16.04.2021 | 
Ուսանողական
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի չեմպիոններ, վերջերս Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ և այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հետ։

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը։


Հանդիպման սկզբում ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Թերեզա Հովհաննիսյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և ներկայացրեց հյուրերի սպորտային կենսագրությունը։
Արսեն Հարությունյանը երկու անգամ (2015 թ. , 2018 թ.) նվաճել է Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոնի գավաթը, Եվրոպայի (2017 թ.) և աշխարհի (2017 թ., 2018 թ.) երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր է։ Նա 2018 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն 61 կգ քաշային կարգում, իսկ 2019 թվականին՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն նույն քաշային կարգում։


Վազգեն Թևանյանը, որը 2015 թվականին դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, իսկ 2016 թվականին՝ նույն առաջնության փոխչեմպիոն, շարունակելով սպորտային ուղին, 2018 թվականին նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը։ Նա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է (2018 թ.)։ Վազգենը 2018 թվականին նվաճել է Հայաստանի չեմպիոնի, իսկ 2019-ին՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի գավաթը։


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս են եկել եզրափակիչ՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր։

 

Հյուրերը ողջունեցին հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեցին նման միջոցառումներ կազմակերպելու համար՝ նշելով, որ դրանք բարձրացնում են սպորտային ոգին և գոտեպնդում՝ նոր հաղթանակներ կերտելու համար։

 


Ըմբիշները փաստեցին, որ իրենց համար չափազանց կարևոր են ազգի ոգևորությունն ու ուրախությունը գրանցած հաջողությունների առթիվ։


Պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընտրեցին այս սպորտաձևը, Արսեն Հարությունյանն ասաց, որ սպորտով զբաղվում է 6 տարեկանից՝ հոր հորդորով. «Հենց սկզբից շատ էի հավանում ըմբշամարտը, շատ սիրեցի, իսկ մի քանի տարի հետո սկսեցի լրջորեն զբաղվել։ Հիմա ունեմ նպատակ, որը պետք է իրագործեմ»։


Վազգեն Թևանյանը, պատասխանելով նույն հարցին, ասաց, որ ըմբշամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից՝ ընկերների խորհրդով. «Սկզբում չէի սիրում այս սպորտաձևը, սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ սա այն է, ինչ ինձ անհրաժեշտ է»։

 


Ազատ ոճի ըմբիշները պատմեցին երեխայական խաղերի փոխարեն մեծ սպորտի աշխարհ մտնելու ճանապարհի ու գրանցած հաջողությունների մասին։


Պատասխանելով միջոցառմանը ներկա ուսանողների հարցերին՝ մարզիկները նշեցին, որ սպորտում հաջողելու համար ամենակարևորն աշխատասիրությունն է։


Վազգեն Թևանյանը, խոսելով իր կարգախոսի մասին, ասաց, որ ամեն պարագայում միշտ առաջ է նայում. «Իմ կյանքի կարգախոսն է չմնալ տեղում, ավելացնել հաջողությունները, չհանձնվել»։


Արսեն Հարությունյանն էլ հավելեց, որ լավ մարզիկ ու լավ մարդ լինելու համար պետք է ունենալ սկզբունքներ։

 


Հանդիպման ընթացքում Եվրոպայի չեմպիոնները պատմեցին իրենց նախասիրությունների, ազատ ժամանակն անցկացնելու նախընտրած եղանակների ու ապագա ծրագրերի մասին։

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: