06.02.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ՔԱՆԻ ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՈՉ ԹԵ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ Է, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ. ՆԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ՔԱՆԻ ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՈՉ ԹԵ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ Է, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ. ՆԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ծրագրերի մրցույթում մանկավարժության ոլորտում հաղթել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ն. Հարությունյանի ներկայացրած «ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի բարձրագույն կրթության համակարգերի համեմատական վերլուծություն» գիտական թեման:

Մեզ հետ զրույցում գիտական թեմայի ղեկավար,  ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Նազիկ  Հարությունյանն  անդրադարձավ գիտական թեմայի արդիականությանը, ինչպես նաև սպասվելիք  ծրագրերին:

 

«Հետաքրքիր է ուսումնասիրել վերոնշյալ երկրների բարձրագույն կրթության համակարգերը և դնել համեմատական վերլուծության մեջ: Համեմատական վերլուծության շնորհիվ երևան են գալիս կառավարման նմանություններն ու տարբերությունները, բացահայտվում է առաջավոր փորձը»,- ասաց թեմայի ղեկավարը:

 

Այն հարցին, թե ինչ ընդունակություններ են անհրաժեշտ համեմատական վերլուծություն կատարելու համար, Նազիկ Հարությունյանը պատասխանեց. «Առաջինը՝ վերլուծահամադրական մտածողություն, այնուհետև երևույթների խորքային ուսումնասիրություն, նյութի մշակվածություն, հիմնախնդրի խորը և համապարփակ ուսումնասիրություն»:  

 

Պրոֆեսոր Հարությունյանի տեղեկացմամբ, գիտական խմբի  գործունեությունը բաժանվել է փուլերի:  «Մշակել ենք հետազոտության իրականացման ցուցանիշներ և ցուցիչներ, որոնք հնարավորություն կտան կենտրոնանալու կոնկրետ խնդրին,- նշեց Հարությունյանն ու հավելեց,- առաջինն ուսումնասիրվելու է երկրների օրենսդրական դաշտը, այնուհետև կառավարման համակարգը, դրանց առանձնահատկությունները, ֆինանսավորումը, բովանդակային հատվածները՝ կրթական ծրագրերը, գնահատման և որակավորումների համակարգերը»: 

 

Ուսումնասիրության շրջանակում նախատեսվում են նաև  կլոր սեղաններ, սեմինար- քննարկումներ և գործուղումներ, այցելություններ յուրաքանչյուր երկրի լավագույն 6 բուհ և տեղում հանդիպում-քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ:

 

Թեմայի ուսումնասիրության ավարտին կտպագրվի 8 գիտական հոդված, ինչպես նաև կոլեկտիվ մենագրություն:

 

Սույն ծրագրի իրականացման համար գիտական խումբը կազմված է 4 անձից:  Բացի գիտական թեմայի ղեկավարից՝ ծրագրի թիմում են ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր դոցենտ Ալեքսանդր Գրիգորյանը, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը և ամբիոնի հայցորդ Անի Աբրահամյանը:

 

«Ուսումնասիրվող թեման պետք է շարունակական լինի: Երկու տարին քիչ ժամանակ է այս հսկայածավալ աշխատանքի համար, բայց ես կարծում եմ, որ մեր աշխատանքը կպսակվի հաջողությամբ»,- հավաստիացրեց Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Ն. Հարությունյանը:

 

Նազիկ Հարությունյանի խոսքով, անհրաժեշտ է ապագայում ստեղծել ԵԱՏՄ երկրների բարձրագույն կրթության  միասնական տարածք. «Բարձրագույն կրթության միասնական տարածքի ձևավորումն անհրաժեշտություն է, քանի որ 21-րդ դարը ոչ թե մրցակցության դարաշրջան է, այլ համագործակցության. չէ՞ որ համագործակցությունն է տանում զարգացման, ոչ թե առճակատումը»,- ամփոփեց պրոֆեսորը:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՎԻԶՈՒԱԼ ՀԱՇՎԱՐԿ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանում առաջին անգամ 2010 թվականին մեկնարկել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի և Գերմանիայի Ռոստոկի համալսարանի «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը։ Այն իրականացվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ: