17.09.2021 | 
ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների իրազեկման հերթական միջոցառումը:

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն, որի նախագահ Գոհար Ավագյանը, ողջունելով ներկաներին, առանձնահատուկ կարևորեց ՈՒԽ-ի հետ աշխատելու գաղափարը, որը հնարավորություն է տալիս դասերից դուրս որոշակի գործունեություն ծավալելու, ինչն ուսանողական կյանքը շատ ավելի հիշարժան է դարձնում:

«Լիահույս եմ, որ հետագայում ՈՒԽ-ի շարքերը համալրվելու են նոր ուսանողներով, և դուք դառնալու եք մեր մեծ ընտանիքի մի մասնիկը, որը մենք ձևավորել ենք Իրավագիտության ֆակուլտետի ներսում»,- ասաց Գոհար Ավագյանը:

Այնուհետև նա առաջինկուրսեցիներին պատմեց, թե ֆակուլտետում ինչ գործառույթ ունի Ուսանողական խորհուրդը, ինչպես կարելի է դառնալ ՈԻԽ-ի անդամ և հետագայում տարբեր հանձնաժողովներում որոշակի գործունեություն ծավալել:

 

«Շատ կարևոր է, որ ՈԻԽ-ին միանալն ունենա նպատակ, և դուք ձեր գործունեությունը ծավալեք այն ոլորտում, որի նկատմամբ հետարքրքություն ունեք»,- շեշտեց Գոհար Ավագյանը:

Գոհար Ավագյանը ներկայացրեց այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա ուսանողին իրազեկ լինելու և ավելի հեշտ ինտեգրվելու ուսանողական առօրյային։

Միջոցառման վերջում ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները: