15.07.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է «Կենսաբանության 33- րդ միջազգային օլիմպիադայի» քննությունների վերջին՝ տեսական փուլը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս ուղղություններով (կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա):

 

Օլիմպիականներին տրվել է 7 ժամ, և քննության ընթացքում նրանք համացանցի հասանելիություն չեն ունեցել:

 

Հիշեցնենք, որ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային» մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր, յուրաքանչյուր թիմում՝ 4 մասնակից:

 

 

Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը, Բոլիվիան և Ֆրանսիան: Արդյունքները գնահատելու են Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամները: Ժյուրին աշխատում է գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար կազմկոմիտեի կողմից մշակված հատուկ ծրագրով։

 

Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք փակման արարողության ընթացքում:

 

Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով․ օլիմպիադային մասնակցել է երեք աշակերտ՝ «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:

 

 

«Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային» Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից մինչ օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ:

 

Նշենք, որ ծրագիրը համակարգում է Երևանի պետական համալսարանը։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։ Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
«Հայ-ռուսաստանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարան էր այցելել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Վասիլի Վ. Սազոնովը:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԱՊԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԵՊՀ-Ն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին: