Նկարչին ճանաչելու համար, անշուշտ, պետք է լինել նրա արվեստանոցում, տեսնել նրա աշխատանքներն ու զգալ այնտեղ տիրող գույների շունչը:
Արվեստանոցը նկարներով, կտավներով ու քանդակներով լցված հանճարեղ բնություն էր:
Նկարիչը ԵՊՀ ուսանողներին ծանոթ ֆիզկուլտուրայի դասախոս Հրաչյա Հակոբյանն է, ով կարողացել է համադրել սպորտի, նկարչության, գրականության և երաժշտության գույներն իր կյանքի կտավում:
Արվեստագետը նշում է, որ շատ է սիրել իր ուսուցչին, և ճիշտ է այն միտքը, որ եթե շատ ես սիրում ուսուցչիդ, կարևորում ես նաև առարկան:
Բազմակողմանի զարգացած դասախոսն հրատարակել է գիրք՝ «Առողջ ապրելու բանաձևը», որը նվիրել է իր ուսանողներին: Իսկ երկրորդ գիրքը՝ «Արվեստը և սպորտը», լույս տեսավ բոլորովին վերջերս:
Հրաչյա Հակոբյանի ոգեշնչման աղբյուրը բնությունն է: Բանասիրության հանդեպ մեծ սեր ունեցող արվեստագետին նաև ոգեշնչուն են գրքերն ու դրանց հերոսները: Նրա ամենասիրելի գիրքը «Բոռ»-ն է, որի հերոսների նկարները տեղ են գտել նրա արվեստանոցում:
Նկարչի աշխատասենյակում կային նաև երաժշտական գործիքներ՝ կիթառ, ջութակ: Սիրում է ստեղծագործել երաժշտության ներքո:
Նրա աշխատանքները մասնակցում են ցուցահանդեսների նաև Հայաստանից դուրս: Նկարիչն ունի մի նկար, որը երբեք չի վաճառի, այն պահում է տանը: Ժպիտը դեմքին պատմում է, որ նկարել է այն ժամանակ, երբ սիրահարված էր Բանասիրության ֆակուլտետից մի աղջկա, որը եղել է իր ուսանողուհին, հետագայում՝ դարձել կինը։ Դասախոսն իր կողքին միշտ պատկերացրել էր բանասիրական կրթություն ունեցող կնոջ, ով մոտ կլինի գրականությանը:
Ուսանողների հետ աշխատելը Հրաչյա Հակոբյանին չի խանգարում, այլ հակառակը. նա սիրում է զրուցել խելացի երեխաների հետ, ովքեր ճանաչում և սիրում են արվեստը:
Աննա Գարեգինյան