Պատմում է ինքը՝ Րաֆֆին:
Մասնագիտության ընտրությունը միանշանակ էր. վստահ եմ՝ ԵՊՀ-ի տված գիտելիքների շնորհիվ կդառնամ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, ինչին միշտ ձգտել եմ:
Ես երևի այն եզակի դիմորդներից էի, որ վաղ հասակում արդեն իսկ կողմնորոշվում են մասնագիտության ընտրության հարցում: Ինձ համար անչափ հետաքրքիր էին կենսաբանական համակարգերի քիմիական հիմքերը, և դրանց մասին համակողմանի գիտելիքներ ստանալու համար ընտրեցի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: Լինելով ավարտական կուրսի ուսանող՝ վստահաբար կարող եմ ասել՝ դա կյանքիս լավագույն ընտրությունն էր։
Փորձում եմ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել նաև արտահամալսարանական միջավայրում՝ մասնակցելով տարբեր ծրագրերի:
Չնայած համալսարանական գերհագեցած կյանքին՝ փորձում եմ մասնակցել տարբեր ծրագրերի: Այս տարի ավարտեցի ամառային 3 դպրոց, որոնց շրջանակում ստացած գիտելիքները ևս մեկ անգամ ամրապնդեցին իմ այն համոզումը, որ կատարել եմ մասնագիտության ճիշտ ընտրություն։ Հպարտ եմ, որ որպես ժյուրիի անդամ ներգրավված եմ դպրոցական օլիմպիադաներից մեկում, որին, ի դեպ, ժամանակին մասնակցել եմ որպես աշակերտ:
Լինելով ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ՝ փորձում եմ կառույցի անդամների շրջանում մեծացնել գիտության նկատմամբ հետաքրքրությունը:
Կենսաբանական գիտությունները մեր օրերում հանրամատչելի դարձնելը չափազանց արդիական խնդիր է, և մեր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այս տեսանկյունից ունի առանցքային նշանակություն: Մտադիր եմ ուսանողական կառույցում իմ ծավալած գործունեությամբ ոգեշնչել ուսանողներին և մեծացնել նրանց հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ միաժամանակ ցույց տալով գիտության հետ կապված գաղափարներն իրագործելու ուղիները:
Լիահույս եմ, որ ավարտական աշխատանքիս շրջանակում կատարած հետազոտությունները հետագայում կիրառական մեծ նշանակություն կունենան:
Իմ հետաքրքրությունների շրջանակում մեծ տեղ են զբաղեցնում ոլորտային հետազոտությունները: Ավարտական աշխատանքս նվիրված է կենսապլաստիկ արտադրող մանրէներին։ Աշխարհում աճում է ոչ սինթետիկ պլաստիկների պահանջարկը, և սինթետիկներից ազատվելուն ուղղված քայլերն առավել շեշտակի են դարձել։
ԵՊՀ-ն լավագույն հնարավորություններ ընձեռող կառույց է, հատկապես ուսանողների համար:
Համալսարանում ուսանելու տարիներին լիարժեք պատկերացում կազմեցի ապագա մասնագիտությանս և դրա ընձեռած հնարավորությունների մասին։ ԵՊՀ-ում ուսանելիս, ձեռք բերելով ակադեմիական գիտելիքներ, միաժամանակ հնարավորություն ես ունենում ծանոթանալու բարձր արժեքների կրող այնպիսի անհատների հետ, որոնք օրինակելի են թե՛ որպես մարդ, թե՛ որպես գիտնական:
Մարինե Մկրտչյան