Ամառային արձակուրդներն արդեն անցյալում են: Ոմանք հարմարվել են նոր կենսակերպին, ոմանք էլ դժվարանում են կտրվել ամառային ջերմ ու արևոտ միջավայրից և վերադառնալ համալսարանական առօրյային: Ադապտացման այս գործընթացը հոգեբաններն անվանում են հետարձակուրդային սթրես կամ դեպրեսիա: Հոգեբան Աննա Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր է հանգստի ճիշտ կազմակերպումը, սակայն նույնիսկ լավագույնս կազմակերպված հանգիստը կարող է սթրեսի պատճառ դառնալ. «Յուրաքանչյուր մարդ կարիք ունի հանգստի: Մարդ հոգնում է և ֆիզիկապես և հոգեպես, ուստի ֆիզիոլոգիական հանգիստը ուղիղ համեմատական է հոգեբանական հանգստին: Շատ կարևոր է ճիշտ ժամանակին հանգստի գնալը: Մարդիկ, երբ զգում են իրենց աշխատանքի արդյունավետությունը, բավականություն են ստանում աշխատանքի կամ ուսման դիմաց ստացած արդյունքից, գալիս է ժամանակը արձակուրդի գնալու և արդեն հանգստից բավականություն ստանալու: Ուստի շատ կարևոր է ճիշտ կազմակերպել հանգիստը: Լավ միջոց է ճանապարհորդելը, որը բավական մեծ ազդեցություն է թողնում մարդու հուզական ֆոնի վրա: Շատ հաճախ մարդիկ հանգստից վերադառնում են ավելի հոգնած վիճակում, ինչը արդեն սթրեսի պատճառ է: Չնայած հանգստից հետո մարդիկ լիցքաթափված և նոր ուժերով են վերադառնում հին առօրյային, այնուամենայնիվ ադապտացման հետ կապված խնդիրներ առաջանում են, նույնիսկ լավագույնս անցկացրած արձակուրդից հետո: Ադապտացման շրջանը տևում է երկու-երեք օր, որից հետո մարդ աստիճանաբար ընտելանում է»-նշեց հոգեբանը:
Երբեմն հետարձակուրդային սթրեսը կարող է հանգեցնել աշնանային դեպրեսիայի: Սակայն սա անհատական բնույթ է կրում և կախված է տվյալ պահին մարդու հոգեկան վիճակից, հուզականությունից ու մի շարք այլ գործոններից:
Տարբեր տարիքային մարդկանց մոտ սթրեսը տարբեր կերպ է դրսևորվում: Հոգեբան Աննա Բադալյանի կարծիքով արձակուրդից հետո ամենադժվարը դպրոցականներն են ադապտացվում դասերին, սակայն դեպրեսիայից անմասն չեն մնում նաև ուսանողները. «Վերջին շրջանում ուսանողների մոտ ավելի տարածված է արշավային հանգիստը, որը շատ դրական ազդեցություն ունի: Արշավների շնորհիվ ուսանողները իրենց համար նոր երևույթներ են բացահայտում, իրենք իրենց մեջ են նոր բաներ տեսնում, ինքնագնահատականն է բարձրանում ու տպավորությունները բազմազան են լինում: Նշեցի, որ ամեն դեպքում առաջին երկու օրերին ադապտացման հետ կապված խնդիրներ լինում են, սակայն երբ լիարժեք է լինում հանգիստը, ուսանողները հաճախ շտապում են գնալ համալսարան ընկերների հետ կիսվելու իրենց ստացած տպավորություններով: Պետք է փորձել լիարժեք լիցքաթափված ու լավ հույզերով մոտենալ նոր ուսումնական տարվան, ավելի հետաքրքիր դարձնել իրենց օրերը, խուսափել միօրինակությունից»- եզրափակեց հոգեբանը:
Ինչպես սկսես ուսումնական տարին այնպես էլ կշարունակվի այն, ուստի աշխատեք, որքան հնարավոր է լավ տրամադրությամբ սկել այն, և պետք չէ, մոռանալ, որ նոր արձակուրդը սարերի ետևում չէ:
Սեդա Գևորգյան