15.10.2019 | 
Կրթություն
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:

«Փախստականների իրավունք» խորագրով դպրոցի նպատակն է խթանել փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական կրթության առաջընթաց զարգացումն ու հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական կլինիկաների միջև սերտ համագործակցությունը։

 

Այս տարի դպրոցի մասնակիցների շարքում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Գավառի պետական, Գյումրու «Պրոգրես» և Երևանի «Հայբուսակ» համալսարանների իրավաբանական կլինիկաների 27 ուսանողներ:

 

«Փախստականների իրավունք» խորագրով դպրոցի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՄԱԿ ՓԳՀ-ի դերը և Հայաստանում վերջինիս գործունեության ուղղությունները, փախստական հասկացության սահմանումը միջազգային իրավական և ներպետական փաստաթղթերով, պարզաբանվել են փախստականի կարգավիճակի ճանաչման, բացառման և դադարեցման հետ կապված հարցերը միջազգային իրավունքում և ՀՀ-ում, քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի հետ կապված առանձնահատկությունները և այլն:

 

 

Դասընթացի ընթացքում քննարկվել են նաև մասնակիցների առաջիկա ծրագրերը՝ ուղղված փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության և հանրապետության իրավաբանական կլինիկաների միջև համագործակցության զարգացմանը: Բացի դրանից՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն հաջորդ տարի «Փախստականների իրավունք» խորագրով հոբելյանական 10-րդ դպրոցն ավելի ընդգրկուն և լայնամասշտաբ անցկացնելու վերաբերյալ։

 

 

Դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել Հայաստանի պետական կառույցների, տարբեր ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Դասախոսությամբ հանդես է եկել նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը։

 

Եռօրյա դպրոցի ընթացքում կազմակերպվել է նաև «Փախստականների միջազգային իրավական և ներպետական պաշտպանությունը» վերտառությամբ ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որը ՄԱԿ ՓԳՀ-ի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի աջակցությամբ հեղինակել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը:

 

 

Դպրոցի մասնակից ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը փաստել են, որ ձեռնարկն արդյունավետորեն օգտագործվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների կողմից միջազգային իրավական մասնագիտացման նույնանուն մագիստրոսական դասընթացի շրջանակում, ինչպես նաև ԵՊՀ և հանրապետական այլ բուհերի իրավաբանական կլինիկաների ուսանողների կողմից ՀՀ ավագ և միջնակարգ դպրոցներում «Իրավունք բոլորի համար. Փախստականների իրավունք» կլինիկական ծրագիրն իրականացնելիս։

 

«Փախստականների իրավունք» խորագրով դպրոցի ավարտին ուսանողների համար կազմակերպվել է արդեն ավանդույթ դարձած այց դեպի Տավուշի մարզի Գոշ գյուղ, որտեղ տեղակայված է հայ գիտնական, մանկավարժ, առակագիր և օրենսգիր, «Գիրք դատաստանի» երկի հեղինակ, վարդապետ Մխիթար Գոշի կողմից կառուցված՝ մշակույթի, կրոնի և կրթության նշանավոր կենտրոն Գոշավանքը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

 

Այլ նորություններ
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։