23.03.2022 | 
Ուսանողական
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, համագործակցելով ֆակուլտետների հետ, կազմակերպել է ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների դեկանների և Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտների միջև հանդիպումներ՝ նպաստելու ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ու իրազեկմանը:

Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված հանդիպումներին ներկա էին ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների դեկանները: Վերջիններս աշակերտներին ներկայացրին մայր բուհի կառուցվածքը, գործունեությունը, ներֆակուլտետային աշխատանքները և պատասխանեցին աշակերտների հարցերին:

 

 

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յ. Հակոբյանը աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերը, ամբիոնները. «Կարծում եմ՝ նմանատիպ այցերը արդյունավետ են և օգնում են դպրոցականներին մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվել»:

 

 

 

Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին նաև ֆիզիկայի ֆակուլտետ: Ֆակուլտետի դեկան Ռ. Հակոբյանն օրեր առաջ այցելել էր դիմորդներին. «Բոլորովին վերջերս եղա Վարդենիսի ավագ դպրոցում, ներկայացրի ֆակուլտետը և նրա գործունեությունը, իսկ այսօր աշակերտները հնարավորություն ունեցան անձամբ լինելու ֆիզիկայի ֆակուլտետում»: Դեկանն աշակերտներին ուղեկցեց ֆակուլտետի գործող լաբորատորիաներ՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքներին:

 

 

 

Այնուհետև աշակերտներն այցելեցին կենսաբանության ֆակուլտետ, շրջեցին ֆակուլտետի յոթ ամբիոններով: Ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը կարևորեց մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպվող նմանատիպ այցերը. «Սա հնարավորություն է, որ աշակերտները ավելի մանրամասն ծանոթանան, թե ինչ հետազոտություններ են արվում ֆակուլտետի յուրաքանչյուր լաբորատորիայում, և հետագայում ինչ մասնագիտություններ կարող են ձեռք բերել` ընդունվելով այս ֆակուլտետ»:

 

 

 

Վերջում աշակերտները եղան  տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: «Այսպիսի այցերը  յուրօրինակ կապ են ապահովում  դպրոցի և համալսարանի միջև: Մենք կարողանում ենք ապագա ուսանողների հետ նախապես շփվել, հասկանալ նրանց կարիքները, իսկ նրանք փորձում են պատկերացում կազմել տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասին»,-ասաց Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն  Խաչատրյանը:

 

 

Աշակերտների համար «Բիզնես միջավայրի նկարագրություն. բիզնեսի կարևորությունը տնտեսության մեջ» թեմայով դասախոսություն կարդաց տնտես․ գիտ․ թեկնածու, դոցենտ Նոննա  Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում աշակերտները բանախոսներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։