Մանկության մասին
Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են Շամշադինին: Մայրս է Շամշադինից: Ամռանը միշտ գնում ենք: Գյուղի մեր պատշգամբն եմ շատ սիրում, սիրուն տեսարան է բացվում, ու թեպետ հաճախ են կրակում Ադրբեջանից, ես միշտ հանգիստ եմ այնտեղ:
Առաջին սերը
Հայրս ֆուտբոլի մարզիչ է, շատ աշակերտներ է ունեցել: Չորրորդ դասարանում սիրահարվել էի նրանցից մեկին: Նրանով եմ սկսել սիրել ֆուտբոլը: Պապան հաճախ կատակում է. «Ես հե՞չ, նրանով ես սկսել, հա՞» : Նա ընկերուհուս էր սիրում, ու դա անսովոր էր ինձ համար... Մի քանի տարի տեւեց, հետո անցավ: Հիմա մոտ ընկերներ ենք: Երբեմն ասում է՝ ճաշակով աղջիկ ես եղել, հա՜:
Կարեւոր մարդիկ
Մայրս իմ հերոսն է: Ես նրան երբեք չեմ ասել այս մասին: Նա բնավորության այնպիսի գծեր ունի, որոնց մասին ես կերազեի: Համառ է, պայքարող: Շատ մոտ եմ տատիս հետ: Նա իմ ընկերն է, միշտ ասում է՝ չպիտի սուտ խոսենք, որովհետեւ մեզ հետ կատարվող դժբախտությունները կամ մեր ստերի արդյունքն են կամ էլ Աստծո պատիժ:
Երաժշտությունը ՝ ապրելակերպ
Տասներեք տարեկանում Հայ ասպետով մեկնեցինք ճամբար դեպի Արցախ: Այնտեղ մի տղա կար, որ կիթառ էր նվագում: Ինձ դուր եկավ այդ միջավայրը, սկսեցի տանը համոզել, որ կիթառ գնեն: Բայց չստացվեց: Երկու տարի հետո գնեցին եղբորս համար, երբ նա սովորելու ցանկություն էլ չուներ: Ես էլ առիթից օգտվեցի, մի ամիս երաժշտական գնացի, իսկ հետո ինքնուրույն սովորեցի: Հիմա արդեն չեմ պատկերացնում օրս առանց նվագելու:
Պարտության դասերը
Տարիներ առաջ պիտի ընդունվեի Այբ դպրոց: Անցողիկ միավորը 125-ն էր, ես 124 էի հավաքել: Դա ինձ նախ կոտրեց, հետո շատ բան սովորեցրեց: Հայրս է միշտ ասում՝ երբ մարդ ընկնում է, պիտի վեր կենա եւ առանց ընկճվելու առաջ շարժվի:
Դեպի համալսարան
Անցումը հեշտ եղավ: Ավագ ընտրվեցի, թեպետ միտք չունեի: Հետո ուսխորհրդից եկան, պատմեցին իրենց մասին: Շուտով քարտուղար նշանակվեցի: Տարեվերջին արժանացա «Տարվա ուսանող» կոչմանը: Այս մի տարվա ընթացքում ԵՊՀ-ն ինձ սովորեցրեց զգույշ լինել մարդկանց հարցում, դարձրեց ինձ ավելի ընկերասեր եւ արթնացրեց իմ մեջ առաջնորդությունը:
Մոտիվացիա
Ես սիրում եմ մարդկանց, նրանք են իմ մոտիվացիան: Ես տխուր մարդ չեմ, բայց տարվա մեջ գալիս է մի շրջան, երբ դառնում եմ աննկատ: Դա լինում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Հետո անցնում է: Իսկ երբ ինչ-որ խնդիր եմ ունենում, մտածում եմ, որ չորս օր է տեւելու, հինգերորդ օրն ամեն ինչ կարգաավորվելու է: Ցանկացած իրավիճակում հիշում եմ այդ հինգ օրը, իհարկե, բացառությամբ լավ ու ուրախ օրերի. ուրախությունս երբեք չեմ սահմանափակում:
Միլենա Խաչիկյան