10.07.2022 | 
Կրթություն, Գիտություն, Հասարակություն, Մշակույթ
ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ»
ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցած միջոցառման մեկնարկը տրվեց օլիմպիադայի խորհրդանիշերի՝ դրոշի և գավաթի ներկայացմամբ, այնուհետև մասնակից երկրների ներկայացուցիչները շքերթով մուտք գործեցին համերգասրահ։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ օլիմպիադայի ժյուրիի անդամների և մասնակիցների երդման հանդիսավոր արարողություն:

Հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օլիմպիադայի նախագահ Րիոչի Մացուդան, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը: Ելույթով հանդես եկան նաև «Կենսաբանության միջազգային օլիմպիադայում» նախորդ տարիներին հաղթած աշակերտները։ Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանը ներկայացնող թիմի ներկայացուցիչները, ինչպես նաև աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ:

 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, փաստեց, որ այս կարևոր միջոցառման՝ Հայաստանում անցկացվելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին՝ Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» որոշմամբ։

 

 

«Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախանձախնդրությամբ: Այն ժամանակ, լինելով կրթության և գիտության նախարար, պատիվ եմ ունեցել ստորագրելու օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ հետևողական ենք եղել»,- իր ելույթում ասաց Ա․ Հարությունյանը։ 

 

Ա․ Հարությունյանն ընդգծեց, որ կրթությունն ու գիտությունը Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներն են, և ՀՀ կառավարությունը հանձնառու է ապահովել այս ոլորտների շեշտակի և որակական զարգացումը։

 

«Համոզված ենք, որ զարգացած մարդկային ռեսուրսն է ապահովելու ինչպես կրթական համակարգի, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումն ամբողջ աշխարհում»,- ասաց նա։

 

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը համոզված է, որ օլիմպիադային մասնակցող շատ երիտասարդներ իրենց ճանապարհն ընտրելու են գիտության ասպարեզում և իրենց ներդրումն են ունենալու համաշխարհային զարգացման գործընթացում։ Ամփոփելով իր խոսքը՝ Ա․ Հարությունյանը օլիմպիադայի կազմակերպիչներին, աջակիցներին, հյուրերին ու մասնակիցներին մաղթեց հաջող ընթացք, առողջ և արդար մրցակցություն և այս օրերին Հայաստանը վայելելու գեղեցիկ ակնթարթներ:

 

«Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան ասոցիացիայի անունից խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի պետական համալսարանին՝ 2022 թվականին անցկացված «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի» կայացման հարցում լիակատար աջակցության համար։

 

 

«Մենք հպարտ ենք՝ տեսնելով այսքան շատ մասնակիցներ՝ ողջ աշխարհից։ Մեր օրերում կենսաբանության դերն ավելի է կարևորվում։ Կորոնավիրուսային համավարակը նշանակալի «կրթական ազդեցություն գործեց» մեր հասարակության վրա, հետևաբար կենսաբանությունը և բնագիտությունն առհասարակ ռազմավարական գործիքներ են դարձել այս խնդիրների դեմ պայքարի և դրանց հաղթահարման գործում»,- ասաց ասոցիացիայի նախագահը։

 

Ր․ Մացուդան անդրադարձավ նաև օլիմպիադայի անցկացման կանոնակարգին՝ հատկապես կարևորելով մասնակից երկրների ապաքաղաքականացված լինելու փաստը։

 

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով ներկաներին, առանձնահատուկ շեշտեց բժիշկների և գիտնականների դերը մարդկության կյանքում հատկապես վերջին ժամանակներս․ «Համավարակի օրերին մեր ապագան վճռում էին գիտնականներն ու բժիշկները: Ես վստահ եմ՝ դուք ձեր կարևոր դերն եք ունենալու գիտության ու կրթության զարգացման գործում: Գիտական նորարարությունների խթանումը, երիտասարդ գիտնականների խրախուսումը ՀՀ կառավարության  կարևորագույն առաջնահերթություններից են: Մենք վստահ ենք, որ առանց կրթության զարգացման՝ անհնար է պատկերացնել հասարակության բարեկեցիկ առաջընթացը: Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ մենք շարունակական քաղաքականություն ենք վարում Հայաստանը գիտակրթական մտքի հարթակ, գաղափարների և նորարարությունների գեներացման միջավայր դարձնելու ուղղությամբ»:

 

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, կարևորելով 21-րդ դարում կենսաբանության նվաճումները, որոնք տեխնոլոգիական նոր լուծումների, զարգացումների աղբյուր են, դիմեց օլիմպիադայի մասնակիցներին․ «Դո՛ւք եք Երկիր մոլորակի ապագա տերերը, և ձեզանի՛ց է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարվածներ՝ պահե՛ք և պահպանե՛ք Երկիր մոլորակը, խնամե՛ք և զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության: Մաղթում եմ ձեզ ազնիվ և արգասաբեր մասնակցություն: Հուսով եմ՝ անմոռանալի տպավորություններ կստանաք մեր երկրում և կվայելեք հայկական ջերմ հյուրընկալությունը»:

 

 

«Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնակիցներին, անդրադարձավ օլիմպիադայի՝ իբրև կրթական կարևորագույն միջոցառման անցկացման անհրաժեշտությանը․ «Օլիմպիադան կրթության յուրահատուկ մեթոդ է, և մենք՝ աշխարհի տարբեր երկրներից հավաքված մանկավարժներս, այսօր վերստին կկիրառենք այս մեթոդը։ Անչափ ուրախ ենք, որ երկու տարի առցանց աշխատելուց հետո վերջապես մրցույթը կկայանա առկա ձևաչափով»:

 

 

Կարևորելով կենսաբանության՝ իբրև գիտության ունեցած դերը մարդկության կյանքում և պատմական զարգացման ընթացքում, Գ․ Ղուկասյանն անդրադարձավ նաև համավարակներին ու դրանց հաղթահարմանն ուղղված մարդկային գիտելիքների ձեռքբերման կարևորությանը․ «Համավարակները հազարավոր մարդկանց կյանքեր են խլել և բավականին երկար են տևել, որովհետև մարդիկ գաղափար չեն ունեցել մանրէների մասին, սակայն, այնուամենայնիվ, դրանք մի օր ավարտվել են»:

 

 

Միջոցառմանը հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց «ճամփորդելու» ժամանակի միջով․ հոլոգրամի միջոցով ապագա կենսաբաններին ողջունեց և հաջողություն մաղթեց 12-րդ դարի հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացին։  

 

Բանախոսների ուղերձներին հաջորդեց համերգային ծրագիր՝ կազմակերպված ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կողմից: Մշակութային համարներով հանդես եկան Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը։

 

Երաժշտական համարներին հաջորդեցին պարային կատարումներ. «Մեր դարը» մշակութային համարով հանդես եկավ «Բարեկամություն» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), և «Կոմիտաս» մենապարով՝ Անի Հարոյանը։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։