Երբ ռուս վերջին կայսեր Նիկոլայ Ռոմանովի դուստրը` Անաստասիա Ռոմանովան, 1914 թվականին նամակ էր գրում իր հորը, չէր էլ կարող պատկերացնել, որ այն, ինչի մասին ինքը պատմում էր, տարիներ անց դառնալու էլ սովորական մի բան. «Ես նկարեցի ինքս ինձ` նայելով հայելու մեջ, բայց դա շատ դժվար էր, որովհետեւ ձեռքերս դողում էին»:
Ինքնանկարի կամ, ինչպես այժմ հայտնի է՝ սելֆիի պատմությունը, սակայն, իրականում ավելի խոր արմատներ ունի: Ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ Կոռնելիուսն էր, որ 1839 թվականին դագերոտիպի վրա ստացավ մարդկության առաջին սելֆին` մի քանի րոպե անշարժ կանգնելով:
Սելֆի տերմինը (անգլերեն self` ինքս, ինքնուրույն բառից) հայտնի դարձավ 2010-ականներին, երբ արագ զարգացում ապրեցին շարժական հեռախոսների լուսանկարչական ֆունկցիաները: Այն տարածվեց մեր կենսագործունեության բոլոր ոլորտներում, ստեղծվեց հատուկ կայք հենց միայն սելֆիի համար (itismee.com), եւ նույնիսկ ձեւավորվեց բացառիկ սելֆիների մի շարք, որոնց մեջ տեղ գտավ տիեզերական սելֆին` տիեզերքի ու կայանի ողջ գեղեցկությամբ, կամ էլ, ասենք, 2014 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարուհի Էլլենդ Դեջեներեսի ինքնանկարը` հոլիվուդյան մի շարք աստղերի հետ:
Նման օրինակները, իհարկե, քիչ չեն, եւ քիչ չեն նաեւ սելֆիի գրանցած հաջողությունները: 2013 թվականին այն համարվել է տարվա բառ (ըստ օքսֆորդյան բառարանի), 2014 թվականին տարվա հայտնություն է դարձել սելֆի ձողը (ըստ Times ամսագրի): Սակայն սրանք պատկերում են երեւույթի միայն դրական կողմը, մինչդեռ բացասականները եւս քիչ չեն:
Դեռեւս 100 տարի առաջ ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը խոսել է նարցիսիզմից, որը բացառիկ սիրահարվածությունն է սեփական անձին: Կա տեսակետ, թե սելֆին միտում ունի այս երեւույթը մեզանում զարգացնելու, ինչը կարող է խոչընդոտել մարդկային պարզ ու հասարակ շփմանը: Սրան հակված է նաեւ Ամերիկայի հոգեբույժների ասոցացիան, ըստ որի` սելֆին հոգեկան խանգարում է: Ի վերջո քիչ չեն եղել դեպքերը, երբ ինքնանկարը դարձել է մահվան պատճառ: Ըստ ռուսական լրատվամիջոցների (մասնավորապես` korrespondent.net կայքի) 2015 թվականին գրանցվել է մահվան այդպիսի 50 դեպք. մի երիտասարդ փորձել է սելֆի անել գնացքի վրա եւ հոսանքահարվել է, մյուսը հրացանով նկարվելու ընթացքում պատահմամբ կրակել է իր գլխին, մեկ ուրիշը...
Այն, որ մեզանից ոչ մեկի ձեռքերը այսօր չեն դողում, ինչպես Անաստասիայինը, միանշանակ է, բայց և պարզ է, որ Կոռնելիուսը իր այս հայտնագործությամբ նպատակ չուներ մարդկային կյանքեր վտանգելու: Հետեւաբար մեզ մնում է հնարավորինս գիտակից օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնց մասին այլ ժամանակներում մարդիկ գուցե չեն էլ երազել:
Միլենա Խաչիկյան
ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս