Ի սկզբանե մարտի 8-ը առաջանալով, որպես կանանց իրավահավասարության պայքարի օր, աստիճանաբար դարձավ կանանց միջազգային օր: Պատմության էջերը թերթելիս ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված՝ 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին: Տոնի պատմությունը ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանց հեղափոխական ջոկատ: Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857-ի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր: Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում: 1914 թվականին մարտի 8-ը միաժամանակ նշվում է վեց երկրներում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:
Այն մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում կանանց տոնը նշվում է յուրահատուկ ձևով:Մենք այն տոնում ենք մի ամբողջ ամիս: Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայ տղամարդիկ ամեն օր մեծարելու առիթ են ունենում՝ իրենց մայրերին, քույրերին և կանանց: Լինելով անկեղծ՝ տղամարդկանց մեծ մասի համար իսկական գլխացավանք է սիրելիի համար նվեր ընտրելը: Նրանցից շատերը կարծում են, որ այս գարնանային տոնին կնոջ համար լավագույն նվերը ծաղիկն է: Յուրաքանչյուր կնոջ համար հաճելի է ստանալ մեծ ծաղկեփունջ, սակայն դրանք շատ շուտ են թոշնում, ուստի կանայք հիմնականում գերադասում են ավելի մնայուն նվերներ, օրինակ՝ գեղեցիկ և ճիշտ ընտրված զարդ: Գրեթե յուրքանչյուր կնոջ պահարանում զարդերն ունեն իրենց ուրույն տեղը: Շատ կանայք նշեցին, որ միամսյակի լավագույն նվեր կարող է լինել օծանելիքը, սակայն կնոջն օծանելիք նվիրելը բավական համարձակ քայլ է: Օծանելիքը կարող է շատ բան պատմել մարդու մասին: Դրա շնորհիվ կարելի է կռահել կնոջ բնավորության գծերը: Ուստի օծանելիք նվիրել ցանկացող տղամարդիկ պետք է շատ լավ ճանաչեն իրենց կողակցին և ընտրեն այնպիսի բույր, որը կընդգծի կնոջ անհատականությունը:
Տարիքով ավելի փոքր աղջիկները սիրում են փափուկ խաղալիք, կոնֆետ կամ ծաղիկ ստանալ:
Մեզ հետ զրույցում 35-ամյա Կարինեն նշեց. «Նվերի արժեքը բացարձակ կարևոր չէ, կարևորը՝ ուշադրությունն է: Պետք է հասկանանք, որ սա նվեր ստանալու միամսյակ չէ, սա կնոջը սիրելու, հարգելու և լավ խոսքեր ասելու հրաշալի առիթ է»:
Ամեն դեպքում սիրելի տղամարդիկ պետք չէ մոռանալ, որ կանայք սիրում են ուշադիր տղամարդկանց, անկախ նրանից՝ ինչ նվեր եք պատրաստել մի մոռացեք՝ մատուցելու ձևը ևս նվերի մի մասն է:
Սեդա Գևորգյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս