22.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում «PRO EXTOUR» նախագծի շրջանակում ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց կողմից մշակված փորձառական զբոսաշրջության վեց ծրագիր, որոնց վերաբերյալ հնչեցին մասնագիտական դիտարկումներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՊՀ ուսանողների մշակած ծրագրերը և դրանց կատարելագործման նպատակով հնչեցնել մասնագիտական խորհուրդներ, որպեսզի այդ ծրագրերը ներկայացվեն Հունաստանում, Բուլղարիայում և Վրաստանում։                                                                                                       

Ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հանդիպման սկզբում ողջունեց ներկաներին և հաջողություն մաղթեց մասնակիցներին։      

 

  

                                               

«Մեր ֆակուլտետն ունի մեծ ներուժ` Հայաստանում փորձառական զբոսաշրջության ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար, ուստի մենք հանձն ենք առել մասնակցել Սևծովյան ավազանի երկրներում փորձառական զբոսաշրջություն ներդնելու և զարգացնելու ուղղությամբ իրականացվող միջազգային նախագծին»,- ասաց դեկանը:                  

                                                          

Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը նշեց, որ արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը մասնակցում է «PRO EXTOUR» նախագծին, որի նպատակն է խթանել փորձառական զբոսաշրջության զարգացումը։     

                                            

 

Մշակած ծրագրերում ներառված էին հիմնական ռազմավարությունները, ուղղությունները, խնդիրներն ու նպատակները:   

 

Ֆակուլտետի ուսանող Սվետա Սահակյանը ներկայացրեց «Գորգագործությունը Հայաստանում» խորագրով ծրագիրը՝ հույս հայտնելով, որ զբոսաշրջիկներն անմիջական մասնակցություն կունենան գորգագործության գործընթացին։      

 

                                                                                                         

«Երբ իմացա, որ պետք է մշակենք մի ծրագիր, որն անմիջական կապ կունենա հայկական մշակույթի հետ, առաջին բանը, որ մտքիս եկավ, հենց գորգագործության թեման էր: Կարծում եմ՝ այն լավագույնս ներկայացնում է մեր երկրի դիմագիծն ու ճաշակը»,- ասաց Ս. Սահակյանը:                                    

Ֆակուլտետի ուսանող Մարիամ Տաշյանը, ներկայացնելով իր «Մասնակցությունը հայկական ծեսերին» խորագրով ծրագիրը, նշեց, որ այն նպատակ ունի զբոսաշրջիկներին ոչ միայն հայկական ազգային մշակույթին, ծեսերին, ժողովրդական պարերին ու արվեստին ծանոթացնելու, այլև այդ ամենի մի մասը դարձնելու։                                                                                                                

                 

 

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համատեղ ջանքերով։

 

Նշենք, որ փորձառական զբոսաշրջության նպատակն է զբոսաշրջիկներին ներգրավել զբոսաշրջային գործունեությանը և նրանց դարձնել դրա մի մասնիկը:

 

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: