահայտվելու իրավունք, և ուսանողների մոտ դաստիարակվի քննադատական մտածողությունը, ոչ թե ցանկացած ժամանակ երկրի ղեկավարը, եթե ինչ-որ բան է ասում, ուրեմն դա դոգմատիկ ճշմարտություն է»:

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկանն ասաց, որ տեքստի հեղինակների մոտեցումն այն է եղել, որ վերջում լեզվաբանները պետք է խմբագրեն, քանի որ լեզվական տեսանկյունից՝ վերջնական տեքստ պատրաստելու հավակնություն չի եղել: Նա նաև նոր առաջարկություն արեց տեքստը խմբագրելու վերաբերյալ, այն է՝ ավելացնել, որ եթե հնչեցրած հայտարարությունների հիմնավորվածություն չլինի, ապա հայտարարություն անողը պետք է պատասխանատվության ենթարկվի սուտ մատնության համար:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով վերոնշյալ տեքստին և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանի դիրքորոշմանը, նկատեց, որ Լուսինե Բադալյանը հանրությանը հայտնի է, և ինքն էլ հեռուստաընկերություններում իրեն շատ հաճախ ներկայացրել է Լուլու անվամբ, որը, ըստ նրա, վիրավորանքի որևէ տարր չի պարունակում, չպետք է այստեղ դասեր տալ, թե ակադեմիական միջավայրում մականունով պե՞տք է խոսել, թե՞ ոչ. «Ակադեմիական միջավայրում ես, լինելով դոկտոր-պրոֆեսոր, Հարութ Փամբուկչյանին ասում եմ Ձախ Հարութ, դա նշանակում է՝ ես մականունո՞վ եմ դիմում: Վիքիպեդիայով էլ կարող եք փնտրել՝ Լուսինե Բադալյանի անվան դիմաց գրած է Լուլու. այնպես որ, որևէ վիրավորական բան չկա մեր ասածի մեջ»:

«Ես դեմ եմ կանանց վիրավորելուն, և եթե կանանց կեղծանունը վիրավորական տարրեր է պարունակում, ապա դա, պարո՛ն Դումանյան, Ձեր ընկալումն է, և ընդհակառակը, երբ Դուք Ձեր խոսքում ասում եք «ոմն» պատգամավոր, ապա դա, անշուշտ, վիրավորական տարրեր է պարունակում, քանի որ վերաբերում է կոնկրետ անձին: Ինչ վերաբերում է տեքստին, ես ցավում եմ, որ պրն. Դումանյանն այդպես է ընկալել, քանի որ «դասախոսներին մաղել» արտահայտությունը վիրավորական է, մենք չպետք է «ջայլամի քաղաքականություն» վարենք և ասենք՝ դա մեզ չի վերաբերվում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
 
Նրա խոսքով, իրեն էլ չի վերաբերում, հնարավոր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամներից որևէ մեկին էլ չի վերաբերում, բայց այդ արտահայտությունը հնչել է, և ԵՊՀ-ն՝ որպես կրթական կարևոր օջախ, պետք է բարեկամաբար խորհուրդ տա պատգամավորին՝ նման տերմիններով չխոսել մանկավարժների և դասախոսների հետ. «Խնդիրը «դասախոսներին մաղել» ձևակերպման, ինչպես նաև Ձեր կողմից հնչած ոմն պատգամավոր ձևակերպման մեջ է, որոնք  ընդունելի չեն»:

«Ինչ վերաբերում է ազատ խոսքին, յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր համար: Ես կարող եմ ասել՝ 2018 թ. դեպքերի ժամանակ մեր ֆակուլտետում որևէ մեկի առջև որևէ դուռ չի փակվել, այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող տարբեր անձինք,  որոնք մեր ֆակուլտետից են եղել, որևէ կերպ չեն հալածվել: Ասեմ ավելին՝ շնորհիվ պարոն Գուրգեն Մելիքյանի՝ այդ անձինք, որոնք վարել են ընդդիմադիր քաղաքական գործունեություն, տարիներ շարունակ մեր ֆակուլտետում, որևէ հալածանքի չենթարկվելով, ունեցել են հավասար իրավունքներ, ինչպես մնացածը: Եթե ներկայիս ԿԳՄՍ նախարարը մեկ դրույք ունենալիս համարվում է հալածյալ, կամ նրա խորհրդականը՝ Սամվել Կարաբեկյանը, համարվում է  հալածյալ, երբ եղել է այստեղ դասախոս, և որևէ կերպ չի հալածվել»,- իր խոսքում նշեց Ռուբեն Մելքոնյանը:

 

Նրա հավաստմամբ, 2008 մարտի 1-ից առաջ կամ հետո տարբեր դասախոսներ իրականացնում էին ստորագրահավաք՝ պահանջելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդից Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Ո՞վ է ճնշել նրանց.  հենց մեր ֆակուլտետի դասախոսներն էին իրականացնում այդ ստորագրահավաքը: Մենք նրանց ազատությունը ճնշե՞լ ենք: Այնպես որ, պետք չէ այստեղ դեմագոգիայով զբաղվել և փնտրել կատվին մութ սենյակում, հատկապես, որ կատուն այնտեղ չէ, պետք չէ ներկայացնել, թե անցյալում անարդարությունների դեմ միայն մեկն է խոսել, իսկ մնացածը չեն խոսել, ուստի հիմա իրավունք չունեն խոսելու: Կարող եք բոլոր այդ բարձրաստիճան պաշտոնյաներին հարցնել՝ 2018 թվականին իրենց ճնշե՞լ են քաղաքական հայացքների համար, թե՞ ոչ»:

Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով այլակարծությանը, ասաց, որ երբ կասկածի տակ է դրվում տեքստում հնչած այլակարծությունը, ապա պետք է նկատել հետևյալը. ֆիզիկայի կամ քիմիայի դասերի ժամանակ, երբ խոսվում է քաղաքական գործընթացներից, դա կարող է արհեստական համարվել, բայց երբ պատմության, իրավագիտության, քաղաքագիտության կամ այլ դասաժամերին զուգահեռներ են տարվում, ապա դա խիստ տրամաբանական է, այլ բան է, երբ դասախոսն իր անձնականը պարտադրում է ուսանողներին:

«Հիմա, եթե  ես անդրադառնում եմ 2017 թվականին Թուրքիայի ընդդիմության կազմակերպած քայլերթին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ Ստամբուլից քայլել են Անկարա, չեմ կարող զուգահեռներ տանել, թե դուք ինձ արգելում եք խոսել այդ մասին, անգամ եթե ես զուգահեռներ չտանեմ, ուսանողները գիտակցում են, որ դա քաղաքական պայքարի գործիք է, կամ եթե ընդունվում է որևէ իրավաբանական ակտ կամ օրենք, որը հակասում է Սահմանադրությանը, Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներին արգելու՞մ են խոսել այդ մասին: Ուրեմն եկեք մնանք համալսարանական ընկալման շրջանակում»,- հորդորեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանը:

 

Նա նշեց, որ պատգամավոր Լուսինե Բադալյանը մամուլում այսօր հայտարարություն է տարածել, որը, ըստ նրա, վերաբերում է իրեն. «Ինչո՞ւ եմ այդպես ենթադրում: Մեջբերեմ հետևյալ նախադասությունը, որտեղ, ճիշտ է, իմ անունը չկա գրված, բայց հարգելի՛ ԵՊՀ գիտխորհրդի անդամներ, դատե՛ք ինքներդ․ ««Ինձ համար ակնհայտ է, որ կրթական հաստատություններում ստեղծված անմխիթար իրողությունների հոռի բարքերի վերաբերյալ ԱԺ ամբիոնից իմ բարձրաձայնումը ԵՊՀ դասախոսների՝ ինձ շատ հայտնի անձանց շրջանում իմ դեմ հասունացրել է հարձակումների ալիք։ Անհերքելի է, որ այդ ալիքը մեծապես պայմանավորված է համալսարանում մեկնարկած՝ ռեկտորի պաշտոնի համար մղվող պայքարով։ Այդ մարդկանց պարզապես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս շարունակել առաջ մղել ռեկտորի ընտրության օրակարգը՝ այդ ճանապարհին ձեռնպահ մնալով ԱԺ պատգամավորիս հասցեին ձեխարձակումները դիվիդենտի վերածելու անպտուղ փորձերից»: Այսինքն՝ երեկվա մեր քննարկումը մեր սիրելի պատգամավորը համարում է հարձակման ալիք»:


Ռուբեն Մելքոնյանի հավաստմամբ, երեկ արտահայտվել են մի քանի հոգի, որոնցից մեկն ինքն է եղել, և որոնցից միայն իր թեկնածությունն է դրված ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար. «Անդրադառնամ մյուս կողմին. պատգամավորը նշել է, որ այս եղանակով ես դիվիդենտներ եմ շահում: Անկեղծ ասեմ Լուսինե Բադալյանին, որ ես կանանց վիրավորելու սիրահար չեմ, հետո դա ամենավերջին քայլը կլինի՝ նրան վիրավորելով դիվիդենտներ շահելը: Ես գիտական ու կրթական շրջանակում վաղուց գտել եմ իմ տեղը և վայելում եմ շատերի հարգանքը, այնպես որ, կարիք չունեմ նման քայլերի»:
 
Նա Գագիկ Ղազինյանի ուշադրությունը հրավիրեց Լուսինե Բադալյանի հայտարարության այն հատվածին, որտեղ նշվում է, որ «Խորհրդարանականի դեմ այս կազմակերպված գրոհը նման է ժողովրդի մանդատը ստացած ԱԺ պատգամավորի պարտականությունները կատարող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կազմակերպված հետապնդման` իր արտահայտած տեսակետի համար, ինչը Սահմանադրության խախտում է»։ 

 

«Հարց, հարգելի՛ գործընկերներ, մեզ մեղադրում են խորհրդարանականի դեմ այս կազմակերպված գրոհի մեջ, որոնցից մեկն էլ, ըստ էության, ես եմ: Ի՞նչ եք կարծում, պարո՛ն Դումանյան, եթե քննադատում ենք նրանց, արդյո՞ք դա Սահմանադրության  խախտում է, ես ուզում եմ արձանագրեք. մենք Սահմանադրության խախտում ունե՞նք,  ուզում եմ, որ գիտխորհուրդն արձագանքի նաև պատգամավորի վերոնշյալ հայտարարությանը նույնպես»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց, որ  խնդիրն այն է, որ ԱԺ-ում աշխատանքային քննարկում չի եղել, եղել է լիագումար նիստ: Եվ այդ նիստի ժամանակ ԱԺ պատգամավորը հանդես է եկել «Իմ քայլը» խմբակցության անունից, և ըստ այդմ՝ նրա դերն ու նշանակությունը պետք չէ նսեմացնել․«Նա իշխող կուսակցության ներկայացուցիչ է: Երբ դուք ասում եք, որ շնորհակալություն է հայտնել և գովերգել է մեր այն դասախոսներին, որոնք քրտնաջան աշխատել են, ելույթն ուշադիր նայելու դեպքում կտեսնենք, որ նա ասում է, որ դրա համար չի բարձրացել ամբիոնի մոտ ու արդեն շարադրում է, թե ինչ պետք է արվի: Իսկ ինչ վերաբերում է «մաղել» բային, եթե Ձեզ համար, պարո՛ն Դումանյան, մաղելը միայն ավտոմատով մաղելն է, ավտոմատով մաղել չի կարելի, բայց ավազով մաղել դասախոսներին կարելի՞ է:  Կարծում եմ՝ մենք պետք է «մաղել» բայի վրա կենտրոնանանք»:

 

Ըստ նրա՝ ինչ վերաբերում է այն հարցին, թե գիտական խորհուրդը նման հարցի շուրջ պետք է հայտարարություն չընդունի՝ համարելով այն լոկալ հարց, որից այն մարդիկ են վիրավորվել, որոնք իրենց վրա են վերցրել, ընկալելի չէ. «Ես ինձ վիրավորված եմ համարում, որ հայաստանյան դասախոսական ամբողջ համակարգին բաժանում է երկու մասի՝ կան դասախոսներ, որոնք լավն են, և դասախոսներ, որոնց պետք է մաղել: Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը պետք է ընդունվի հենց միայն նրա համար, որ այն արգելք հանդիսանա, որ ԱԺ ամբիոնից որևէ պատգամավոր, կլինի իշխանական կամ ընդդիմադիր թևից, չփորձի դասախոսական համայնքի վրա ցեխ շպրտել ու դա անել անանուն: Դուք շատ լավ նշեցիք, որ լավ կլիներ՝ նա դա աներ՝ հստակ անուններ նշելով: Կարծում եմ, պարո՛ն Դումանյան, որ այս հայտարարությունը պետք է ընդունվի, եթե կան փոփոխության առաջարկներ, ես կհամաձայնվեմ փոփոխություններ անել կամ սրբագրել»:

 

Քննարկման ընթացքում գիտխորհրդի անդամների կողմից հնչեցին նաև այլ կարծիքներ ու առաջարկություններ: Մասնավորապես՝ առաջարկվեց տեքստը հրապարակել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի ստորագրությամբ, սակայն վերջինս նշեց, որ այդ դեպքում ինքը կաներ իր հայտարարությունը՝ առանց գիտխորհրդի անդամների տեքստ կազմելու օգնության: Նա և գիտխորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկությունները տեքստի խմբագրման վերաբերյալ:

 

Ստացված վերջնական տարբերակն առցանց քվեարկության միջոցով ներկայացվեց գիտխորհրդի հաստատմանը, որն ընդունվեց 45 կողմ, 6 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

 

Գիտխորհրդի կողմից ընդունված հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ամբողջական քննարկումը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում:

 

Քնար Միսակյան

Անգին Խաչատրյան

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։