05.10.2022 | 
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՂ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ»․ Կ․Գ․Թ․ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՂ ՈՐՈՇ ԲՈՒՍԱՏԵՍԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՄԵԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ»․ Կ․Գ․Թ․ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի՝ սննդի քիմիայի, տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Ագնեշկա Բարտոշեկը ««Նուտրի-» նախածանցով գենոմիկա. ինչո՞ւ է այն հետաքրքիր» թեմայով դասախոսություն կարդաց:

Դասախոսության թեմայի հիմքում «Բուսական ծագմամբ միացությունների ներուժը սննդի և կերերի արտադրության կոնսերվանտների և նոր՝ կենսաբանորեն ակտիվ հավելումների մշակման ոլորտում» գիտական թեման էր, որի արտասահմանյան խորհրդատուն է Գդանսկի համալսարանի պրոֆեսորը։

 

 

Գիտական թեմայի ղեկավար, ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Նաիրա Սահակյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ դասախոսության թեմայի կարևորությանը` նշելով, որ հայկական բուսական աշխարհը քիչ է ուսումնասիրվել, սակայն բարձրավանդակում աճող մեծաքանակ բույսերը սինթեզում են կենսաբանորեն ակտիվ այնպիսի միացություններ, որոնք չեն սինթեզում այլ վայրերում աճող բուսատեսակները: Ն․ Սահակյանի խոսքով՝ քիչ պատրաստուկներ կան, որոնք ունեն բնական հիմքեր:

 

 

Ընդգծելով համատեղ կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ գիտական թեմայի ղեկավարը նշեց․«Հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում աճող որոշ բուսատեսակներ, դրսևորելով բարձր հակաօքսիդանտություն, միևնույն ժամանակ ունեն հակամանրէային և հակաքաղցկեղային մեծ ակտիվություն որոշ բջջային մոդելների վրա, նույնիսկ այնպիսի բջջային գծերի, որոնք կայունություն ունեն ստանդարտ քիմիաթերապևտիկ պատրաստուկների նկատմամբ»,- նշեց Ն. Սահակյանը:

 

Խոսելով ուսումնասիրության կիրառական նշանակությունից`ավագ գիտաշխատողն ընդգծեց. «Ուսումնասիրելով հակաբակտերիական ակտիվությունը՝ որոշեցինք դիտարկել նաև հակաքաղցկեղային ազդեցությունը կայուն բջջային գծերի վրա: Արդյունքներն այնպես են զարմացրել մեր գործընկերներին, որ նրանք պատրաստվում են, մեզ հետ համագործակցելով, ավելի խոր ուսումնասիրություններ կատարել: Հույս ունենք՝ դեղագետների հետ կհամագործակցենք համապատասխան պատրաստուկների մշակման շրջանակում»:

 

 

Մեզ հետ զրույցում Ն․ Սահակյանը կարևորեց միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ համագործակցությունը, ինչը, նրա խոսքով, փորձի փոխանակման մեծ հնարավորություն է ընձեռում:

 

Նշենք, որ դասախոսությանը ներկա էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ, ուսանողներ և ասպիրանտներ։