29.11.2021 | 
Ուսանողական
«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
«Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպում են մարզերում սովորող աշակերտներին, նրանց ներկայացնում իրավական տարբեր թեմաներ՝ այդկերպ հաղորդակից դարձնելով իրավական մշակույթին ու բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը:

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ իրականացվող ծրագրի նպատակն է իրազեկել դպրոցականներին, նրանց ծանոթացնել իրենց իրավունքներին և բարձրացնել իրավագիտակցության ու իրազեկվածության մակարդակը ՀՀ մարզերում։

 

Նրա խոսքով, մարզերում անցկացվող իրազեկումների ժամանակ բանախոսները ներկայացնում են ԵՊՀ-ի պատմությունը, կառուցվածքն ու գործունեությունը, խոսում ֆակուլտետներում իրականացվող ուսումնական գործընթացի և հեռանկարների մասին:

 

«Հանդիպումների ժամանակ աշակերտները ծանոթանում են իրավունքի ճյուղերի ընդհանուր բնութագրերին: Քննարկվում են մարդու իրավունքներն ու ազատությունները` առավելապես շեշտադրելով քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտներին առնչվող հիմնական օրինաչափությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Գոհար Ավագյանը։

 

 

Նրա տեղեկացմամբ, հանդիպումների ընթացքում աշակերտներին ներկայացված թեմաների վերաբերյալ տրվում են իրավիճակային հարցադրումներ, որոնք ապահովում են ակտիվ ու իրավական մթնոլորտ. «Հատկանշական ու ոգևորիչ են աշակերտների պատրաստվածությունը, ընդհանրական գիտելիքներն ու հետաքրքիր մտածողությունը»։

 

Գոհար Ավագյանը տեղեկացրեց, որ «Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի շրջանակում արդեն իսկ կազմակերպվել են հանդիպումներ Ստեփանավանի, Արտաշատի, Հրազդանի և Արմավիրի տարբեր դպրոցներում: Նա նաև փաստեց, որ այցերը շարունակական են լինելու:

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: