27.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հասարակայնության հետ կապեր» ծրագրի մանրամասների, ընձեռած հնարավորությունների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ դիմորդներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կայացավ տեղեկատվական հանդիպում: Ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագիրը կրճատվել է՝ դառնալով մեկամյա, ինչի շնորհիվ դիմորդները հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում ստանալու հասարակայնության հետ կապերի մասնագետի որակավորում, հիմնարար գիտելիքներ, մագիստրոսի աստիճան։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի՝ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի թե՛ բակալավրիատի, թե՛ մագիստրատուրայի կրթական ծրագրերում նորություններ ունեն։

 

«Սեպտեմբեր ամսից մեկնարկում է «Հասարակայնության հետ կապեր» բակալավրիատի ծրագիրը, իսկ մագիստրոսական ծրագիրը դարձել է մեկամյա: Մեկ ծրագրում ներառված են թե՛ մասնագիտական պրակտիկան, թե՛ տեսական գիտելիքների տրամադրումը: Փոխվել է նաև ավարտական աշխատանքի պաշտպանության ձևաչափը. դրանք լինելու են PR նախագծերի տեսքով»,- նշեց Ն. Մելքոնյանը։ Ծրագրի ղեկավարը, խոսելով հանդիպման կարևորությունից, նշեց․ «Այս ձևաչափով հանդիպումների կազմակերպումը պարբերական բնույթ ունի։ Մենք դիմորդներին ոչ միայն ներկայացնում ենք մագիստրոսական ծրագրի մանրամասները և դրանք դասավանդող դասախոսներին, այլև խոսում ենք առհասարակ PR-ից ու դասընթացներից։

 

 

Այս միջոցառման առանձնահատկությունն այն է, որ այն կազմակերպել են մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանողներն իրենց «PR արշավների նախագծում» առարկայի շրջանակում։ Դա կատարել են որպես պրակտիկ հանձնարարություն»:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագիրը, խոսեցին մասնագիտության արդիականության մասին: Նշեցին, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում  զարգացնելու քննադատական մտածողությունը, ինչը կարևոր է հաղորդակցության ոլորտում:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Անի Հակոբյանը ևս հրավիրված էր հանդիպմանը: Նշեց, որ եկել է ապագա դիմորդներին և ուսանողներին ներկայացնելու իր աշխատանքային փորձը։ «Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում ուսանողները կկարողանան ձեռք բերել նոր գիտելիքներ, թարմացնել դրանք, ձեռք բերել նոր մասնագիտություն և աշխատաշուկայում հեշտությամբ գտնել իրենց տեղը»,- հավելեց նա:

 

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Ֆլորա Մանուկյանը որոշել է ներկա գտնվել հանդիպմանը, որպեսզի հետագայում մագիստրոսական ծրագրի ճիշտ ընտրություն կատարի։ «Այս հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեմ․ ուզում եմ հասկանալ՝ ինչ է ինձ սպասվում հետագայում այս մասնագիտությունն ու մագիստրոսական ծրագիրն ընտրելու դեպքում»,- ասաց նա:

 

 

 

Մագիստրոսական ծրագիրը տրամադրում է խոր և համակողմանի գիտելիքներ հաղորդակցության կառավարման, հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող մեթոդաբանական հիմնական մոտեցումների, հաղորդակցության հայեցակարգերի վերաբերյալ, ինչպես նաև տալիս է պրակտիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակայնության հետ կապերի, գովազդի, մարքեթինգի, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցությունների ոլորտներում՝ ազգային և միջազգային աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտներ, դիմորդներ: Հանդիպման ավարտին ներկաներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:

 

 

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ է ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ». ԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Աննա Մադաթյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում: Մեզ հետ զրույցում Աննան պատմել է լեզուների իմացության կարևորության, Իսպանիայում անցկացրած օրերի և այլ թեմաների մասին։