17.11.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ` ներկայացնելով նկատառումներ նախագծի առավել խնդրահարույց դրույթների առնչությամբ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«2021 թվականի հոկտեմբերի 25-ին իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ)։

 

Նախագծի ընդունման հիմնավորումներում հատուկ նշվում է, որ Նախագիծը համապատասխանեցվել է Սահմանադրական դատարանի 02.08.2021 թվականի թիվ ՍԴՈ-1608 որոշման պահանջներին։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն Ազգային ժողովի կողմից 24.03.2021 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) և հարակից օրենքներն Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով (վերաբերում են հանրային բուհի կառավարման խորհրդի ձևավորման կարգին) ճանաչել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

 

Նախագծի և Օրենքի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ՍԴՈ-1608 որոշման հիման վրա կատարվել են որոշակի խմբագրումներ, ինչպես նաև այլ փոփոխություններ, որոնք ուղղակիորեն չեն բխում ՍԴՈ-1608 որոշման պահանջների կատարման անհրաժեշտությունից։

 

Այնուամենայնիվ, Նախագծի տեքստի և Օրենքի համադրված վերլուծությունը վկայում է, որ չնայած կատարված փոփոխություններին՝ Նախագծով ոչ միայն անտեսվել են ՍԴՈ-1608 որոշմամբ սահմանված դիրքորոշումները, և համարժեք չեն լուծվել վերհանված խնդիրները, այլև նույնությամբ կամ գրեթե նույնությամբ պահպանվել են Օրենքի այն կարգավորումները, որոնց խնդրահարույց լինելու վերաբերյալ նախկինում ներկայացվել են մանրամասն վերլուծություններ։ Ըստ էության, Նախագիծը չի համապատասխանում նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով ամրագրված իրավաբանական տեխնիկայի կանոններին։

 

Ստորև ներկայացված են Նախագծի առավել խնդրահարույց դրույթների առնչությամբ  մեր նկատառումները․

 

1. Օրենքով առաջարկվող հանրային բուհի կառավարման մոդելը Նախագծով  ենթարկվել է որոշակի փոփոխությունների։ Մասնավորապես, Օրենքով առաջարկվում էր հանրային բուհի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որի 9-ը անդամներից 5-ը, այսինքն՝ կեսից ավելին պետք է լինեն լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Բացի դրանից՝ Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում էր, որ կառավարման խորհրդի բուհի չորս անդամին սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի չառաջադրած անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ առանց նշելու, թե ի՞նչ սկզբունքով է լիազոր մարմնի ղեկավարն իրականացնելու համալրումը՝ ի՞ր հայեցողությամբ, թե՞ բուհի ակադեմիական խորհրդի կողմից առաջադրվող կառավարման խորհրդի անդամներին ներկայացվող պահանջների հաշվառմամբ։

 

Նախագծով այս կարգավորումները ենթարկվել են փոփոխության, և այժմ հանրային բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու տասներկու անդամից, որոնք ընտրվելու կամ նշանակվելու են հավասար համամասնությամբ՝ վեցը՝ բուհի ակադեմիական խորհրդի, վեցը՝ լիազոր մարմնի կողմից։

 

Բացի դրանից՝ Նախագծի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ Կառավարման խորհրդի բուհի վեց անդամին սահմանված ժամկետում չառաջադրելու դեպքում, համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը կառավարման խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար նշանակում է խորհրդի մինչև երկու ժամանակավոր անդամ՝ մինչև սահմանված կարգով կառավարման խորհրդի՝ բուհի առաջադրած անդամների համալրումը։ Ժամանակավոր անդամների լիազորությունները դադարում են նոր անդամների համալրման պահից։

 

Նախագծում, ինչպես և Օրենքում, բացակայում է այն հարցի որոշակի պատասխանը, թե ի՞նչ սկզբունքով է լիազոր մարմնի ղեկավարն իրականացնելու համալրումը՝ ի՞ր հայեցողությամբ, թե՞ բուհի ակադեմիական խորհրդի կողմից առաջադրվող կառավարման խորհրդի անդամներին ներկայացվող պահանջների հաշվառմամբ։

Ենթադրվում է, որ համապատասխան իրավակարգավորումների բացակայության պայմաններում ժամանակավոր անդամների նշանակման հարցում լիազոր մարմինն ունենալու է անսահմանափակ հայեցողություն։ Այդպիսի մոտեցումը խաթարում է բուհական ինքնավարության գաղափարը, ինչպես նաև կառավարման խորհրդում բուհի և լիազոր մարմնի հավասար ներկայացվածությունը երաշխավորելու Նախագծով առաջարկվող ընդհանուր սկզբունքը։

 

Նախագծի 27-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումների պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ տևական ժամանակ բուհը փաստացի կառավարվելու է բացառապես պետության կողմից, քանի որ կառավարման խորհրդի անդամները նշանակված են լինելու միայն լիազոր մարմնի կողմից։

 

Իհարկե, կառավարման խորհրդի կազմավորման հարցում հնարավոր խնդիրներից խւոսափելու համար անհրաժեշտ է սահմանել «ճգնաժամային կառավարման» վերաբերյալ համապատասխան կարգավորումներ, այնուամենայնիվ առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում Նախագծով հետապնդվող նպատակին։

 

Խնդիրը կարող է էլ ավելի խորանալ, եթե ժամանակավոր անդամների պաշտոնավարման ընթացքում խորհուրդը քննարկի ռեկտորի թեկնածուներին ընտրելու և լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնելու հարց։

 

Ուստի, որպես հնարավոր իրավաչափ լուծում, առաջարկում ենք այն դեպքերում, երբ բուհի ակադեմիական խորհուրդը չի առաջադրում իր անդամներին, ժամանակավոր անդամներ նշանակելու հարցում լիազոր մարմինն ունենա սահմանափակ հայեցողություն և նշանակի միայն բուհի ներկայացուցիչներ, ինչպես նաև մինչև կառավարման խորհրդի ամբողջական ձևավորումը, չքննարկվեն ռեկտորի թեկնածուների ընտրության, ինչպես նաև այնպիսի հարցեր, որոնք բուհի համար ունեն էական նշանակություն՝ կառավարման, ֆինանսավորման կամ կազմակերպակառավարչական տեսանկյունից։

 

Իհարկե, խիստ բացառիկ ֆորսմաժորային իրավիճակների համար Նախագծով կարող են սահմանվել բացառություններ։

 

2. Նախագծում բուհի կառավարման մարմինների ձևավորմանն առնչվող հարաբերությունների կարգավորումը թերի է և ոչ ամբողջական։ Մասնավորապես, ինչպես Օրենքը, այնպես էլ Նախագիծը չի կարգավորում այն հարցը, թե արդյո՞ք լիազոր մարմինը կարող է չհաստատել բուհի կառավարման խորհրդի անվանական կազմը, թե՞ հաստատելը նրա պարտականությունն է։

 

Այդպիսի պայմաններում հարց է առաջանում, թե արդյո՞ք լիազոր մարմինը պետք է ստուգի կառավարման խորհրդի ձևավորման օրինականությունը, որը, փաստացի, ex ante վերահսկողություն է և խաթարում է բուհական ինքնավարության ինքնակառավարման բաղադրատարրը։ Բացի դրանից՝ անհասկանալի է, թե ինչ է լինում այն դեպքում, եթե լիազոր մարմինը հանգում է այն եզրակացության, որ կազմը չի ձևավորվել պատշաճ կարգով, ինչ գործողություններ պետք է ձեռնարկի լիազոր մարմինը և ինչ՝ բուհը։ Լուծված չեն նաև այն հարցերը, թե ով պետք է խորհրդի կազմը ներկայացնի լիազոր մարմնի հաստատմանը, և ինչ ժամկետում պետք է կազմը հաստատվի։

 

Հավելենք, որ Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին։ Նախագծի 27-րդ հոդվածի 1-ին մասն առերևույթ չի բավարարում այս պահանջը։

 

3. Նախագծում պահպանվել է Օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե նրան նշանակած կամ ընտրած մարմինը նրան վաղաժամկետ ազատել է կառավարման խորհրդի անդամի պաշտոնից։ Այս կարգավորումը ուղղակի հակասության մեջ է ՍԴՈ-1608 որոշման հետ։ Մասնավորապես, ՍԴՈ-1608 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «Թեև Օրենքում տեղ են գտել որոշակի երաշխիքներ (ինչպիսիք են, օրինակ, այն, որ կառավարման խորհրդի անդամ չի կարող լինել անձը, որը որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է կամ զբաղեցնում է քաղաքական պաշտոն (Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր), և այդպիսի հանգամանքները դիտարկվում են իբրև կառավարման խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հիմքեր (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր), այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող դիտարկվել իբրև լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամի ինքնուրույնության արդյունավետ երաշխիքներ, առնվազն այն պատճառով, որ նշանակող մարմինն ունի նշանակած անդամներին պաշտոնից վաղաժամկետ ազատելու իրավասություն, և այդպիսի հանգամանքն Օրենքով դիտարկվում է իբրև կառավարման խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հիմք (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):

 

Այսպիսի կարգավորումների պարագայում, երբ հանրային բուհի կառավարման խորհրդի անդամների մեծամասնությունը նշանակվում և ազատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից, խիստ պատրանքային է դառնում հանրային բուհի կառավարման խորհրդի նշանակված անդամի ինքնուրույնությունը նշանակող մարմնից, իսկ այդպիսի ինքնուրույնություն դրսևորելու դեպքում, չբացառելով նշանակող մարմնի կողմից կառավարման անդամի ազատումը հենց վերջինիս ինքնուրույնության շարժառիթով պայմանավորված տեսական հնարավորությունը՝ ստեղծվում է իրավիճակ, երբ հանրային բուհի կառավարման խորհրդի մեծամասնությունն ընկնում (հայտնվում) է նշանակող մարմնից (լիազոր մարմնի ղեկավարից) կախվածության մեջ, որպես արդյունք՝ այդպիսով գործադիր իշխանությունից ուղղակի կախվածության մեջ է ընկնում հանրային բուհի կառավարման 3 մարմիններից մեկը»։

 

4. Հանրային բուհի կառավարման մարմինները Նախագծով շարունակում են մնալ գործադիր իշխանությունից կախվածության մեջ: Սա այն հիմնական խնդիրն է, որին հանգամանալից անդրադարձել է Սահմանադրական դատարանը 02.08.2021թ-ի թիվ ՍԴՈ-1608 որոշմամբ:

 

Այսպես, ի տարբերություն Օրենքի, բուհի կառավարման բարձրագույն մարմնի` կառավարման խորհրդում մասնակցությունը Նախագծով իբրև թե  հավասար է. 12 անդամից վեցը նշանակվում է բուհի ակադեմիական խորհրդի, վեցը` լիազոր մարմնի կողմից: Սակայն, լիազոր մարմնի կողմից նշանակվող անդամների համար սահմանված չէ որևէ չափանիշ: Արդյունքում, լիազոր մարմինն անսահմանափակ լիազորությամբ կարող է ցանկացած անձի նշանակել հոգաբարձուների խորհրդի անդամ: Բացի դրանից՝ հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են ցանկացած ժամանակ ազատվել պաշտոնից, ինչը դարձյալ մեծացնում է գործադիր իշխանության կամայական ազդեցության հնարավորությունները:

 

Առերևույթ կարող է թվալ, որ Նախագծով ապահովվում է պետական և բուհական մասնակցության համամասնությունը: Սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ ռեկտորի ընտրության հարցում հիմնական դերակատարումը հոգաբարձուների խորհրդից, ըստ էության, փոխանցվել է լիազոր մարմնին: Այսպես, ըստ Նախագծի, հոգաբարձուների խորհուրդը ոչ թե ընտրում և նշանակում է ռեկտորի, այլ կազմակերպում է ռեկտորի թեկնածուների ընտրության գործընթացը,  ընտրում և համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի նշանակմանն է ներկայացնում ռեկտորի մինչև երեք թեկնածու: Այսինքն, գործադիր իշխանությունն ունենում է ուղղակի դեր ռեկտորի նշանակման հարցում, և ինքն է ձևավորում հանրային բուհի գործադիր մարմինը:

 

Քանի որ հոգաբարձուների խորհրդի կազմում կեսը պետության ներկայացուցիչներն են, որոնք կարող են ցանկացած պահի, այդ թվում` ընտրություններից առաջ փոփոխվել, հավանականությունը, որ ընտրված երեք թեկնածուներից մեկը կլինի գործադիր իշխանության ուղղակի հավանությունը վայելող անձ, էականորեն մեծանում է: Արդյունքում, գործադիր իշխանությունը շղարշված մեխանիզմի միջոցով ստանում է ռեկտորի պաշտոնում նշանակման ենթակա անձին  կանխորոշելու գրեթե միանշանակ հնարավորություն:

 

5. Նախագծի 3-րդ հոդվածի 39-րդ կետում բուհական ինքնավարության բնորոշումը չի համապատասխանում 2021 թ. օգոստոսի 2-ի թիվ ՍԴՈ-1608 որոշմանը. «բուհական ինքնավարություն՝ բուհի ակադեմիական և կազմակերպական, այդ թվում՝ մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու գործառույթները ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավասություն»:

 

Մասնավորապես, հիշյալ որոշմամբ ծավալուն հիմնավորումներով միանշանակ արձանագրվել է. «Սահմանադրական դատարանը շեշտում է, որ ակադեմիական ազատությունն ունի մի քանի հայեցակետ (ասպեկտ). մի կողմից դիտարկվում է իբրև կրթության հիմնական իրավունքի բաղադրատարր, որն ուղղակիորեն առնչվում է նաև արտահայտվելու ազատության իրավունքի հետ, այսինքն` դրա կրողն են բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտները (ուսանողական ու գիտական-մանկավարժական կազմը), մյուս կողմից՝ այն դիտարկվում է ինստիտուցիոնալ առումով, իբրև բուհերի ինքնավարության տարր՝ ակադեմիական և հետազոտական՝ իրենց գործառույթներն իրացնելիս «արտաքին» միջամտություններից հնարավորինս ազատ լինելու տեսանկյունից»: Այսպիսով, Նախագծով անտեսվել է այն կարևոր սկզբունքը, որ բուհերի ինքնավարությունը ներառում է ոչ միայն ներկազմակերպական, այլև ինստիտուցիոնալ ասպեկտները:


Նույն հիմնավորումներով հարկ է լրամշակել Նախագծի 6-րդ հոդվածը՝ համապատասխանեցնելով այն Սահմանադրական դատարանի որոշման հետ։

 

6. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը հակասում է իրավական ակտերի աստիճանակարգության սահմանադրական կանոններին, մասնավորապես ենթաօրենսդրական ակտով չեն կարող սահմանվել օրենքին չհամապատասխանող կարգավորումներ, դա կարող է արվել բացառապես վավերացված միջազգային պայմանագրերով և այլ օրենքներով (Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր): Այս նորմը հակասում է նաև Սահմանադրական դատարանի 2021թ. օգոստոսի 2-ի թիվ ՍԴՈ-1608 որոշմանը, որով արձանագրված է. « Հաշվի առնելով նշված սահմանադրական երաշխիքը՝ Օրենքում օգտագործված «...սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով» ձևակերպումը պետք է ընկալվի այն իմաստով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքից բացի, նշված ինքնավարության շրջանակը կարող է սահմանվել միայն այն նորմատիվ իրավական ակտերով, որոնք իրենց իրավաբանական ուժով ցածր չեն օրենքից, ինչը, սակայն, չի բացառում արդեն իսկ օրենքով ուրվագծված շրջանակներում և դրանց հիման վրա օրենքից ավելի ցածր աստիճանակարգության նորմատիվ իրավական ակտերով մանրամասնումը:»:

 

Այսպիսով, այլ իրավական ակտերով կարող են օրենքով ուրվագծված շրջանակներում մանրամասնվել և դրանց հիման վրա կարգավորվել հարաբերություններ, սակայն դրանցով չեն կարող օրենքի նորմերին չհամապատասխանող նորմեր սահմանվել։ Ասվածը վերաբերում է նաև առանձնահատկություններին, քանզի դրանք ևս կարող են սահմանվել միայն օրենքով։

 

7. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված բարձրագույն կրթության և գիտության համակարգում քաղաքականության սկզբունքները, գերակայությունները և ուղղությունները համահունչ չեն Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված «Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակների» հետ: Մասնավորապես, այդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով համապատասխանաբար, այդ նպատակներից են ճանաչված՝ «անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը» և «հիմնարար և կիրառական գիտության զարգացումը»։

 

8. Նախագիծն առերևույթ հակասության մեջ է Սահմանադրության 2-րդ գլխի մի շարք հիմնադրույթների հետ։ Գիտագործնական տեսանկյունից այն չի կարող նպաստել գիտականության շարունակականության, ինչպես նաև նվազագույն խթանների երաշխավորմանը, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հետ ակնհայտ հակասություններ են ծագում։ Նախագծով պարզապես նախատեսվում է զուտ իրավական կարգավորումների եղանակով արհեստականորեն հավասարեցնել միմյանցից խիստ տարբերվող կարգավիճակները, ինչը խորը հակասության մեջ է առնվազն օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված) սահմանադրական հիմնադրույթի հետ, և ինչի արդյունքում խաթարվում է նաև խտրականության արգելքի սկզբունքը։

 

Միջազգային փորձը ևս աղավաղված է, քանզի միայն դոկտորի գիտական աստիճանի առկայությունը որևէ երկրում չի բացառում լրացուցիչ այնպիսի գիտական աստիճանակարգման համակարգերի գոյությունը, որոնք հնարավորություն են տալիս հստակ աստիճանակարգելու գիտնականներին և, հընթացս, երաշխավորելու գիտականության շարունակականությունը, խթանելու որակումը կատարելագործելու ձգտումները։  

 

Իրավական ողջ համակարգը, այդ թվում՝ հանրային ծառայության առանձին համակարգերում պաշտոններում նշանակման և առաջխաղացման ընթացակարգերը հստակ դրույթներ են ամրագրում, որոնք փոխկապակցված են կոնկրետ գիտական երկաստիճան հիմքերի հետ։ Միաժամանակ, առկա են իրավական այլ կարգավորումներ, որոնք աշխատանքի վարձատրությունը ևս փոխկապակցում են դարձյալ գիտական երկաստիճան հիմքերի հետ։ Հատվածական միջամտությունը անխուսափելիորեն հանգեցնելու է կատարյալ իրավակիրառ քաոսի։

 

Նախագիծը չի կարող համալիր ապահովել Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման հավելվածով հաստատված Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների պահանջները։ Մասնավորապես, հետբուհական կրթության երկաստիճան համա­կարգը, որն այժմ գործում է եվրոպական տարբեր մոդելներով, բուհերին և հետազոտական ինստիտուտներին իրավունք է վերապահել՝ շնորհելու դոկտորի գիտական աստիճան։

 

Դա չի ենթադրում Բոլոնիայի գործընթացին միացած երկրներում դոկտորանտուրայի ինստիտուտի մեխանիկական վերացում։ Բոլոնիայի գործընթացի անդամ տարբեր պետություններ պահպանում են հետազոտողների կողմից գիտության շարունակականության ապահովման կառուցակարգերը՝ ապահովելով ֆինանսավորման տարբեր մոդելներ (կրթաթոշակը կամ դրամաշնորհ,  աշխատավարձ կամ օգնականի փոխհատուցում (teaching assistantships) կամ կիրառում են նշված բոլոր տարբերակները (խառը մոդել): Եթե Նախագծի նպատակն է հստակեցնել բարձրագույն կրթության երրորդ մակարդա­կի զարգացման, ինչպես նաև որակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականութ­յան հիմնական ուղղությունները, որոնց կիրառման արդյունքում հնարավոր կլինի ապահո­վել արդի մարտահրավերներին արձագանքող, գիտությունը և նորարարությունները խթա­նող, միջազգային մակարդակում տեսանելի և մրցունակ գիտահետազոտական կենսունակ միջավայր, բարձրացնել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի արդյունավետութ­յունը, ապա ասվածը չի նշանակում, որ նշված գործընթացը պետք է տեղի ունենա հետբուհական կրթության վերջնարդյունքների անտեսման և գիտության շարունակականությունն ապահովող գործիքակազմի վերացման, ինչպես նաև համարժեք այլընտրանք չնախատեսելու պայմաններում։ Անտեսվել է կարևորագույն այն հանգամանքը, որ  բարձրագույն կրթության երրորդ մակարդակի վերջնարդյունքներով ապահովվում է որոշակի հմտություններով, որակներով օժտված և գիտական աստիճան ունեցող հետազոտողների կողմից հետագա գիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը։ Հետբուհական կրթությունը կամ դոկտորանտուրան այս առումով հանդիսանում են նշված չափանիշներին համապատասխանող անձանց կողմից գիտությամբ զբաղվելու կամ գիտական գործունեության շարունակակնությունն ապահովելու լրացուցիչ խթան կամ գործիք, որը ենթադրում է դոկտորի գիտական աստիճանի շնորհման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում և ինքնատիպ վերջնարդյունքների ապահովում (առնվազն որոշակի քանակությամբ գիտական աշխատություններ, արտասահմանյան պարբերականներում պարտադիր տպագրվելու և միջազգային փորձին հաղորդակից լինելու, գիտության պարտադիր առաջընթաց ապահովելու և այլ պահանջներ)։ Հենց դա է պատճառը, որ Բոլոնիայի գործընթացի անդամ հանդիսացող որոշ երկրներ (Գերմանիայի Դաշնություն) թեև ունեն գիտական մեկ աստիճանաշնորհման համակարգ, սակայն ներդրել են գիտության շարունակականությունն ապահովող այլընտրանքային մոդել` հաբիլիտացիան, որն ապահովում է հաբիլիտացվողի կողմից որոշակի քանակության գիտական աշխատանքների կատարման և գիտական գործունեությամբ զբաղվելու պարտադիրությունը, ինչպես նաև դրանցով պայմանավորված վերջնարդյունքների իրացման անհրաժեշտությունը։

 

Գործող երկաստիճան համակարգը, ընդհանուր առմամբ, զերծ չէ առանձին խնդրահարույց որակներից, սակայն առավել գիտագործնական և Սահմանադրության ոգուն համահունչ բարելավումների արդյունքում այն կարող է լինել լիարժեք գործող համակարգ և նպաստել գիտակրթական արդի մարտահրավերների հաղթահարմանը:

Բոլոր դեպքերում այսպիսի առանցքային խնդրի առնչությամբ բարելավումներ նախաձեռնելիս հարկ է ցուցաբերել անհրաժեշտ համալիր ու ամբողջական մոտեցում, հարգել սահմանադրականության պահանջները և համարժեք ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, մինչդեռ քննարկման ներկայացված Նախագիծը չի բավարարում հիշյալ նվազագույն պահանջները։

 

9. Առերևույթ խնդրահարույց է Նախագծի 40-րդ հոդվածի 11-րդ կետի իրավակարգավորումը, որի համաձայն` «Սույն օրենքի 27-30-րդ հոդվածների և 32-րդ հոդվածի (բացառությամբ  2-րդ մասի) դրույթները չեն տարածվում մասնավոր բուհերի վրա: Մասնավոր բուհի նկատմամբ կիրառվում են տվյալ կազմակերպական-իրավական ձևի իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքով և մասնավոր բուհի կանոնադրությամբ սահմանված նորմերը:»։

 

Նախագծի նշված հոդվածները վերաբերում են հանրային բուհի կառավարման մարմինների ձևավորմանը, դրանց անդամների կարգավիճակին, լիազորութուններին և լիազորությունների դադարմանն ու դադարեցմանը։

 

Իհարկե, ակնհայտ է, որ հանրային և մասնավոր բուհերի նկատմամբ հավասարապես չեն կարող տարածվել նույն պահանջները, այնուամենայնիվ Սահմանադրության 38-րդ հոդվածով սահմանված բուհական ինքնակառավարման իրավունքը վերաբերում է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր բուհերին։ Հետևաբար, Նախագծով մասնավոր բուհերին այդպիսի ինքնուրույնություն վերապահելուն զուգահեռ` անհրաժեշտ է սահմանել ուղենշային այնպիսի կարգավորումներ, որոնք կերաշխավորեն մասնավոր բուհում գիտակրթական գործունեության սուբյեկտների ակադեմիական և հետազոտությունների ազատությունը։

 

10. Սահմանադրականության և օրինականության ասպեկտներով իրավաչափ չեն նաև վարչական պաշտոնների և դասախոսների համար տարիքային սահմանափակումներ նախատեսելը։ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»։ Ասվածի համատեքստում հարկ է նկատել, որ մասնավորապես ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1997 թ. նոյեմբերի 11-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կադրերի կարգավիճակի մասին» բանաձևի՝ օրենքով հարկ է կարգավորել վարչական և դասախոսական կազմի կենսաթոշակային  տարիքը, իսկ ինչ վերաբերում է տարիքային առավելագույն սահմանին, ապա դա բացառապես բուհի ինքնավարության տիրույթում է և պետք է թելադրված լինի աշխատանքային առանձնահատկություններով (հատկապես, այդ հարցերին անդրադարձ է արված 63-64-րդ կետերով)։

 

Բուհերում տարիքային առավելագույն սահմաններ նախատեսելը խնդրահարույց է դիտվել նաև Սահմանադրական դատարանի առանձին որոշումներով։ Ըստ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների՝ սահմանային տարիք նախատեսելը բացառապես հիմնավորված է հանրային ծառայության պարագայում, սակայն այլ կարգավիճակ ունեցող աշխատողների պարագայում կենսաթոշակի համար նախատեսված տարիքային կարգավորումներn անվերապահորեն չեն կարող փոխկապակցվել աշխատանքային պայմանագրերը լուծելու հետ։ Այլ բնույթի, այդ թվում` մասնավոր հատվածի աշխատանքների դեպքում սահմանափակումներ կարող են նախատեսվել, եթե ամրագրվում են ոչ թե վերացական, այլ կոնկրետ աշխատանքի բնույթով պայմանավորված առանձնահատկություններ։ Ընդ որում, բուհի դեպքում այդպիսի առանձնահատկություններ սահմանելը բացառապես վերաբերում է բուհի ինքնավարության ինստիտուտին։

 

Այսպես, Սահմանադրական դատարանի 2011 թ. հոկտեմբերի 11-ի թիվ ՍԴՈ֊991 որոշմամբ արձանագրված է. «... Հե­տեւա­­բար, աշխա­տան­քային հարա­բե­րությունների այդպիսի ի­րա­­վա­­­­կարգավո­րումը հա­մա­պա­­տաս­­խա­նում է աշխատանքի անխտրական եւ ազատ ընտ­րու­թյան սահմա­նադրա­ի­րա­վական այն պայ­ման­նե­րին, որոնք բխում են ՀՀ Սահմանա­դ­րու­­թյան 14.1-րդ, 32-րդ եւ 37-րդ հոդ­ված­ների պահանջ­նե­­րից, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդ­վածի 2-րդ եւ 12-րդ կե­տե­րով նախա­տեսված` պետության հիմնական խնդիրներից, քա­նի որ.

- բացառում է տարիքային հիմքով գործատուի հայեցողական նախաձեռ­նությամբ միակողմ լու­ծել աշ­խատանքային պայմանագիրը,

- երաշխավորում է աշխատանքային իրավապայմանագրային հարաբերու­թյուն­նե­րի ձեւավորման ազատությունը, երկկողմ ազատ կամաարտահայտությունը,

նպաստում է.

- աշխատուժի շուկայի (զբաղվածության) եւ տնտեսական հարաբերություն­ների ա­զատ ձեւավոր­մանն ու զարգացմանը,

- գործատուի եւ կենսաթոշակային տարիքի հասած աշխատողների իրա­վունքների եւ օրի­նական շահերի ներդաշնակմանը,

- սոցիալական ապահովության, աշխատանքային հարաբերությունների զար­գաց­ման եւ բնակչության զբաղվածության բնագավա­ռներում պետության կողմից նպատա­կա­յին ծրագրերի իրականացմանը»։

 

Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2009 թ. փետրվարի 24-ի թիվ ՍԴՈ֊792 որոշմամբ արձանագրել է. «Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը` ղեկա­վար­­վելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, կարեւորում է վիճարկվող եւ դրանց հետ փոխկապակցված վերոհիշյալ նորմերում մարդու եւ քա­ղա­քա­ցու՝ Սահմա­նա­դրութ­­յամբ ամ­րա­գր­ված իրավունքների ու ազատությունների ապահով­ման եւ պաշտ­պա­­նութ­յան, ազատ ի­րա­կա­նացման անհրաժեշտությունը, այդ իրավունքների սահ­մանա­փա­կում­նե­րի թույլա­տ­րե­լիու­թյունը՝ որպես այդ նորմերի սահմանադրականության գնա­հատ­ման մեկ­նա­կետ։ Այդ նորմերի համադրված վերլուծության արդյունքում սահմանա­դ­րա­­կան դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 32-րդ հոդվա­ծում երաշխավոր­ված աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է ա­ռանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական ու այլ ընդունակություն­ներն ազատ դրսևորելու հավասար հնարավորութ­յուն։ Այն չի խոչընդոտում օրենսդրին աշխա­տան­քային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել ան­ձանց իրավական տարբեր կարգավիճակներ՝ կապ­ված աշխատանքային պայմանների, անձանց անմիջական պայմանագրային պար­տա­­կանությունների, գործունեության բնագա­­վառի հետ և նույնիսկ նախատեսել առան­ձին պաշտոններ զբաղեցնելու և պաշտոն­նե­­րից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմա­նա­դրա­իրավական համա­պա­տաս­խան հիմնավորում»:

 

11. Նախագծով Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել, և պահպանվել են Օրենքի կարգավորումները։

Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասում շեշտվում է, որ ԳԱԱ-ն ինքնակառավարվող կազմակերպություն է, այնուամենայնիվ Նախագիծը չի սահմանում ԳԱԱ-ի փաստացի կարգավիճակը՝ կազմակերպաիրավական ձևը, ինչպես նաև բացակայում են ԳԱԱ-ի ինքնակառավարման երաշխիքները, ինչը հիմքեր է ստեղծում գործադիր իշխանության համար ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահմանափակելու ինքնառավարման շրջանակները, այսինքն՝ Նախագծով սահմանելով ԳԱԱ-ի ինքնակառավարման ձևական դրույթ՝ առկա է դրա փաստացի կիրառումը բացառելու իրական վտանգ։

 

Նախագիծը չի նախատեսում որևէ անցումային դրույթ ԳԱԱ-ի գործող անդամների և նրանց կարգավիճակի վերաբերյալ։ Ավելին, Նախագիծը չի նախատեսում Կառավարության կողմից ԳԱԱ-ի կանոնադրությունը հաստատելու, պատվովճարի չափը և ԳԱԱ-ի իսկական և թղթակից անդամների առավելագույն թիվը և մասնագիտությունները սահմանելու մասին Կառավարության որոշումների ընդունման ժամկետ, որի արդյունքում անհասականալի է, թե ի՞նչ կարգավիճարով է գործելու ԳԱԱ-ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև Կառավարության համապատասխան որոշումների ընդունման պահը։

 

12. ԳԱԱ-ի կարգավիճակի փոփոխությունը ենթադրում է նաև դրա կառավարման ներքո գործող գիտական կազմակերպությունների կարգավիճակի և գործառման սկզբունքների փոփոխություն։

 

Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինչպես Օրենքում, այնպես էլ Նախագծում բացակայում են գիտական կազմակերպությունների կարգավիճակի փոփոխման կապակցությամբ անհրաժեշտ անցումային դրույթներ, որի հետևանքով Նախագիծն այդ մասով չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

 

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ գիտության ոլորտում հստակեցման կարիք ունեն նաև կառավարություն-պետական կառավարման լիազոր մարմին-գիտական կազմակերպություն իրավասության սահմանները, միջազգային չափանիշներին համապատասխան գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, ինչպես նաև գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և կրթություն-գիտություն-տնտեսություն կապի խրախուսման մեխանիզմները, սակայն Նախագիծը չի պարունակում այդ խնդիրների ամբողջական լուծումները։

 

Բացի դրանից՝ հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ ստեղծելով գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր։

 

Նշված նպատակները Նախագծում որևէ կերպ իրացված չեն, ինչի արդյունքում գիտական կազմակերպությունների կարգավիճակի և գործառման սկզբունքների տեսնակյունից Նախագիծը չի համապատասխանում Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև խաթարում է Սահմանադրության 15-րդ և 86-րդ հոդվածներով սահմանված գիտության զարգամանը նպաստելու պետության պարտականության իրացումը։

 

13. Նախագծի 40-րդ հոդվածի 13-րդ մասը սահմանում է, որ մինչև Նախագծով նախատեսված կարգով նոր կառավարման խորհուրդների ձևավորումը հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, որոնք դադարում են նոր խորհուրդների ձևավորման պահից:

 

Այսինքն, հոգաբարձուների խորհուրդների գործող կազմերի բոլոր անդամների լիազորությունները դադարում են միևնույն պահին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ընտրվել այդ պաշտոնում և քանի տարի դեռ պետք է պաշտոնավարեն։

 

Այս կարգավորումը խախտում է հոգաբարձուների խորհրդի անդամների «իրավական ակնկալիքի» իրավունքը, քանի որ վերջիններս ընտրվելու պահին ելել են մինչև լիազորությունների ժամկետի ավարտը պաշտոնավարելու կանխավարկածից ու միայն իրենց ընտրվելու պահին գործող իրավական կարգավորումներով լիազորությունների վաղաժամկետ դադարման կանխադրույթից։

 

Նշված համակարգային խնդիրները մեծապես պայմանավորված են հայեցակարգային մոտեցումների բացակայությամբ, ինչը բազմիցս բարձրաձայնվել է դեռևս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակի հանրային քննարկումների փուլում և կարևորվել է մինչև նախագծի մշակումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի ընդունումը։

 

Բացի դրանից՝ չնայած նախագծում կատարված փոփոխություններին՝ դեռևս Օրենքում առկա հիմնական խնդիրներն ու թերությունները, այդ թվում՝ ՍԴՈ-1608 որոշմամբ արձանագրված խնդիրները, չեն լուծվել, ինչը նշանակում է, որ առկա է Նախագծի՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության իրական վտանգ, և այս տեսքով Նախագծի ընդունումը կրկին կարող է ստեղծել այն Սահմանադրությանը հակասող ճանաչելու իրական հնարավորություն:

 

Վերը նշվածի արդյունքում սկզբնապես նախանշված և բարձրագույն կրթության և գիտության ոլորտում օբյեկտիվորեն անհրաժեշտ բարեփոխումների ընթացքը կրկին կարող է խաթարվել, իսկ այս տեսքով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունումը կխորացնի նշված ոլորտում առկա համակարգային խնդիրները»։

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ստուգում միջուկային ռեզոնանսների միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանը միտված փոխայցելություններն ու հանդիպումները շարունակվում են: