28.07.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։

Լեզուների իմացությունը հաջողությունների նոր դռներ է բացում։

 

Դեռևս դպրոցական տարիներից հստակ որոշել էի, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու, որը կընդլայնի մտահորիզոնս և կընձեռի մեծ հնարավորություններ: Ուսումնասիրելով օտար լեզուն` ծանոթանում ես նաև տվյալ երկրի մշակույթին, պատմությանը և կրոնին: Կարծում եմ՝ մեր օրերում լեզուների իմացությունը չափազանց կարևոր է:

 

Հարազատ դարձած ԵՊՀ-ն հնարավորություն ընձեռեց արտերկրում զարգացնելու հաղորդակցական, լեզվական և ստեղծագործական հմտություններս։

 

Հետաքրքրված լինելով լեզուներով և տարբեր մշակույթներով՝ ցանկանում էի անձամբ շփվել լեզվակիրների հետ: Սովորելով արտերկրում՝ ձեռք բերեցի մեծ փորձառություն և հայրենիք վերադարձա՝ ստացածս նոր գիտելիքները գործնականում կիրառելու։

 

 

ԵՊՀ-ի միջազգային լայն համագործակցությունը համալսարանականների համար հեռանկարներ է ստեղծում։

 

ԵՊՀ-ն համագործակցում է միջազգային հեղինակավոր բուհերի հետ` ուսանողներին ընձեռելով մասնագիտության մեջ առավել հմտանալու, լեզվակիր երկրների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու և, իհարկե, ճամփորդելու հնարավորություններ: Այս ամենի շնորհիվ ուսանողներն իրազեկված են լինում ժամանակակից աշխարհի թե՛ կրթական և թե՛ մյուս ոլորտների պահանջներից:

 

Նորարարական սարքավորումներով հագեցվածությունը նպաստում է ԵՊՀ-ում գործնական դասերի արդյունավետ կազմակերպմանը։

 

Զուգահեռներ անցկացնելով ԵՊՀ-ի և Կորունիայի համալսարանի միջև՝ կարող եմ փաստել, որ մեր համալսարանը թե՛ կրթության որակով, թե՛ նորարարական սարքավորումների հագեցվածությամբ չի զիջում եվրոպական համալսարանին:

 

 

Ծրագիրը հնարավորություն է տալիս օտար երկրներում Հայաստանի մասին պատմելու։

 

Իսպանիան, կրթությունից բացի, հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր ընկերներ, որոնց հետ կարծես ձևավորել էինք բազմամշակութային մեծ ընտանիք: Յուրաքանչյուրն այնտեղ փորձում էր մանրամասն ներկայացնել իր երկիրը, ազգային սովորույթները, ավանդույթներն ու կրոնը: Երբ  պատմում էի հայերի և Հայաստանի մասին՝ ներկայացնելով նաև տեսարժան վայրերը, նկատում էի, որ մեր երկիրն օտարերկրյա երիտասարդներին շատ է հետաքրքրում։ Ի դեպ, բոլորովին վերջերս իսպանացի ընկերներիցս մեկն ինձ հայտնեց, որ փոխանակման ծրագրով պատրաստվում է այցելել Հայաստան։

 

 

Կարևոր է՝ փոխանակման ծրագրին դիմելուց առաջ լավ ուսումնասիրել տվյալ երկիրն ու մշակույթը:

 

Ուսանողներին խորհուրդ եմ տալիս, առանց վայրկյան իսկ երկմտելու, դիմել ծրագրին: Ճիշտ է, մարդկանց մեծամասնությունը տիրապետում է անգլերենին, սակայն շատ երկրներում բնակիչները հրաժարվում են անգլերենով հաղորդակցվելուց՝ պահանջելով խոսել իրենց մայրենի լեզվով:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ՍՈՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում օգոստոսի 30-ին մեկնարկած մոդուլային առարկայի շրջանակում Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս․ Գ․ Դիմովը կարդաց դասախոսություն՝ «Սննդի մանրէաբանություն. սննդի որակի վերահսկողության նորագույն մեթոդներ» թեմայով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։