Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության ինտերնետային պորտալը ստեղծվել է ԵՊՀ-ի՝ ձեռնարկությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով: Պորտալում ներկայացված են ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների բազան, ձեռնարկությունների հետ համագործակցության ֆակուլտետային խորհուրդների կազմը, իրականացված աշխատանքները, ինչպես նաև հայտարարություններ՝ պրակտիկաների, աշխատանքային հնարավորությունների, դասընթացների վերաբերյալ:
Ձեռնարկությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ԵՊՀ-ում իրականացվում են մի շարք ծրագրեր, կազմակերպվում են միջոցառումներ, հանդիպումներ, համաժողովներ, ընդունելություններ, որոնց մասնակցում են աշխատաշուկայում ակտիվ դերակատարութուն ունեցող պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, համալսարանական իրազեկ անձինք:
Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
• Ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցություն կրթական ծրագրերի մշակման, հաստատման և մոնիթորինգի գործընթացներում
• Ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցություն դասավանդման աշխատանքներում
• Ուսումնական պլանով նախատեսված և արտաուսումնական պրակտիկայի կազմակերպում
• Ուսանողների և շրջանավարտների մասնագիտական կարիերայի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացում
• ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդրի լուծմանն աջակցում
• Ձեռնարկությունների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացում
• Ձեռնարկությունների աշխատակազմի անդամների վերապատրաստում
• Ձեռնարկությունների բիզնես հեղինակության բարձրացմանը միտված և այլ ուղղություններով աշխատանքների կազմակերպում:
Ձեռնարկությունների հետ համագործակցության բնագավառում գերակա են համարվում հետևյալ ոլորտները՝
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
• Միկրոէլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն,
• Սննդի անվտանգություն և կենսատեխնոլոգիա,
• Դեղագործություն,
• Հանքարդյունաբերություն,
• Զբոսաշրջություն և սերվիսի բնագավառ,
• Կառավարում, շուկայագիտություն, ֆինանսական, բանկային և ապահովագրական ոլորտ,
• Հոգեբանական ծառայություններ,
• Իրավաբանական խորհրդատվական ծառայություններ:
Ձեռնարկությունների հետ աշխատանքները համակարգվում է ԵՊՀ գիտական խորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցություն ապահովող մշտական հանձնաժողովի կողմից, որը ստեղծվել է 2013թ-ին ՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմամբ: Հանձնաժողովի նախագահը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է, աշխատակազմում ընդգրկված են բոլոր պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, վարչական ենթակառուցվածքների մի շարք ղեկավարներ, ուսանողական կառուցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
ԵՊՀ ձեռնարկությունների հետ աշխատանքի համար հիմք է հանդիսանում Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության ռազմավարությունը, որը սահմանում է ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների ու ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ԵՊՀ–ի կողմից իրականացվող աշխատանքների հիմնական սկզբունքները, գերակայությունները և համապատասխան աշխատանքային ձևաչափերը:
ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների ամբողջական բազան վարում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, որը նաև միջոցներ է ձեռնարկում նոր գործընկեր կազմակերպությունների հետ կապեր ստեղծելու ուղղությամբ, պարբերաբար կազմակերպում է ձեռնարկությունների հետ համագործակցության զարգացմանը միտված միջոցառումներ: Համապատասխան աշխատանքները խթանելու և ուսանողների մոտիվացիան բարձրացնելու նպատակով ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է տոնավաճառներ, այցելություններ ձեռնարկություններ, հանդիպումներ, քննարկումներ, սեմինար-դասընթացներ:
Ուսանողների և գործատուների միջև հետադարձ կապն ապահովելու համար արդյունավետ գործիք են հանդիսանում նաև HEN GEAR շրջանավարտների գրանցման պորտալը և Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի պաշտոնական կայքը: