24.09.2021 | 
Հասարակություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը:

2016 թ․ ի վեր անընդմեջ անցկացվող քրեաիրավական և քրեադատավարական հիմնախնդիրներին նվիրված դատախաղի նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել պաշտպանական կամ մեղադրական կողմի դերերի միջոցով մասնակցելու դատական գործընթացի և այդ գործնական փորձառության շնորհիվ ձեռք բերելու մասնագիտական նոր գիտելիքներ ու հմտություններ։

 

Մեզ հետ զրույցում Հայաստանում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը փաստեց, որ իրականացվող դատախաղի նպատակներից է նաև, որ ձեռք բերված գիտելիքները կիրառվեն ոչ միայն ուսման մեջ, այլև դրական ազդեցություն ունենան ապագա մասնագիտացման առավել հստակ ընտրության հարցում։

 

Նրա տեղեկացմամբ, ՀՀ և Արցախի բուհերի Իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպված մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլի ընթացքում ուսանողներն առաջադրված խնդրի վերաբերյալ հայտնում են իրենց փաստարկված դիրքորոշումները մեղադրանքի և պաշտպանության կողմերի տեսանկյուններից, իսկ բանավոր փուլի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած ու առավելագույն միավորներ հավաքած թիմերի ներկայացուցիչները:

 

Այս տարի դատախաղ-մրցույթին մասնակցելու համար դիմել է 3-ական անդամներից բաղկացած 10 թիմ: Թիմերը ներկայացնում են ԵՊՀ-ն, ԱրՊՀ-ն, Հայաստանում Ֆրանսիական, Հայ-ռուսական համալսարանները և ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։

 

Դատախաղի բանավոր փուլը բաղկացած է 5 կիսաեզրափակիչ խաղից, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ հանդես է գալիս երկու անգամ, մի դեպքում՝ որպես պաշտպանության, հաջորդին՝ մեղադրանքի կողմ: Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած երկու թիմ մրցում է հաղթողի գավաթը նվաճելու համար:

 

 

Միջբուհական դատախաղ-մրցույթին բացման խոսքով հանդես եկան Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) անմիջական գործընկեր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Աննա Մարգարյանը և հիմնադրամի Հարավային Կովկասի, Հարավարևելյան Եվրոպայի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը։

 

Աննա Մարգարյանը փաստեց, որ եզակի ձևաչափ ունեցող դատախաղը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին դրսևորելու իրենց գիտելիքները, սիրված ու սպասված է հենց նրանց շրջանում։ Նա կարևորեց գործընկերների մասնակցությունը և աջակցությունը։

 

«Տարեցտարի մենք համոզվում ենք, որ միջոցառումը ոչ միայն արդյունավետ է ու կարևոր, այլև համալսարանական կրթության ոլորտում լավագույնն է։ Շատ ենք կարևորում այն հանգամանքը, որ դատախաղ-մրցույթին մասնակցելու իրավունք ունեն նաև Արցախի բուհերը»,- ասաց Աննա Մարգարյանը։

 

Նա ուրախությամբ նշեց, որ դիմում-հայտերի քանակն էլ ապացուցում է, որ հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ չի պակասել, և որ գիտելիքը շարունակում է մնալ ամենապահանջվածը։

Ֆրանկ Հուփֆելդը, որը գերմանացի մյուս գործընկերների հետ առցանց միացել է դատախաղին, միջոցառման բացման իր խոսքում հույս հայտնեց, որ այս տարի ևս մրցույթն արդյունավետ կանցնի։ Նա մասնակիցներին պատմեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) գործունեության մասին՝ փաստելով, որ այս տարի լրացել է համագործակցության տասը տարին։

 

Ֆրանկ Հուփֆելդը նշեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվում են մի շարք միջոցառումներ, և հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն։ Դիմելով մասնակից ուսանողներին՝ նա ասաց, որ ակնկալում է հետաքրքիր մրցակցություն և հաճելի օրեր։

 

 

Այնուհետև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Աննա Մարգարյանը, մասնակիցներին ներկայացնելով մրցույթի կանոնները, նշեց, որ այս տարի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, եթե նախկինում թիմի անդամները չորսն էին, ապա այս տարի նրանք երեքն են, որոնց ուղեկցում է մարզիչը։ Բացի դրանից՝ այս տարի կրճատվել է բանավոր փուլում միմյանց դեմ մրցող թիմերի քանակը։ Եթե նախորդ տարի հանդիպում էր 6 թիմ, ապա այս տարի բանավոր փուլում մրցում են 5-ը։

 

Աննա Մարգարյանը նշեց, որ ըստ այդմ՝ այլևս հնարավորություն չի տրվում վիճակահանությամբ որոշելու միմյանց դեմ մրցող թիմերին, ուստի ժյուրիի անդամների և կազմակերպիչների հետ համատեղ քննարկման արդյունքում որոշվել է նախապես բաշխել, քանի որ յուրաքանչյուր թիմ պետք է հանդես գա և՛ որպես պաշտպանության, և՛ մեղադրանքի կողմ՝ ունենալով տարբեր մրցակիցներ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորը փաստեց, որ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ուսանողները հնարավորություն ունենան հանգստանալու։  

 

Նրա խոսքով, յուրաքանչյուր խաղի համար կհատկացվի 1 ժամ, որից 15-ական րոպեներ կտրվեն կողմերից յուրաքանչյուրին՝ դիրքորոշումն արտահայտելու, իսկ մնացած 30 րոպեն կտրվի ակնարկների, միմյանց և ժյուրիի կողմից տրված հարցերին պատասխանելու համար:

 

 

Մասնակիցների ելույթները դատելու է հայ և գերմանացի անդամներից կազմված ժյուրին։ Այս տարի ժյուրիի կազմում են ՀՀ Վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Վազգեն Ռշտունին, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովսեփ Սարգսյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, ինչպես նաև Դյուսելդորֆի գերագույն երկրամասային դատարանի դատավոր Առնդ Վայսհաուփթը:

 

Դատախաղ-մրցույթի բանավոր փուլում այսօր անցկացվելու է հինգ խաղ, որոնց արդյունքների հիման վրա վաղը եզրափակչում կհանդիպի երկու թիմ և կպայքարի հաղթողի կոչման համար։

Moot 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը: