14.04.2021 | 
«ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՏԵՂ ՉԻ ՏԱՆՈՒՄ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
«ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՏԵՂ ՉԻ ՏԱՆՈՒՄ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն անդրադարձել է լրագրողների՝ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին վերաբերող մի քանի հարցերին:

Լրագրողները հարցեր ուղղեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամակցությունից հրաժարվելու՝ կառավարության կողմից նշանակված անդամների որոշման գնահատականի մասին, որին ի պատասխան՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ հարկավոր է իրավիճակին լուծում գտնել. «Տեղի ունեցածը համալսարանի համար ոչ ստանդարտ և ցանկալի իրավիճակ չէ, հարկավոր է լուծումներ գտնել, հակառակ դեպքում սա որևէ լավ տեղ չի տանի»:

Անդրադառնալով այն հարցին, թե տեղի ունեցածն արդյո՞ք քաղաքական ենթատեքստ է պարունակում, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նախընտրեց չմեկնաբանել մի երևույթ, որի պատճառներին ծանոթ չէ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ռեկտորի լիազորությունների մասին, եթե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամակցությունից հրաժարվելու՝ կառավարության կողմից նշանակված անդամների դիմումները վարչապետի կողմից տևական ժամանակ անպատասխան մնան, ինչին Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ նա Հոգաբարձուների խորհրդում որևէ իրավասություն չունի, նաև տրամաբանական է համարում, որ դիմումները գրվել են վարչապետին, քանի որ նրանց նշանակել է վարչապետը:

 

 ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը խորը ճգնաժամի վերածելը չափազանցված է. ճգնաժամ կա, բայց այն Հոգաբարձուների խորհրդում է:

«Ես վստահ եմ, որ ուսանողության ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի զգում, թե ինչ է կատարվում ԵՊՀ-ում, այլև նրանց այս ամենը հետաքրքիր էլ չէ,- փաստեց Գեղամ Գևորգյանը,-դասախոսների որոշ հատվածին նույնպես հետաքրքիր չէ՝ այսօր Հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի ունեցա՞վ, թե՞ ոչ, նրանք պարտաճանաչորեն իրենց գործն են անում»:

 

Անի Պողոսյան