30.11.2006 | 
Հասարակություն
ԴՊՐՈՑԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԴԱՍԱԳԻՐՔ
ԴՊՐՈՑԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԴԱՍԱԳԻՐՔ
Այսուհետ բուհերի օտար լեզուների ֆակուլտետների դիմորդները բանավոր քննության ձեռնարկ կունենան:

Նոյեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ անգլերեն լեզվի բանավոր քննության «Իմ թեմատիկ հանրագիտարանը» գրքի շնորհանդեսը: Ձեռնարկը նախատեսված է ոչ միայն բուհերի դիմորդների, այլեւ անգլերեն ուսումնասիրող անհատների, ոչ մասնագիտական ֆակուլտետներում սովորողների, նաեւ` միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիների համար:

Գրքի համահեղինակներն են ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն թիվ 2 ամբիոնի դասախոսներ Գայանե Հովհաննիսյանը, Մարինա Կարապետյանը, Ամալյա Բաբայանը եւ Արմինե Ղալաջյանը: Շնորհանդեսի ընթացքում հեղինակներից մեկը` Գայանե Հովհաննիսյանը, ասաց. «Այս գրքի հրատարակությունը տարիների ընթացքում կուտակված փորձի արգասիք է»: Նա նշեց նաեւ, որ գրքի պատրաստման ընթացքում իրենց գործընկերները եւ ուսանողները առաջարկներ են ներկայացրել, ուղղումներ մտցրել:

«Իմ թեմատիկ հանրագիտարանը» գիրքը բաժանված է 29 թեմատիկ միավորների, որոնցից յուրաքանչյուրը հիմնական տեքստերից բացի ունի ճանաչողական արժեք ներկայացնող լրացուցիչ նյութեր: Տեքստերին կից տրված են բառացանկեր` տառադարձությամբ, հայերեն եւ ռուսերեն թարգմանություններով: Գիրքը առանձնանում է ոչ միայն գունավոր եւ պատկերավոր հրատարակությամբ, այլեւ հումորային եւ լուրջ տեքստերի համադրությամբ:

Գայանե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք նախատեսում են լույս ընծայել նաեւ CD, որը, ըստ հեղինակների, պիտի ընդգրկի գրքի ողջ նյութը` որեւէ անգլիախոսի ընթերցանությամբ:

Գրքի տարածմանը մեծապես աջակցած Սուսաննա Գասպարյանը` Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետը, ասաց. «Բուհը պիտի լինի դպրոցի շարունակությունը: Այս իմաստով` «Իմ թեմատիկ հանրագիտարանը» գիրքը կարելի է անվանել «դպրոցի այլընտրանքային դասագիրք»»:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, բարձր գնահատականի արժանացնելով գիրքը, ասաց. «Հիմա մեր երեխաները կիմանան, որ գրքերը ոչ միայն ձանձրալի ու անգույն են լինում, այլեւ` գունեղ եւ հետաքրքիր, ինչպես այս մեկը»:

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: