Հանդիպման նպատակն էր նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև դեպի ԵՊՀ ուղղորդելուն: Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց էին այցելել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի փոխտնօրեն Սամվել Վարդապետյանը, Ֆարմաքիմիայի և ֆարամակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս Սոնա Գուլյանը, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Աննա Ալեքսանյանը, Պատմության ֆակուլտետի դասախոս Կարինե Եղիազարյանը, Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Մանան Ասիկյանը:
Այցի շրջանակում ԵՊՀ դասախոսները ոչ միայն դասախոսություններ են կարդացել, այլև զրուցել են ուսուցիչների հետ, օգնել մեթոդական և այլ հարցերով, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Աննա Ալեքսանյանը նշեց, որ աշակերտների հետ հանդիպումը շատ հետաքրքիր և արդյունավետ էր. «Աշակերտների հետ հանդիպման ընթացքում զրուցեցինք՝ ինչո՞ւ է կարևոր դառնալ սոցիալական մանկավարժ, ինչո՞վ է կարևորվում սոցիալական մանկավարժի դերը հայ հասարակությունում: Ներկայացրինք այն փաստը, որ սոցիալական մանկավարժը հետազոտող մասնագետ է, ով կատարում է բազմաթիվ հետազոտական աշխատանքներ, անձի սոցիալականացման գործընթացում բացահայտում է տարաբնույթ խնդիրներ և փորձում է լուծումներ տալ դրանց: Խոսեցինք նաև դաստիարակչական խորհրդատվության մասին, որը կազմում է սոցիալական մանկավարժի գործունեության և աշխատանքի առանցքը: Դաստիարակչական խորհրդատվությունը նպաստում է անձի սոցիալականացմանը»:
Ա. Ալեքսանյանը, խոսելով հանդիպման տպավորությունների մասին, նշեց, որ դպրոցականները շատ ակտիվ էին մասնակցում քննարկմանը և բավականին հետաքրքիր հարցադրումներ էին կատարում: «Մեր զրույցի նպատակն էր օգնել աշակերտներին հստակեցնել իրենց մասնագիտական կողմնորոշման հարցերը»,-հավելեց նա:
Մանան Ասիկյանն աշակերտների հետ հանդիպման ընթացքում զրուցեց կյանքի ծագման թեմայի շուրջ: Բանախոսը ներկայացրեց ՝որտեղից է առաջացել մեր մոլորակը, այդ թեմայի վերաբերյալ ինչ վարկածներ կան և որոնք են հաստատված:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի փոխտնօրեն Սամվել Վարդապետյանն աշակերտների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը: «Մեր գիտակրթական ինստիտուտն ունի շատ ավելի լայն լիազորություններ, քան ֆակուլտետները: Մենք ծավալում ենք ոչ միայն կրթական և գիտական գործունեություն, այլ նաև իրականացնում ենք նորարարական ծրագրեր»,-հավելեց նա: