Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է նման իրավիճակ. դռան զանգը հնչում է, բացում եք, ու ձեր դիմաց կանգնում է պապիկ, որն առաջարկում է գրքերով լցված ծանր տոպրակից ընտրել ու գնել սովետական արտադրության որևէ գիրք: Մոտավորապես նման իրավիճակ կարող է պատահել նաև համալսարանում. դասի զանգը կհնչի, ներս կմտնի դասախոսն ու կառաջարկի գնել տպարանից քիչ առաջ հատուկ քեզ համար համալսարան ժամանած <<տաք-տաք>> ձեռնարկը:
Նման դեպքեր տեղի են ունենում այն պարագայում, երբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ գրքերի վաճառքը համալսարանում թույլատրված է միայն ճեմասրահի համապատասխան հատվածում:
ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը իրավիճակը բացատրեց այսպես. «Գրադարանը գրքերի վաճառքով չի զբաղվում: Ֆակուլտետներում դրանց վաճառքը հնարավոր է 2 տարբերակով՝ առաջին դեպքում ֆակուլտետը կամ ամբիոնը տպագրում է գիրքը՝ ուսանողներին վաճառելու նպատակով: Մյուս դեպքում գրքերը վերցնում են գրադարանից ամբիոնների համար, հետո պարզվում է, որ դրանք վաճառվել են»: Տնօրենի խոսքով երբեմն դասախոսն առաջարկում է գիրքը՝ նշելով, որ կա վերջինիս ավելի հին հրատարակությունը, որը, իբրև, չի համապատասխանում ուսումնական պլանին: Համեմատելու դեպքում կնկատենք, որ նույն գրքի, ասենք՝ 2010 թ.-ի և 2017 թ.-ի հրատարակությունների միջև չկա նույնիսկ ստորակետի տարբերություն:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննան հիշում է չորրորդ կուրսում պատահած մի դեպք. «Բերեցին նոր հրատարակած մի գիրք ու առաջարկեցին գնել այդ կիսամյակի համար: Ի վերջո գնեցինք, բայց այդպես էլ ամբողջությամբ չօգագործեցինք այն»: Աննան չի հիշում, թե ինչպես ստացվեց, որ իրենք հետամուտ չեղան խնդրին:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող Սառա Մելքոնյանը նշում է. «Մեր ֆակուլտետում եղել են վաճառքի դեպքեր: Ուսանողները դիմել են ուսանողական Խորհուրդ՝ պահանջելով վերականգնել իրենց իրավունքները, որից հետո այդ հարցն ընթացք է ստացել»:
Ըստ նրա՝ երևույթի պատճառներից մեկը, գուցե, այն է, որ ամբիոններում միմյանց հետ համաձայնության են գալիս վաճառել իրենց դասախոսների հեղինակած գրքերը, այդպիոսվ լավություն անելով վերջիններիս:
Ներկայացված երկու դեպքերում էլ տեղի է ունեցել օրենքի խախտում: Դրանցից մեկում ուսանողները համակերպվել են իրողությանը՝ դառնալով առևտրի կողմերից մեկը, մյուսում՝ հրաժարվել առք ու վաճառքի մեջ մտնել դասախոսի հետ: Օրենքը չի խախտվի եթե ուսանող-դասախոս շղթայի երկու օղակներն էլ հստակ իմանան իրենց իրավունքներն ու կանխեն դրանց ոտնահարումը:
Լառա Հակոբյան