27.06.2022 | 
Կրթություն, Մշակույթ
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնվեցին վկայականներ։

Միջոցառումը կազմակերպվել էր միջազգային առկա համագործակցության ամրապնդման և ԵՊՀ-ում կորեերենի դերի վերարժևորման նպատակով։

 

Ինչպես կորեական մշակույթին նվիրված առաջին ցերեկույթի ընթացքում, այնպես էլ այս անգամ դասընթացի քառասուն մասնակիցներին վկայականներ հանձնեց ՀՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Փաք Հի Սուն:

 

 

Փաք Հի Սուն, դիմելով դասընթացի մասնակիցներին, ասաց. «Շատ ուրախ եմ, որ հանդիպել եմ ձեզ Երևանի պետական համալսարանում՝ Հայաստանի առաջատար բուհում։ Հույս ունեմ՝ կորեերեն սովորելու շնորհիվ ձեր երազանքները կիրականանան: Շարունակե՛ք սովորել առավել ջանասիրաբար»:

 

ԵՊՀ-ում կորեերենի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Սյուզաննա Նավասարդյանը Փաք Հի Սուին հանձնեց շնորհակալագիր:

 

 

Ս. Նավասարդյանը շնորհակալագիր հանձնեց նաև ԵՊՀ կորեերենի հրավիրյալ դասախոս Ջոն Մունիին՝ ասելով, որ անգնահատելի է վերջինիս դերը գիտելիքների, կարողությունների և փորձի փոխանցման գործում:                              

 

Խոսելով ԵՊՀ-ում կորեերենի ուսուցման կարևորությունից և ուսանողների՝ լեզվի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից՝ Ս․ Նավասարդյանը նշեց. «Սկսած 2018 թվականից՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կորեերենի դասավանդման մեկնարկից ի վեր, համալսարանում պարբերաբար կազմակերպվել են կորեական մշակույթին նվիրված միջոցառումներ՝ նպատակ ունենալով ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու դրա նկատմամբ հետաքրքրությունը»:

 

Ֆակուլտետի դասախոս Հասմիկ Ճաղարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դասընթացին մասնակցել ցանկացողների թիվը բավականին մեծ է եղել:

 

 

«Ճիշտ է, դասընթացը բավականին խտացված էր, սակայն ութ ամիսների ընթացքում ուսանողները կարողացան ձեռք բերել փայլուն գիտելիքներ: Որպես փաստ կարող ենք նշել, որ դասընթացի մասնակիցներից մեկը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում անցկացված կորեերենի բանավոր խոսքի մրցույթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը»,- ասաց Հասմիկ Ճաղարյանը:

 

Հատկանշական է, որ դասընթացին մասնակցել են ոչ միայն համալսարանի ուսանողներ, այլև դպրոցականներ:

 

Վաղարշապատի N 1 հիմնական դպրոցի աշակերտ Արփի Մարտիրոսյանը, խոսելով դասընթացին իր մասնակցությունից, ասաց. «Դասընթացի մասին իմացել եմ սոցցանցերից մեկում տարածված հրապարակումից: Վստահաբար կարող եմ ասել, որ արդարացան իմ բոլոր սպասումները, և այս ամիսների ընթացքում կարողացա սովորել նոր լեզու, ինչը, կարծում եմ, կնպաստի ապագայի իմ նպատակների իրականացմանը»:

 

 

Ցերեկույթի հաջորդ հատվածում  մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանոթանալու կորեական խոհանոցին և վայելելու կորեական ազգային ուտեստներ` տոկբոկի և բուլգոգի։ Կորեական ուտեստների պատրաստման հարցում աջակցել էր ԲՊՀ կորեերենի դասախոս Կիմ Գյոնգ Հվան, ով ևս Ս․Նավասարդյանի կողմից արժանացավ շնորհակալագրի։

 

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։