24.12.2021 | 
Մշակույթ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ
Մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել կենտրոնի «Տարվա ամփոփիչ համերգ ու բիենալեի մրցանակաբաշխություն» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին հայաստանյան տարբերի բուհերի ուսանողներ:

Միջոցառմանը ներկա էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ուսանողներն ու կենտրոնի սաները:

 

 

Համերգի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի ինչպես ներկա, այնպես էլ տարբեր տարիների մեներգիչները, աղջիկների պարային համույթը, երգչախումբը, «YSU band»-ը և «Համալսարանական» թատրոն ստուդիայի սաները:

 

«Այս տարի շատ ծանր ու բարդ ժամանակաշրջան էր բոլորիս համար՝ հետպատերազմյան ճգնաժամ ու համավարակ, սակայն ես դժգոհ չեմ. այս տարվա ընթացքում ԵՊՀ մշակույթի կենտրոնը մի շարք կարևոր ձեռքբերումներ ու հաղթանակներ ունեցավ, այդ թվում նաև միջազգային ասպարեզում: Մենք նոր գործընկերներ ձեռք բերեցին, որոնց հետ, վստահ եմ, արդյունավետ համագործակցության ենք ծավալելու: ԵՊՀ-ում համախմբված են փայլուն երիտասարդներ, որոնք մեր շարժիչ ուժն են: Եթե կա ցանկություն ու ձգտում, ապա կարող ես առաջ շարժվել»,- նշեց Մշակույթի կենտրոնի տնօրենը և ամանորյա բարեմաղթանքներ հղեց բոլոր համալսարանականներին՝ նրանց մաղթելով խաղաղ երկինք ու նորանոր հաջողություններ:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Մշակույթի կենտրոնի՝ տարվա ընթացքում գրանցած հաղթանակները, մրցանակներն ու բոլոր ձեռքբերումները:

 

 

Այնուհետև անցկացվեց նաև «Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ուսանողական բիենալե 2021»-ի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը հավաստագրեր հանձնեց մրցույթի հաղթողներին, ինչպես նաև խրախուսական տեղեր զբաղեցրած ուսանողներին:

 

«Շնորհավորում եմ երիտասարդ ստեղծագործողներին: Ուրախ եմ, որ Մայր բուհը համախմբել է ձեզ, քանի որ վստահ եմ՝ դեռ հետաքրքիր նախագծեր են մեզ սպասվում: Շնորհավորում եմ նաև բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը՝ մաղթելով առողջություն և հաջողակ տարի»,- ասաց պրոռեկտորը և շնորհակալություն հայտնեց Կ. Դավթյանին գեղեցիկ ու զգացմունքային միջոցառում կազմակերպելու համար:

 

 

Այս տարի մրցույթը, որում ներառվել են արվեստի ու գրականության տարբեր ուղղություններ, անցկացվել է առցանց տարբերակով, որին մասնակցել են ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայ-Ռուսական (Սլավոնական), Վանաձորի պետական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանների, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսանողները:

 

Հավելենք, որ բացի հավաստագրերից, մրցանակներից ու հուշանվերներից՝ մրցույթի մրցանակային ու խրախուսական տեղեր զբաղեցրած ուսանողների ստեղծագործությունները տպագրվելու են «Անկախության սերնդի ձայնը» ժողովածուի 2022 թ. հերթական համարում:

Այլ նորություններ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նոր կազմավորված բենդի ներկայացուցիչները «Լավ էլի» և «The Bambir» խմբերի հետ հանդես եկան երաժշտական կատարումներով:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։ Մրցույթի մասնակիցներն ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։