02.09.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր էր հանձնել ECER 2022 համաժողովի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորներին: Նրանք պատմել են համաժողովի չորս օրերի ընթացքում ստացած տպավորությունների և հետաքրքրաշարժ դրվագների մասին։

Սովորաբար օգոստոս ամսվա վերջին օրերին համալսարանում քիչ մարդկանց է հնարավոր տեսնել: Այս տարին, սակայն, բացառություն էր. ECER 2022-ն իր շուրջն էր համախմբել աշխարհի 50 երկրի ավելի քան 1500 մասնակիցների: ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում օտարերկրյա հետազոտող-գիտնականներին դիմավորում էին համալսարանական կամավորները: Նրանց պարբերաբար մոտենում էին տարբեր ազգային պատկանելությամբ մարդիկ՝ մեծ ուսապարկերով, համակարգիչներով, և խնդրում էին իրենց անվանաքարտը: Վերջում ժպտում էին, փորձում հայերենով շնորհակալություն հայտնել, բայց հիմնականում նախընտրում էին ասել՝ ապրես:

 

 

 

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունից մի հետազոտող-գիտնական իր անվանաքարտն է խնդրում:

-Ես էլ եմ Բանգլադեշից,- ասում է ECER 2022-ի կամավոր Արտյոմ Ղազարյանն ու խորամանկ ժպտում:

-Բանգլադեշի՞ց եք,- զարմանքով հարցնում է Ակրամուլ Կաբիրին (այդ էր հետազոտող-գիտնականի անուն-ազգանունը)՝ կարծելով, թե հանդիպել է իր համերկրացուն:

 

 

Արտյոմը սկսում է պատմել, որ Երևան քաղաքի թաղամասերից մեկն այդ անունն է կրում, և երկուսով սկսում են ծիծաղել:

Արտյոմը մեզ պատմում է, որ Կաբիրի հետ այցելել է Երևանի Բանգլադեշ թաղամաս, ցույց տվել հետաքրքիր հատվածները և մտերմացել գիտնականի հետ։ Վերջում պայմանավորվել են, որ մի օր էլ ինքը կայցելի Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն:

 

 

Կամավորները պատմում են՝ սա լավագույն հնարավորությունն էր աշխարհի տարբեր ծագերից եկած գիտնականների հետ շփվելու, հայկական մշակույթը նրանց ներկայացնելու և լեզվակիրների հետ հաղորդակցվելու համար:

 

 

Յուրի Խաչատրյանն իսպանացի մի հետազոտողի հետ բուռն զրույց է սկսել, և զրույցն այնքան է խորացել, որ իր աշխատանքն արդեն մյուս կամավորներն են անում։ Ընկերները Յուրիին հիշեցնում են, որ շատ անելիք կա, և նա արագ գրանցում է զրուցակցի տվյալները, տալիս նաև իրենը և շարունակում աշխատանքը։

 

 

Նախասրահում արագ քայլերով մի աղջիկ է անցնում․ կամավորների աշխատանքը համակարգող Մանե Ալեքսանյանն է։ Նա միաժամանակ պատասխանում է տարբեր հեռախոսազանգերի։ Ասում է՝ եղել են դեպքեր, երբ տպավորություն է ստեղծվել, թե տեխնիկական անսարքություններ կան, իսկ երբ խնդիրը պարզվել է, կամավորներն ու հետազոտող-գիտնականները միասին սկսել են ծիծաղել։

 

 

Ոչ ֆորմալ քննարկումների շրջանակում կազմակերպվել էին նաև սոցիալական շփման միջավայր ստեղծող միջոցառումներ, որտեղ ազգային երաժշտության ներքո օտարերկրյա հետազոտողները հայ կամավորների հետ պարում էին հայկական ազգային պարեր:                                                   

                                               

«Երբ հնչեց հայկական ազգային մի երգ, հետազոտողներից մեկը մոտեցավ ու հարցրեց՝ ինչի մասին է այն:

 

Պատասխանեցի հարցին, հետո նկատեցի, որ նա փորձում է նմանակել մեր պարային շարժումները: Միացավ մեզ, և 3 ժամ շարունակ պարեցինք»,- պատմում է ECER 2022-ի ակտիվ կամավորներից մեկը:       

 

Կամավորական աշխատանքները էական դեր ունեն նշանակալի միջոցառումների կայացման գործում, և ինչպես ECER 2022 համաժողովի փակման արարողության ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը․ «Շատ գովելի է այն, որ համաժողովի աշխատանքներում մեծ ներգրավվածություն են ունեցել 60-ից ավելի կամավորներ, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Կամավորության ինստիտուտը բավականին հետաքրքիր է և արդյունավետ»։  

 

Պատրաստեց Մարինե Մկրտչյանը

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը: