Առցանց հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը, ամբիոնի վարիչներ և դասախոսներ:
Ներկաներին ողջունեց Հայկ Սարգսյանը և տեղեկացրեց, որ վերջերս պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը տոնել է իր հոբելյանական 90-ամյակը:
«Հոբելյարը մեծ նվիրումով և պատրաստակամությամբ ԵՊՀ-ին՝մասնավորապես իր հարազատ ֆակուլտետին է հանձնելու իր գեղանկարները, որոնցով հիանալու են ներկա և գալիք սերունդները»,- նկատեց դեկանը:
Ողջունելով և շնորհավորելով պրոֆեսորին 90-ամյակի առթիվ՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նրան մաղթեց առողջություն և երկար տարիների ստեղծագործական կյանք․ «Վերջերս, երբ այցելեցի Ձեզ, նկատեցի, թե որքան գեղեցիկ է Ձեզ շրջապատող բնաշխարհը, ինչն էլ Ձեր հաջողված գեղանկարների «նախասկիզբն» է: Շատ գեղանկարիչներ կերազեին ապրելու այն վայրում, որտեղ Դուք եք ապրում և ստեղծագործում»:
Շնորհակալություն հայտնելով առցանց հանդիպման և հնչած բոլոր շնորհավորանքների համար՝ մեծավաստակ պրոֆեսորը նշեց, որ մարդու ամենավառ արժանիքներից մեկը, ըստ իրեն, մարդկանց բարիք բաշխելը պետք է լինի․ «Ես երջանիկ եմ թեկուզ այս պայմաններում ԵՊՀ-ին՝ մասնավորապես իմ ֆակուլտետին, որը մեծ ավանդ է ունեցել իմ կայացման գործում, նվիրելու իմ գեղանկարները: Թո՛ղ դրանք երջանկություն և հաջողություն բերեն մեր սերունդներին»։
Խոսելով ներկա իրավիճակի և առկա դժվարությունների մասին՝ Գ. Ղարիբյանը հույս հայտնեց, որ շուտով հանդիպելու են և նշելու են նորանոր առիթներ:
Նշենք, որ գեղանկարներն իրենց տեղն են գտնելու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 5 ամբիոններում:
Անգին Խաչատրյան