26.05.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԽ ՆԻՍՏԸ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԳԽ նիստ՝ օրակարգային 8 և ընթացիկ հարցերով: Նիստի ընթացքում ծավալվեցին քննարկումներ գիտական կոչումների շնորհման, մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցում) ընդունելության կարգի, պրակտիկայի կազմակերպպման, հետազոտական աշխատանքի կատարման, միաձուլված ամբիոնների նոր անվանումների և այլ հարցերի շուրջ:

Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց այն ծրագրերի ու գաղափարների մասին, որոնք քննարկվել են գործընկերների ու բարերարների հետ, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնց ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

 

 

Նիստի օրակարգը հաստատելուց առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց «Երևանի պետական համալսարանում շահերի բախման բացահայտման և սահմանափակման» կանոնակարգը հաստատելու հարցը հանել օրակարգից՝ հաշվի առնելով ստացված բազմաթիվ առաջարկությունները, որոնք պետք է հավելյալ քննարկում անցնեն։ Նա հավելեց, որ նման կանոնակարգ առաջին անգամ է ներկայացվում, ըստ այդմ՝ ճիշտ կլինի այն հնարավորինս լավ մշակել։ Գիտական խորհուրդը հավանության արժանացրեց առաջարկը՝ հաստատելով նոր օրակարգը։

 

Առաջին հարցի շրջանակում ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց պրոֆեսորի 1 և դոցենտի 3 գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից:

 

 

Գիտական կոչումների շնորհման հայցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով՝ Սամվել Վարդապետյանի գլխավորությամբ, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:

 

Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցում) ընդունելության» կարգը՝ փաստելով, որ այն հնարավորություն է տալիս իրականացնելու կարգավորումներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ուսումնական տարվա առանձնահատկությունները։ Նախագծի դրույթների ներկայացումից հետո հնչեցին առաջարկություններ ու կարծիքներ, որից հետո հաստատվեց կարգը։

 

 

Հ. Ժամհարյանը ներկայացրեց նաև «Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգում փոփոխություն կատարելու հարցը, որը ևս հավանության արժանացավ ԵՊՀ գիտական խորհրդի կողմից։

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմակերպման (նոր խմբագրություն)» կանոնակարգը։

ԵՊՀ գիտական խորհուրդը քննարկեց և հավանության արժանացրեց նաև «Երևանի պետական համալսարանում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգը (նոր խմբագրություն)»։

 

ԵՊՀ իրավաբանական ծառայության պետ Արմեն Թադևոսյանը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարանի ռեկտորատի կանոնակարգը (նոր խմբագրություն)», որով սահմանվում են ռեկտորատի գործունեության կարգը, իրավասությունը, նիստերի անցկացման կարգն ու պայմանները:

 

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա ԵՊՀ մագիստրոսական կրթական նոր ծրագրերի ուսման վարձավճարների չափերը, որոնք հաստատվեցին ԳԽ-ի կողմից։

 

 

Հաջորդիվ գիտական խորհուրդը քննարկեց ԵՊՀ երկու ամբիոնի՝ միաձուլման եղանակով վերակազմակերպելու մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու հարցը։

Առաջարկվեց ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի միաձուլում Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և Հայ նորագույն գրականության պատմության ամբիոններին՝ վերակազմակերպելով Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ու Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնների։

 

ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ նախորդ նիստին այս հարցը քննարկվել էր, այժմ ներկայացվել է ֆակուլտետային քննարկումների արդյունքում որոշված ամբիոնի վերջնական անվանումը։ Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված առաջարկությունը։

 

Բացի դրանից՝  ԳԽ հաստատմանը ներկայացվեց առաջարկություն՝ ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ու Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնները միաձուլման եղանակով վերակազմակերպելու Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի, մոլեկուլային կենսաֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի:

Ամբիոնի անվանման շուրջ ծագած բազմաբնույթ քննարկումներից հետո ԵՊՀ ռեկտորն առաջարկեց հետաձգել առաջարկության հաստատումը՝ այն տեղափոխելով հաջորդ նիստի օրակարգ։

Օրակարգային հարցերի սպառումից հետո Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց գիտխորհրդին կից իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության մշտական հանձնաժողովի կազմի համալրման և մրցութային հանձնաժողովի կազմի փոփոխության մասին։

 

Այնուհետև ԳԽ-ն հավանության արժանացրեց հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար «ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի» կոչում շնորհելու առաջարկությունը։ Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գիտնականը՝ որպես հիմնական բանախոս, հանդես է գալու ԵՊՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։

 

Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատեց նաև ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի առաջարկով 326 լսարանը ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանի անվամբ կոչելու հարցը։

Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Վարդապետյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ԳԽ-ն հաստատել է գիտական կոչումների շնորհման բոլոր հարցերը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: