09.12.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈԻՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈԻՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ օրակարգային երեք և ընթացիկ հարցերով:

Արտահերթ նիստի օրակարգային առաջին հարցով կազմակերպվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար համալսարանի ստորաբաժանումից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուի ընտրություն:

 

Տեղեկացնենք, որ Հոգաբարձուների խորհուրդը որոշում էր կայացրել դադարեցնել պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածու, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Փոլադյանի լիազորությունները՝ ելնելով նրա ընտրության ընթացակարգի հետ կապված քննարկումներից ու հետագայում իրավական խնդիրներից խուսափելու անհրաժեշտությունից:

 

 

ՀԽ կազմի թափուր պաշտոնը ստանձնելու համար կրկին առաջադրվել էր Աննա Փոլադյանը, որի թեկնածությունը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն: Ձայների 56 կողմ և 13 դեմ համամասնությամբ գիտխորհուրդը որոշեց Աննա Փոլադյանին ընտրել որպես «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համալսարանական անդամ:

 

 

Անցնելով օրակարգային երկրորդ հարցին՝ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվեց ԵՊՀ գիտական խորհրդի էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

 

Աշխատակարգի ընդհանուր դրույթները, հանձնաժողովի՝ դրանով սահմանվող իրավասություններն ու տարբեր գործընթացների ընթացակարգերը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ, իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության հանձնաժողովի անդամ Արմեն Թադևոսյանը:

 

Նա փաստեց, որ ԵՊՀ գիտական խորհրդին կից էթիկայի մշտական հանձնաժողովն էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հաղորդումների հիման վրա հարուցելու է ԵՊՀ գիտական խորհրդին եզրակացություն տրամադրելու վերաբերյալ վարույթներ, ներկայացնելու է առաջարկություններ ԵՊՀ-ում էթիկայի կանոնների պահպանման վերաբերյալ ծագած հարցերի շուրջ, ինչպես նաև տալու է պարզաբանումներ էթիկայի կանոնների կամ առանձին կանոնի վերաբերյալ:

 

 

Արմեն Թադևոսյանն օրակարգային վերջին հարցի շրջանակում էլ գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ բարեվարքության (էթիկայի) կանոնագիրքը, որով սահմանվում են ԵՊՀ կառավարման մարմինների, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատողների և սովորողների բարեվարքության (էթիկայի) կանոնները: Նա փաստեց, որ առաջարկվող կանոնագրքով համալսարանի կառավարման մարմինների, պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատողների համար սահմանվել է էթիկայի տասը, իսկ ուսանողների համար՝ չորս կանոն:

 

Ծավալված քննարկումներից հետո գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված նախագծերը:

 

 

Օրակարգային հարցերի սպառումից հետո ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը գիտական խորհրդին ներկայացրեց նոր անվանական կրթաթոշակներ հաստատելու հարցը՝ փաստելով, որ Ֆարմացիայի ինստիտուտը ներկայացրել է անվանական 3 նոր կրթաթոշակ, մեկ ուսանողի վարձավճարի 50%-ի փոխհատուցում, իսկ Սոցիոլոգիայի ֆակուլտետը ներկայացրել է անվանական 1 նոր կրթաթոշակ: Գիտխորհուրդը հաստատեց ներկայացված անվանական կրթաթոշակները:

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։