Սոցիոլոգիայի ֆակուլտետ
Faculty of Sociology
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը որպես առանձին ստորաբաժանում գործում է 2004 թ.-ի սեպտեմբերից:
>

Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործում են երեք ամբիոններ` Կիրառական սոցիոլոգիայի, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների և Սոցիոլոգիայի տեսության և պատմության:

Ֆակուլտետի ձևավորման հենց առաջին տարվանից ամբիոնները ծավալեցին գիտամանկավարժական արդյունավետ գործունեություն, որի արդյունքներն են` նոր դասընթացների մշակումն ու դասավանդումը, ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների հրատարակումը, ֆակուլտետում մասնագիտացումների կազմակերպումը, միջազգային գիտաժողովի կազմակերպումը:

Ֆակուլտետում ընդունելությունը կատարվում է
• սոցիոլոգիա
• սոցիալական աշխատանք

մասնագիտություններով:

Սոցիոլոգիայի բաժնում բակալավրիատի 3-րդ կուրսից ուսանողները հնարավորություն ունեն ընտրել 3 հատուկ մասնագիտացումներից որևէ մեկը` կիրառական սոցիոլոգիա, կոնֆլիկտաբանություն և հասարակայնության հետ կապեր (PR):

Ֆակուլտետն ապահովում է մագիստրոսական կրթություն հետևյալ հինգ մասնագիտացումներով`
• PR
• միգրացիայի և կոնֆլիկտների ուսումնասիրություն
• սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն
• սոցիալական աշխատանք
• սոցիալական քաղաքականություն և վարչարարություն:

Սոցիոլոգիան գիտություն է հասարակության մասին: Ի տարբերություն մյուս հասարակական գիտությունների, որոնք ուսումնասիրում են հասարակական կյանքի այս կամ այն կողմը, սոցիոլոգիան ուսումնասիրում է հասարակությունն ամբողջությամբ: Սոցիոլոգիայի ուսումնասիրության առավել գործնական բնագավառներն են անհատի և հասարակության փոխհարաբերությունները, սոցիալական ինստիտուտները և նրանց գործառույթները, այն ամենը, ինչ տեղի է ունենում սոցիալական իրականության մեջ: Սոցիոլոգիան հայտնաբերում է հասարակության զարգացման օրենքներն ու օրինաչափությունները, որոնք մարդկանց համար ուղեցույցի դեր են կատարում հասարակությունը ճանաչելիս: Սոցիոլոգիան նաև մարդկանց զինում է հասարակության ուսումնասիրման յուրահատուկ տեխնոլոգիայով, որի անունն է սոցիոլոգիական հետազոտություն և որից օգտվում են բոլոր նրանք, ովքեր ուզում են գիտական փաստեր ունենալ մարդկանց համատեղ կյանքի մասին:

«Սոցիոլոգիա» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել գիտակրթական հաստատություններում, տնտեսության բոլոր այն հատվածներում, որտեղ իրականացվում են շուկային վերաբերող (մարքեթինգային) հետազոտություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում և քաղաքական քարոզարշավներով զբաղվող օղակներում, ԶԼՄ-ներում:

Կոնֆլիկտաբանությունը գիտություն է, որն զբաղվում է տարաբնույթ կոնֆլիկտների ուսումնասիրմամբ, վերջիններիս առաջացման պատճառների և հետևանքների վերլուծությամբ, ինչպես նաև դրանց կանխարգելման, կարգավորման և լուծման մեխանիզմների մշակմամբ: Կոնֆլիկտաբանությունը զբաղվում է ինչպես միջանձնային, այնպես էլ խմբային և հասարակական կոնֆլիկտներով: Խոսքը սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա կոնֆլիկտների մասին է:

Կոնֆլիկտաբան շրջանավարտները կարող են աշխատել պետական և ոչ պետական կառույցներում, որոնք առնչվում են միջպետական, համայնքային, մշակութային, միջանձնային հարաբերություններին, ազգային անվտանգության հիմնախնդիրներին: Նման խնդիրների լուծմամբ զբաղվում են տարբեր նախարարություններ, գործակալություններ, աշխատանքի պետական տեսչությունը, մասնագիտական-խորհրդատվական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները և այլն:

PR-ը ժամանակակից աշխարհում առավել մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից է, որը նպաստում է կազմակերպությունների և իրենց հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների ապահովմանը, տեղեկատվական հոսքերի կառավարմանը, հասարակությունում կազմակերպության հեղինակության հաստատմանը:

PR-ի շրջանավարտները կարող են աշխատել որպես հասարակայնության հետ կապերի PR մասնագետ, PR-մենեջեր, պետական և մասնավոր կառույցներում PR-խորհրդատու, կազմակերպության լրատվական ծառայության աշխատակից, ղեկավար, փորձագետ, ինչպես նաև նշված մասնագիտության շրջանակներում կարող են դասավանդել մասնագիտական կրթական հաստատություններում:

Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները՝ ուժեղացնելով նրանց նոր գիտելիքներով ու հմտություններով, ավելի ներդաշնակ դարձնելով միջավայրի հետ նրանց փոխհարաբերությունները: Սոցիալական աշխատողի միջամտության արդյունքում բարելավվում է մարդկանց սոցիալական գործառնումը, հաղթահարվում են նրանց կյանքում առաջացած դժվարությունները:

«Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել սոցիալական ապահովության և պաշտպանության ծառայություններում` խնամքի հաստատություններում, դպրոցներում, հիվանդանոցներում, բանտերում ու դատարաններում, դասավանդել մասնագիտական կրթական հաստատություններում և այլն:

«Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» մասնագիտացման շրջանավարտները կարող են աշխատել սոցիալական քաղաքանության մշակման ոլորտում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ազգային ժողովին կից հանձնաժողովի փորձագիտական խումբ, հասարակական, բարեգործական, հանրային նշանակության կազմակերպություններ, ինչպես նաև սոցիալական ծառայությունների վարչական աշխատողներ:

Ֆակուլտետի դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում: Սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդելու նպատակով արտասահմանից հաճախակի հրավիրվում են բարձրակարգ մասնագետ-դասախոսներ: Ֆակուլտետը միջազգային գիտական համագործակցություն է իրականացնում տարբեր երկրների` Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Հնդկաստանի հայտնի համալսարանների, ԱՄՆ-ի Քոնեքթիքութի և Ջորջ Մեյսոն համալսարանների հետ: Իրականացվում են համատեղ ծրագրեր Լոնդոնի Բաց համալսարանի հետ: Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը սերտորեն համագործակցում է Քոնեքթիքութի Սոցիալական աշխատանքի բարձրագույն դպրոցի հետ` երկու համալսարանների մագիստրատուրայի ուսանողների համար կազմակերպում է on-line դասընթաց, որի ավարտից հետո ուսանողների փոխադարձ այցելություն է կատարվում Հայաստան և ԱՄՆ, բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու Գերմանիայի Մյունստեր քաղաքում կազմակերպվող ամենամյա Ամառային դպրոցի աշխատանքներին:

«Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ կարելի է ստանալ նաև սովորելով հեռակա ուսուցման բաժնում, որտեղ ուսուցումը 5 տարի է, իսկ լսարանային պարապմունքները տևում են տարեկան 8 շաբաթ:

Սոցիալական աշխատանքի գծով ուսման կարևոր մաս է կազմում մասնագիտական պրակտիկան, որը տևում է 4 կիսամյակ: Այն կազմակերպվում է հանրապետության տարբեր սոցիալական ծառայություններում, որտեղ երկու ղեկավարների հսկողությամբ ուսանողները յուրացնում են մասնագիտական անհրաժեշտ հմտություններ: Բացի այդ, ուսանողներն ունեն նաև ամառային պրակտիկայի հնարավորություն, որը կազմակերպվում է Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում:

Ֆակուլտետին կից գործում է օտարալեզու հարուստ մասնագիտական գրադարան, որն ուսանողներին հնարավորություն է տալիս յուրացնելու համապատասխան նյութը, կատարելու գիտահետազոտական աշխատանք: Ֆակուլտետին կից ստեղծվել և գործում են նաև հեռաուսուցման լաբորատորիան` □Սոցիալական աշխատանք□, □PR□, «HR» (մարդկային ռեսուրսների կառավարում), □Սոցիալական մանկավարժություն□, □Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն□ մասնագիտություններով, որն ունի մասնաճյուղեր ՀՀ տարբեր քաղաքներում, Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիան, Տարածաշրջանային ինտեգրացիայի և կոնֆլիկտների լուծման կենտրոնը:

Ուսումնական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպման գործում ֆակուլտետը համագործակցում է ինչպես ներհամալսարանական, այնպես էլ հանրապետության տարբեր կառույցների հետ:

Ֆակուլտետում գործում են «Ոսանողական գիտական ընկերությունե, «Ուսանողական խորհուրդե, «Երիտասարդ համալսարանականների միությունե ուսանողական կառույցները, որոնք ուսանողների առօրյան դարձնում են բազմակողմանիորեն հագեցված: