09.07.2021 | 
Հասարակություն
«21-ՐԴ ԴԱՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐՆ Է». ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«21-ՐԴ ԴԱՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐՆ Է». ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Կարապետյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կենսաբանության զարգացման հեռանկարների, ամբիոնում իրականացվող հետազոտական աշխատանքների, գիտության ու կրթության մասին:

- Տիկի՛ն Կարապետյան, ինչպե՞ս որոշեցիք, որ Կենսաբանության ֆակուլտետ պիտի ընդունվեք։ Ի՞նչ պատկերացումներ ունեիք մասնագիտության վերաբերյալ։

- Ես լավ էի սովորում դպրոցում, և գրեթե բոլոր առարկաներն ինձ համար հետաքրքիր էին. ինձ հավասարաչափ հետաքրքրում էին թե՛ հումանիտար և թե՛ բնագիտամաթեմատիկական առարկաները, ու երևի թե այս իմաստով կենսաբանությունը կենտրոնում էր: Սիրում էի կենսաբանությունը և հիմա կենսաբանի պատասխան կտամ. ժառանգական գործոնը, հավանաբար, իր դերն է ունեցել. ծնողներս ևս բնագիտական կրթություն ունեն: Հայրս ֆիզիկոս է, մայրս՝ համալսարանական կրթությամբ քիմիկոս:

Երբ ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ ընդունվել ԵՊՀ կենսաբանական (այժմ՝ Կենսաբանության) ֆակուլտետ, նրանք, մտածելով, որ կենսաբանությունը մոտ է բժշկագիտությանը, ամեն կերպ փորձում էին ինձ ուղղորդել դեպի Երևանի բժշկական ինստիտուտ (այժմ՝ ԵՊԲՀ), սակայն կենսաբան դառնալու, Մայր բուհում սովորելու ցանկությունս շատ մեծ էր: Եվ պետք է ասեմ, որ երբեք չեմ զղջացել այդ ընտրության համար:

 

Մասնագիտության վերաբերյալ պատկերացումներս, բնականաբար, դպրոցական ծրագրի սահմաններում էին: Հիշում եմ՝ շատ էի զարմացել, որ քիմիան, մաթեմատիկան, ֆիզիկան մասնագիտական առարկաներ էին լինելու, և ուսումնական պլանով դրանց մեծ ժամաքանակ էր հատկացված: Այսօր հասկանում եմ, որ դրանք իսկապես անհրաժեշտ են կենսաբանի որակավորում ստանալու համար:

 

- Որպես հեռանկար՝ մտածե՞լ էիք դասախոս դառնալու մասին։ Ինչպե՞ս որոշեցիք նաև դասավանդել։

 

- Այո՛, մտածել էի և շատ էի ցանկանում: Մանկավարժությունը ևս, ինչպես ասում են, իմ գեներում է: Երբ ավարտեցի համալսարանը, կրթությունս շարունակելու առաջարկ եղավ, ես ուրախությամբ ձևակերպվեցի որպես հայցորդ: Գիտական թեզի  վրա աշխատելու հետ մեկտեղ ես մասնակցում էի հատկապես լաբորատոր դասերին, և իմ ղեկավարը՝ պրոֆեսոր Կարինե Ջիվանյանը, զեկուցագիր գրեց, որ ես դասեր վարեմ. երևի այդ տարիներին այդպես կարելի էր: Մոտավոր հիշում եմ այդ զեկուցագրի տեքստը. դասավանդելու փորձ ձեռք բերելու նպատակով խնդրում եմ թույլատրել Ա. Կարապետյանին վարել Հյուսվածքաբանության լաբորատոր դասերը: Փաստորեն չունենալով ծանրաբեռնվածություն՝ ինձ վստահեցին, ես սկսեցի դասավանդել, շատ երջանիկ էի: 2 տարի անց արդեն 0.25 դրույքով որպես դասախոս ձևակերպվեցի Կենդանաբանության ամբիոնում: Գիտեք, եթե համեմատենք դասախոսի մասնագիտությունն այլ մասնագիտությունների հետ, մենք շահեկան կարգավիճակում ենք, քանի որ գործ ունենք երիտասարդ, գեղեցիկ, հետաքրքիր մարդկանց հետ, որոնք ուզում են սովորել:

 

- Ի՞նչ է կենսաբանությունը, Ձեր սահմանմամբ:

 

- Գիտեք, որ կենսաբանությունը գիտություն է կյանքի մասին: Ինչ է կյանքը, ինչպես է այն առաջացել մեր մոլորակի վրա, զարգացման ինչ փուլեր է անցել: Իրականում կենսաբանությունը շատ լայն է, այն կյանքի մասին գիտությունների ամբողջություն է:

Կենսաբանությունը միշտ մարդկության պատմության, նրա հետաքրքրությունների, աշխարհընկալման հետ հատուկ հարաբերությունների մեջ է գտնվել:

 

Բնականաբար, նոր կյանքը՝ մարդու ծնվելը, չէր կարող չհետաքրքրել մարդկությանը:  

Ինձ համար, որպես հյուսվածքաբանի, կենսաբանությունը մանրադիտակի տակ հյուսվածքների, բջիջների միկրոաշխարհի բացահայտումն է, երբ դու տեսնում ես բազմաթիվ կառուցվածքներ այնտեղ, որտեղ անզեն աչքով հնարավոր չէ տեսնել:  

 

Ես դասավանդում եմ «Զարգացման կենսաբանություն» առարկան և կարող եմ ասել, որ այս իմաստով մարդու զարգացման պատմությունը նրա սաղմնային զարգացման 9 ամիսների՝ 266 օրերի ընթացքում շատ անգամ ավելի հետաքրքիր է և ավելի շատ իրադարձություններով հագեցած, քան նրա հետագա 90 տարիները միասին վերցրած: 

 

- Ի՞նչ է ենթադրում կենսաբանության ուսուցումը: Ի՞նչ մեթոդներ եք կիրառում Դուք:

 

- Ընդհանրապես ուսուցումը պահպանողական գործընթաց է: Դասավանդման պարագայում մեթոդը նպատակին հասնելու միջոց է, այսինքն՝ նպատակին հասնելու համար հնարքների և գործողությունների ամբողջություն: Դասավանդման, ուսուցման մեթոդները բնականաբար շատ են, տարբեր են, սակայն կարծում եմ, որ կարելի է առանձնացնել ուսուցման մեթոդների 3 խումբ՝ բանավոր, տեսողական, պատկերավոր և գործնական/լաբորատոր:

 

Այս մեթոդների ճիշտ համադրության դեպքում, կարծում եմ, արդյունքը գոհացնող է լինում: Թող զարմանալի չհնչի, բայց դասախոսն ինչ-որ չափով պետք է նաև դերասան լինի: Պատկերացրեք՝ լաբորատոր դասերի համար կուրսը բաժանվում է 3-4 խմբերի, և քանի որ ծրագիրը նույնն է, պետք է նույն նյութը բոլոր խմբերում դասավանդել, այնպես պետք է մատուցել, որ հետաքրքրություն առաջանա՝ պահպանելով բովանդակությունը, այսինքն՝ ամեն անգամ մի նոր իմպրովիզացիա անել: Օրինակ՝ 7-8-րդ ժամերի խումբը երբեք չպետք է զգա, որ 4-րդ անգամ ես այդ նույն բանն ասում, և կարծում եմ՝ այդ նյութը դասախոսը պարտավոր է նույն ոգևորությամբ, նույն եռանդով ներկայացնել:   

 

- Ըստ Ձեզ՝ կենսաբանությունն այսօր գրավի՞չ մասնագիտություն է Հայաստանում:

 

- Այո՛, այն պահանջարկ ունեցող մասնագիտություն է, այն անմիջականորեն առնչվում է բժշկագիտության, բնապահպանության, սննդի և դեղամիջոցների արտադրության հետ: Եթե 19-րդ դարը կոչում էին ֆիզիկայի դար, 20-րդ դարը՝ քիմիայի, ապա 21-րդ դարը կենսաբանության դարն է: Ինչո՞ւ: Գիտությունը տեղում չի կանգնում: Մարդու գենոմը վերծանվել է, հայտնաբերվել են անբուժելի հիվանդությունների բուժումներ, այսինքն՝ կենսաբանության մեջ շատ հարցեր են լուծում ստացել, սակայն շատ հարցեր դեռևս բաց են, և դրա վառ ապացույցը կորոնավիրուս կոչվող չարիքի պատճառած մեր այս անհանգիստ 1.5 տարին է:

 

- Ձեր գնահատմամբ, ոլորտի զարգացման համար ի՞նչ է պետք անել:

 

- Պետք է սկսել դպրոցից: Ես կարծում եմ, որ մենք շատ ենք իջեցրել բուհ ընդունվելու շեմը: Չգիտեմ՝ ճիշտ եմ, թե սխալ, սակայն գտնում եմ՝ բուհ ընդունվելու համար դիմորդը պետք է քննություն հանձնի առնվազն 3 առարկայից, իսկ մենք դասախոսներին ժամեր, ծանրաբեռնվածություն ապահովելու, շատ ուսանողներ ունենալու համար անում ենք հակառակը: Շատ կարևոր է, որ կրթությունը լինի անվճար ուսանողի համար, կամ գոնե բուհի ֆինանսավորումը կախված չլինի ուսանողի վճարից: Հասկանում եմ, որ դժվար է, բայց պետությունը պետք է ապահովի դա: Միայն այդ դեպքում մեր կրթության որակը կբարձրանա, քանի որ մրցակցությունը կարևոր շարժիչ ուժ է:   

 

 

- Տիկի՛ն Կարապետյան, Դուք գլխավորում եք ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը, գիտական ի՞նչ ուղղություններով են հետազոտություններ իրականացվում Ձեր ամբիոնում:

 

- Ֆիզիոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների կենսագործունեությունը բնականոն և ախտաբանական պայմաններում՝ բջջային, հյուսվածքային, օրգանային և համակարգային մակարդակներում, արտաքին միջավայրի հետ նրանց փոխազդեցության օրինաչափությունները և հարմարման մեխանիզմները գոյության տարբեր պայմաններում: Այն պատկանում է բժշկակենսաբանական հիմնարար և շատ արագ զարգացող գիտությունների թվին: Գիտական նորանոր փաստերն ու պատկերացումներն այս բնագավառում չափազանց արագ են կուտակվում: Պատահական չէ, որ ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ Նոբելյան մրցանակը, որ տրվում է այս բնագավառում՝ սկսած 1901 թվականից, կոչվում է Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում գիտական նվաճումների համար: Ամբիոնի կարևորագույն գիտական ուղղություններից են տարբեր էկոլոգիական գործոնների և մտավոր ու հուզային ծանրաբեռնվածության պայմաններում օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների կարգավորման նեյրոֆիզիոլոգիական և նեյրոքիմիական մեխանիզմների, ինչպես նաև էքստրեմալ իրավիճակներում տարբեր ողնաշարավորների օնտոգենեզի կայունության և բջջային հոմեոստազի գնահատման ուսումնասիրությունները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ ամբիոնի շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են Հայաստանի և Եվրոպայի գիտակրթական հեղինակավոր կենտրոններում, ինչը մեզ նույնպես  հնարավորություն է տալիս համագործակցելու և իրականացնելու համատեղ ծրագրեր:

 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ մարտահրավերներ կան այսօր կրթության ոլորտում:

 

- Կարծում եմ՝ հիմնական մարտահրավերը, որի հետ բախվում է ցանկացած երկրի կրթական համակարգ, համաշխարհային գլոբալացումն է: Այս գործընթացի անբաժանելի մասը մտավոր ռեսուրսների՝ տեղեկատվության, գիտական գաղափարների, տեխնոլոգիաների, որակյալ կադրերի ազատ տեղաշարժն է: Կրթական հաստատությունների ինտեգրումը, կրթական միջազգային ծրագրերի և ցանցերի ստեղծումն արտացոլում են միասնական, միջազգային կրթական տարածքի ձևավորման միտումը: Անցումը դեպի տեղեկատվական հասարակության ձևավորում է նոր միջավայր և վարքի նոր կանոններ:

 

Համընդհանուր թվայնացման արդյունքում մենք ունենք տեղեկատվության ավելցուկ: Նախկինում գիտելիքների և տվյալների հասանելիությունը բաց էր միայն նրանց համար, ովքեր բարձրագույն կրթություն էին ստանում կամ աշխատում էին գիտության ոլորտում: Տեղեկատվությունն այսօր այլևս արժեքավոր ռեսուրս չէ և այնքան շատ է, որ անհրաժեշտ հմտություն է դառնում այդ տեղեկատվությունը ճիշտ դասակարգելու, վերլուծելու և ստուգելու կարողությունը:

 

- Ի՞նչ կուզեիք փոխել գիտության ոլորտում:

 

- Կարծում եմ՝ գիտությունը միակ բանն է, որից հնարավոր չէ հիասթափվել: Առանց գիտության չկա կրթություն: Կրթությունը փոխում է մարդկանց մտածողությունը, գործունեությունը, ուստի գիտությունը պետք է դասավանդվի այնպես, որ այն դառնա ապրելակերպ, ներգործի շրջակա միջավայրի վրա, մեկնաբանի աշխարհը, որում մենք ապրում ենք: Իսկ գիտության զարգացման համար գաղտնիք չէ, որ անհրաժեշտ են ներդրումներ: Միշտ մտածում եմ՝ հետաքրքիր է, թե ինչով է ղեկավարվում գիտնականը, երբ պատրաստվում է հայտնագործություն անել. օգուտ բերել մարդկությա՞նը, թե՞ բավարարել սեփական ես-ը: 

 

Գիտնական լինելը պետք է լինի մեծ պատիվ և ինչ որ տեղ նաև դժվար հասանելի:

 

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին և գործընկերներին:

 

- Գործընկերներիս դժվարանում եմ խորհուրդ տալ: Ինձ դասավանդած դասախոսներից շատերն այսօր իմ ավագ գործընկերներն են, և ես հաստատ նրանցից ինչ-որ բաներ եմ վերցրել: Այս մրցանակը շատ պատվավոր և էլ ավելի պարտավորեցնող է ինձ համար։ Համոզված եմ, որ նման արդյունքի հասել եմ հենց գործընկերներիս և ուսանողների հետ համագործակցության ու համատեղ աշխատանքի շնորհիվ։

 

Իսկ ուսանողներին կցանկանայի խորհուրդ տալ լինել ժամանակակից: Իմ պատկերացմամբ, դա նշանակում է հետևել մեր քաղաքի, հանրապետության կարևոր մշակութային իրադարձություններին, լինել իրազեկ համաշխարհային հիմնական իրադարձություններին, տիրապետել առնվազն 2 օտար լեզվի, անպայման հանդուրժող լինել, բայց միևնույն ժամանակ ունենալ և պաշտպանել անձնական տեսակետը: «Life-long learning», ինպես ասում են՝ ցկյանս ուսումնառություն:   

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: