Միջոցառման նպատակը հանրակրթական դպրոցի աշակերտներին ԵՊՀ պատմությանը, նրա երախտավորներին ծանոթացնելն էր, ինչը կնպաստի աշակերտների հոգեկերտվածքի ձևավորմանը, ինչպես նաև դպրոցն ավարտելուց հետո կյանքի ճիշտ ուղի ընտրելուն:
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն աշակերտների հետ զրույցում ասաց. «Թանգարաններն ուժ են. դրանք օգնում են մարդուն ընդլայնել աշխարհայացքը, ձևավորել հոգեկերտվածք: Որպես ավագ ընկեր՝ ձեզ խորհուրդ եմ տալիս հաճախ այցելել թանգարաններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Մեր այսօրվա միջոցառման նպատակը ձեզ համալսարանի պատմությանը, երախտավորներին, ազատամարտիկներին ծանոթացնելն է, որպեսզի նրանց ավելի մոտիկից ճանաչեք: Միշտ հիշե՛ք, որ Մայր բուհն ազգային արժեք է»,- ասաց Հ. Գասպարյանը:
Դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Չախմախչյանը պատմեց, որ օրեր առաջ աշակերտների հետ իրականացրել են այց ԵՊՀ պատմության թանգարան, իսկ այսօր մրցույթի են մասնակցում՝ գիտելիքների ստուգման նպատակով:
«Աշակերտները ծանոթացան թանգարանի պատմությանը, իրենց գիտական ուղին Մայր բուհում սկսած անվանի գիտնականներին ու նրանց գործունեությանը: Կարծում եմ՝ մեր այցերը կօգնեն աշակերտներին հետագայում իրենց մասնագիտության ընտրությունը կատարելիս»,- նշեց Հ. Չախմախչյանը:
9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ղուլյանին տպավորել էին պատմամշակութային այն իրերը, որոնք տեսել էր թանգարանում: «Ինձ համար ամեն բան շատ տպավորիչ էր: Այստեղ լսեցի հետաքրքիր պատմություններ և կցանկանամ հետագայում կրթություն ստանալ հենց ԵՊՀ-ում»,- ասաց դպրոցականը:
Հանդիպման վերջում ամփոփվեցին մրցույթի արդյունքները, և ճիշտ պատասխաններ հնչեցրած աշակերտներին հանձնվեցին մրցանակներ: