02.09.2021 | 
Գիտություն, Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել։

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացած միջոցառման ժամանակ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ չնայած Կարմիր խաչի և ֆակուլտետի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի, սակայն մինչև օրս դրա վերաբերյալ իրավական փաստաթուղթ չկար։


«Ես համոզված եմ, որ այս հուշագիրը ոչ միայն իրավական ձև կտա մեր համագործակցությանը, այլև կնպաստի դրա ամրապնդմանն ու զարգացմանը»,- նշեց դեկանը։

 


Գ. Ղազինյանը շեշտեց, որ հուշագրով նախատեսված ծրագրերը նպաստելու են ֆակուլտետում առաջին հերթին հումանիտար իրավունքի զարգացմանը։


Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին նույնպես ողջունեց ներկաներին և ասաց, որ շատ հաճելի է գտնվել Երևանի պետական համալսարանում և ներկա լինել նմանատիպ կարևոր հուշագրի ստորագրմանը։


«Այս հուշագիրը կարևոր քայլ է մեր ընթացիկ համագործակցության համատեքստում։ Տարիների ընթացքում ԵՊՀ-ն և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրենց ներուժն ուղղորդել են Հայաստանում միջազգային մարդասիրական իրավունքի զարգացմանը։ Ես ուրախ եմ, որ համալսարանն անընդհատ առաջ է շարժվում և առաջարկում է համագործակցության նոր եզրեր, ինչպիսին է, օրինակ, հետազոտությունների և վերապատրաստման համար նախատեսված կենտրոնի ստեղծումը ֆակուլտետում»,- նշեց նա և հավելեց, որ համագործակցությունն ուղղված է լինելու միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը Հայաստանում խթանելուն։

 


Միրիամ Էլ Խոլիի խոսքով՝ հուշագիրը Կարմիր խաչի գրասենյակն ու Իրավագիտության ֆակուլտետը միավորում է երեք ուղղություններով՝ մարդասիրական իրավունքի ակադեմիական հետազոտություն, դրա ուսուցանում իրավաբանների համար և մասնագիտացված կրթություն՝ մյուս ուղղություններով։


Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը, որը նշեց, որ երկար տարիների համագործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն կար։


«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեզ համար ակնհայտ էր միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում միջազգային հարթակներում հանդես գալու համար համապատասխան մասնագետների ձևավորման անհրաժեշտությունը»,- ասաց նա։

 


Հուշագրի ձեռքբերումը շնորհավորեց նաև Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ հույս հայտնելով, որ համագործակցության շնորհիվ կձևավորվի մասնագետների անհրաժեշտ բազա, որը կշարունակի ներպետական օրենքներում ներդնել միջազգային իրավունքի համապատասխան տարրեր։


«Այս առումով Երևանի պետական համալսարանի ներուժն առանձնանում է մեզ համար՝ որպես ակադեմիական կարևորագույն հնարավորություններ հատկացնող կառույց»,- ասաց նա՝ հավելելով, որ հայաստանյան գրասենյակը հնարավոր ամեն ինչով կաջակցի կենտրոնի ստեղծմանը։

 


Ողջույնի և շնորհակալության խոսքերից հետո կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիրը։

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: