Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն հնարավորություն է տալիս համեմատելու և համադրելու ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ: Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA) օգնում է վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրներն ու բացթողումները, որը կարող է արդյունավետ հիմք հանդիսանալ կրթության քաղաքականության մշակման համար:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, PISA ստուգատեսն անցկացվում է 15 տարեկան աշակերտների շրջանում գիտելիքների և հմտությունների ստուգմամբ՝ թեստային առաջադրանքների տարբերակով: PISA-ի առաջադրանքները 4 ուղղությամբ են կազմվում՝ ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն և համակարգչային իմացություն:
Նրա խոսքով, բացի վերոնշյալ բնագավառներից, ստուգատեսում երբեմն ընդգրկվում են նաև այլ ոլորտներ: «Օրինակ՝ 2015 թվականին ստուգատես է անցկացվել նաև ֆինանսական գրագիտությունից։ Փորձել են պարզել, թե ինչպես են աշակերտները համագործակցում տարբեր ուսումնական խնդիրներ լուծելու հարցում։ 2018 թվականին նոր բնագավառ է լինելու ստուգատեսում՝ գլոբալ կոմպետենցիան։ Հայաստանի նման երկրի համար դժվար կլինի այս ստուգատեսում բարձր արդյունքներ ապահովելը, քանի որ մեր կրթական համակարգում ավելի կարևորվում են գիտելիքի մեխանիկական վերարտադրությունը, պարզունակ թեստերը։ Իսկ PISA-ի դեպքում ավելի բարդ և ժամանակակից աշխատաշուկայում և հասարակությունում պահանջվող հմտություններ են ստուգվում: Այսինքն՝ մեր աշակերտների համար PISA-ի առաջադրանքները շատ անսովոր են լինելու: Բայց մյուս կողմից՝ Հայաստանի համար գործող ծրագրերը PISA-ին համապատասխանեցնելու հնարավորություն կլինի»,-ընդգծեց բանախոսը:
Ս. Խաչատրյանը թեև դրական գնահատական է տալիս և կարևոր քայլ է համարում Աշակերտների միջազգային գնահատման (PISA) ծրագրին անդամակցելը, սակայն կարծում է, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանն առաջընթաց ունենա այս ոլորտում։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Արևիկ Ղազարյանի խոսքով, Աշակերտների միջազգային գնահատման (PISA) ծրագիրը միջազգային գնահատման և վերլուծական գործիք է:
«Այս ծրագիրը հնարավորություն կտա համեմատելու ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ, ինչպես նաև այն համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին: Ծրագրին անդամակցելը ևս մեկ փորձ է միջազգային ասպարեզում դրսևորվելու և ինտեգրվելու համար, քանի որ բարեփոխումների համատեքստում կազմակերպվում են մի շարք գործընթացներ, որոնց նպատակը միջազգային կրթական տարածքում արժանապատիվ ներկայանալն է»,- հավելեց նա:
Ա. Ղազարյանը նշեց, որ Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA) կօգնի վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրները և աստիճանաբար շտկել դրանք: «Այն աշակերտներին հնարավորություն կտա համեմատելու սեփական գիտելիքներն այլ երկրների աշակերտների գիտելիքների հետ, ինչպես նաև ի հատ բերելու սեփական ձեռքբերումները և բացթողումները»,- ընդգծեց նա:
Ըստ բանախոսի՝ համակարգչային իմացության ստուգատեսը և՛ նպատակային է, և՛ շատ ճիշտ, քանի որ համակարգչի միջոցով է աշակերտը մասնակցելու այդ ստուգատեսին:
Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան: Ա. Ղազարյանի խոսքով, որպեսզի Հայաստանն էլ հետ չմնա հարևան երկրներից, նպատակահարմար է, որ մեր երկիրն էլ մասնակցի Աշակերտների միջազգային գնահատման (PISA) ստուգատեսին:
Նշենք, որ PISA համակարգով իրենց գիտելիքներն են ստուգել աշխարհի շուրջ 80 երկրներից ավելի քան 549 հազար սովորողներ, այդ թվում՝ 44-ը միջին եկամուտներ ունեցող: Մինչև հունիս PISA-ի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
Համակարգին անդամակցում են կրթության ոլորտում առաջատար համարվող մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սինգապուրը, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի երկրները: Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան և այլն:
Նադեժդա Տեր-Աբրահամյան