19.10.2021 | 
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ը
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ը
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի կազմակերպած ու հոկտեմբերի 15-ին մեկնարկած «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովը, որին մասնակցել է 11 երկրից շուրջ 50 համալսարան, շարունակվել է մինչև հոկտեմբերի 17-ը:

Հոկտեմբերի 16-ին հատուկ նստաշրջանի ընթացքում քննարկվել են «Հոգեբանության ներուժը ռազմական ագրեսիայից հետո» ու «Պատերազմի հոգեբանական հետևանքները, հոգեբանական աջակցությունը և հաղթահարումը» թեմաները։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵՊՀ դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանը և ՀՀ ԶՈՒ ԲՀԱ հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սամվել Բարոյանը:

 

Քննարկումներին մասնակցել են ԱՄՆ-ից հոգեբանության դոկտոր Անահիտ Ազարյանը, Ֆորդհեմի համալսարանից Հարոլդ Թաքուշյանը, Կոլումբիայի համալսարանից Անի Գալայձեանը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԲՀԱ հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ս. Բարոյանը, ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչներ:

Օրակարգում ընդգրկված ելույթ-քննարկումները վերաբերում էին պատերազմի ընթացքում կամ հետպատերազմական ժամանակահատվածում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին ցուցաբերված հոգեբանական աջակցության հարցերին, հետագայում հրատապ հոգեբանական օգնության կազմակերպման ներուժին և գիտագործնական մոտեցումներին: