15.07.2014 | 
Գիտություն
ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում «Հեմատոլոգիա» (արյունաբանություն) դասընթացը ևս 3 տարի ուսումնասիրվելու է «TEMPUS» ծրագրի օգնությամբ:

Այս օրերին Հայաստանում են ծրագրի համակարգող թիմի անդամները, ովքեր քննարկումների և մշտադիտարկման միջոցով կհստակեցնեն, թե ինչ է հարկավոր անել դասընթացը զարգացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: Այսօր էլ նրանք հյուրընկալվել էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում (աշխատաժողովի ժամանակացույցը կցվում է): 

 

Նշենք, որ Հայաստանից ծրագրում ընդգրկված են ԵՊՀ-ն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Իսկ եվրոպական երկրներից ծրագիրը համակարգում է Մեծ Բրիտանիայի Վեստմայնստերի համալսարանը: Մինչ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալվելը ծրագրի համակարգողները քննարկումներ են ունեցել նաև մյուս երկու կառույցներում:

 

«Իհարկե արյունաբանությունը շատ բնորոշ չէ համալսարանին, բայց Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում մենք ունենք այդպիսի դասընթաց (բակալավրիատում): Պետք է քննարկենք, թե ինչպիսին պետք է լինի դասընթացի ուսումնական պլանը, թե ինչ սարքավորումներ են անհրաժեշտ, որպեսզի լաբորատոր աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպվեն և այլն»,- ասում է ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը:

     

 

Ի դեպ, ֆակուլտետն արդեն առանձնացրել է լսարան, որտեղ պետք է անցկացվի արյունաբանության դասընթացը. այն մասնակիորեն ապահովված է լաբորատոր սարքավորումներով, որոնք, սակայն, բավարար չեն դասընթացը լիարժեք անցկացնելու համար:

 

Նախքան քննարկմանն անցնելը արտասահմանյան հյուրերը հանդիպեցին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանի և ԵՊՀ-ում ծրագրի համակարգող, Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուսաննա Սահակյանի հետ, շրջեցին արյունաբանության լսարանում, այնուհետև այցելեցին Կենսաբանության ֆակուլտետի կազմում ստեղծված Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն, որի պաշտոնական բացումը կլինի այս տարվա նոյեմբերին:

 

 

«Ես և Փեթեր Լիլյարդը մեր հայ գործընկերների հետ աշխատելու փորձ ունենք դեռևս 2000 թ-ից. արդեն 3 ծրագիր ենք համակարգել: Այս անգամ էլ, օգտագործելով ուսուցման տարբեր մեթոդներ, փորձում ենք ներդնել արյունաբանության ուսումնասիրման նոր ծրագրեր»,- ասում է ծրագրի համակարգողներից մեկը՝ Վեստմայնստերի համալսարանի պրոֆեսոր Նինո Պորակիշվիլին:

 

Նույն համալսարանի մեկ այլ պրոֆեսոր Մայքլ Գորջն էլ, ով համակարգելու է ծրագիրը հենց ԵՊՀ-ի հետ, տպավորված է Կենսաբանության ֆակուլտետում կատարած շրջայցից. «Այն, որ դասընթացի համար տեղ է առանձնացված, շատ լավ է, մենք պետք է փորձենք բարելավել պայմանները: Քննարկումն էլ հենց նրա համար է, որ լսենք մեր գործընկերների առաջարկությունները»:

Ներկայումս ԵՊՀ ռեկտորատի կողմից հաստատված է մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում կարդացվող «Հեմատոլոգիա» դասընթացի նորացված ծրագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015-2016 ուս. տարուց:

Այլ նորություններ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին: