06.09.2022 | 
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման «Գիտական Արցախ» պարբերականի 2022 թ. 2-րդ (13-րդ) համարի շնորհանդես-քննարկումը:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ նոր համարի քննարկումը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանում, որը պարբերականի հիմնադիրն է։ Քննարկմանը մասնակցել են խմբագրական խորհրդի անդամներն ու հոդվածագիրները:

 

«Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը միջոցառման ժամանակ նշել է, որ պարբերականի նոր համարի շնորհանդեսը կազմակերպվել է՝ ի նշանավորումն Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի:

 

Նախքան միջոցառման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների, ինչպես նաև պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանի անմար հիշատակը:

 

Շնորհանդես-քննարկման ժամանակ ելույթ են ունեցել խմբագրական խորհրդի անդամներ տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը և պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, հոդվածագիրներից՝ պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, տ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբջանյանը, տ.գ.թ., դոցենտ Նարինե Միրզոյանը, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը և այլք, որոնք իրենց խոսքում կարևորել են պարբերականի դերը՝ որպես գիտական հրապարակումների հարթակում Հայաստանի և Արցախի միջև յուրօրինակ կամրջի, որը միջազգային գիտական չափանիշներին համապատասխանող բազմաբովանդակ, արդիական և միջազգային ասպարեզում արդեն մեծ ճանաչման արժանացած պարբերական է։ Այն աչքի է ընկնում օտարերկրյա հեղինակների հրապարակումներով, և դրանում առանձնակի տեղ է հատկացվում Արցախյան ներկայիս մարտահրավերների վերլուծությանը և դրանք հաղթահարելու գիտական լուծման ուղիներին: Բանախոսները նաև ընդգծել են պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի արգասաբեր աշխատանքը, հետևողական ջանքերը և անմնացորդ նվիրումը:

 

 

Պարբերականի նոր համարում հրապարակվել է նաև ի․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի «Հայոց պետականության պահպանման սահմանադրաիրավական ուղիները» գրքի վերաբերյալ երկու գրախոսություն, որոնք հեղինակել են «Սահմանադրական մշակույթ» միջազգային գիտավերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, ի․գ․դ․, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը և Հայ-ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, ՀՀ վարչական դատարանի դատավոր, ի․գ․թ․, դոցենտ Ռաֆիկ Խանդանյանը:

 

Քննարկումն առանձնահատուկ էր նաև նրանով, որ այն նվիրված էր  հայագիտության մեծ երախտավորի՝ Արամ Սիմոնյանի հիշատակին: ԵՊՀ գիտքարտուղար, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․ Մերի Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրել է մահախոսականը, որը բնութագրում էր Արամ Սիմոնյանին՝ որպես ականավոր  գիտնականի, հրաշալի ղեկավարի և մարդու՝ ընդգծելով նրա ունեցած մեծ ավանդը պարբերականի գրանցած հաջողություններում:

 

Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել նաև մի շարք հոդվածագիրներ, որոնք շնորհավորանքի խոսք ուղղեցին պարբերականի նոր համարի լույսընծայման, նոր ուսումնական տարվա մեկնարկի և Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով պարբերականում հրապարակումներով հանդես գալու հնարավորության ընձեռման համար։

 

Նշենք, որ «Գիտական Արցախ» պարբերականի 13-րդ համարում լույս է տեսել 30 հեղինակի 22 հոդված, գրքի 2 գրախոսություն և 1 մահախոսական: Հեղինակները ներկայացնում են Արցախը, Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը: Հեղինակներից 5-ը գիտությունների դոկտոր է, 8-ը՝ գիտությունների թեկնածու, 14-ը՝ ասպիրանտ, իսկ 3-ը՝ երիտասարդ հետազոտող:

 

Այլ նորություններ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ֆիլմը, որն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում, նվիրված է հայազգի գիտնական, գրող, ծովակալ, ռազմագետ, զինհրամանատար Հովհաննես Իսակովի կյանքին և գործունեությանը, հատկապես Հայրենական պատերազմին նրա անմիջական մասնակցությանը և դերակատարմանը: