04.10.2022 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՒԳԸ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՒԳԸ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի շրջանակում ֆիզիկայի ֆակուլտետում կազմակերպվեց պանելային քննարկում՝ «Գիտության զարգացման հեռանկարները Հայաստանում. ռազմավարական կարևոր ուղղություններ» խորագրով:

Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լևոն Դավթյանը, շնորհավորելով համալսարանականներին ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակի առթիվ, ընդգծեց, որ ՈՒԳԸ-ն մշտապես ստեղծում է նոր հնարավորություններ՝ ուսանողներին գիտությանը առավել մոտեցնելու և ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

 

 

Անդրադառնալով միջոցառման կազմակերպման նպատակին՝ Լ. Դավթյանը նշեց. «Մեզ համար կարևոր է լսել փորձառու գիտնականների կարծիքն ու տեսակետները՝ հարստացնելու մեր գիտելիքները։ Այսպիսի քննարկումները նպաստում են երիտասարդների մասնագիտական աճին և, առհասարակ, Հայաստանում գիտության զարգացմանը»։

 

Քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին Հայաստանում գիտության շարունակական զարգացման և առաջընթացի մասին և ներկայացրին առաջարկներ՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան առաջ շարժվելու վերաբերյալ։

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ. Մուշեղ Ռաֆայելյանը, անդրադառնալով ՈՒԳԸ-ականների կազմակերպած պանելային քննարկման կարևորությանը, ասաց, որ այսօրինակ նախաձեռնությունների շնորհիվ մեծանում է ուսանողների հետաքրքրությունը գիտության հանդեպ:

 

 

«Մեզ համար անչափ կարևոր է, որ երիտասարդներն իրենց ապագայի պլանները կապեն գիտության հետ, և այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են քայլեր. երրորդ կուրսում սովորող ուսանողները կարող են ներգրավվել գիտական ծրագրերում։ Դա ողջունելի է, քանի որ ակադեմիական կրթություն ստանալուն զուգահեռ՝ նրանք զբաղվելու են գիտությամբ։ Գիտությունը ոգեշնչման լավագույն աղբյուրներից է»,- մեզ հետ զրույցում նշեց Մ. Ռաֆայելյանը:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Կարապետ Կազանչյանն ընդգծեց գիտնականների՝ միմյանց հետ աշխատելու և համագործակցելու կարևորությունը, որից անմասն չպետք է լինեն նաև ուսանողներն ու երիտասարդ հետազոտողները, քանի որ, իր համոզմամբ, այսօրինակ հանդիպումները նպաստում են ուսանողների աշխարհայացքի ու մտահորիզոնի ընդլանմանը: 

 

 

«Կարծում եմ՝ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ կկարողանանք նպաստել գիտության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Ողջունելի է այն, որ ուսանողները ներկա են լինում գիտական քննարկումների՝ տարբեր ոլորտների և թեմաների վերաբերյալ, ծանոթանում են մշակման ենթակա նախագծերին, և լիահույս ենք՝ նրանք հետագայում անհրաժեշտ քայլեր կկատարեն այդ ուղղությամբ»,- ասաց Կ. Կազանչյանը։

 

 

«Գիտության զարգացման հեռանկարները Հայաստանում․  ռազմավարական կարևոր ուղղություններ» խորագրով պանելային քննարկումն ընթացավ հարցուպատասխանի ակտիվ մթնոլորտում։

 

Նշենք, որ ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին նվիրված միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել այլ պանելային քննարկումներ, որոնց մասնակցելու են գիտնականներ՝ Հայաստանից և արտասահմանից:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
«Հայ-ռուսաստանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարան էր այցելել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Վասիլի Վ. Սազոնովը:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԱՊԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԵՊՀ-Ն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին: