26.02.2021 | 
Կրթություն
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր ուսանողների համար կազմակերպվել էր բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական վերահսկողության հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություն:

Դասախոսության հյուրն էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը, որը բավականին մանրամասն պատասխանում էր ուսանողների հարցերին և կոնկրետ օրինակներով ներկայացնում ոլորտում առկա խնդիրները:

Մագիստրանտների համար կազմակերպված հանդիպման հիմնական նպատակն էր, բացի տեսական գիտելիքներից, ուսանողներին ներկայացնել նաև ոլորտի գործնական հատվածում իրականացվող գործընթացները:

 

Դասախոսության թեման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրավակարգավորումներն էին, օրենսդրության մեջ և պրակտիկայում դրանց առանձնահատկությունները, բացերն ու խնդիրները:

 

Նախաձեռնության հեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ Օլիմպիա Գեղամյանը նշեց, որ նմանօրինակ դասախոսությունները շատ կարևոր են հատկապես մագիստրատուրայի ուսանողների համար:

 

«Այս հանդիպումները և՛ ուսանողներին, և՛ արդեն իսկ կայացած մասնագետներին հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացնելու այն թերություններն ու բացերը, որոնք հանդիպում են պրակտիկայում օրենքը կիրառելիս: Տվյալ կառույցի աշխատանքը և ընդհանրապես բնագավառը լիարժեք հասկանալու համար պետք է համադրենք օրենքն ու գործնական կիրառությունները: Ուրախ եմ, որ ներկայումս նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ու լրացումները մշակելու գործընթացով: Այն կօգնի պրակտիկ մասնագետներին և տեսաբաններին լսարանում էլ ավելի խորքային և լիարժեք գիտելիքներ հաղորդել ուսանողներին»,- ասաց Օլիմպիա Գեղամյանը:

 

Դասախոսն ընդգծեց նաև, որ առաջիկայում էլ նախատեսում է դասախոսություններում ներգրավել ոլորտի գործող մասնագետներին, քանի որ ուսանողները գործնական գիտելիքների բաց ունեն. «Ուսանողները մեծ ոգևորվածությամբ են մասնակցում նմանատիպ դասախոսությունների և միշտ լավ պատրաստված են լինում»:

 

Արմինե Վարդանյանն էլ հավելեց, որ նախարարությունը երբեք չի մերժում ՀՀ բուհերի ներկայացրած գործնական պարապմունքներ անցկացնելու դիմումները. «Յուրաքանչյուր տարի նախարարության տարբեր բաժիններում պրակտիկանտ ուսանողներ ունենք, որոնք ծանոթանում են օրենքներին, մասնագետների հետ մասնակցում փորձաքննական գործընթացին և հանրային քննարկումներին: Նախարարության մասնագետներն ուսանողներին մեծ սիրով աջակցում են նաև դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պատրաստման գործում»:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին:
ՌԴ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑ» ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) ներկայացուցիչների հետ։