16.04.2018 | 
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ 5-ՐԴ ԳԻՏԱՇՐՋԱՆԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ 5-ՐԴ ԳԻՏԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Այս տարի ապրիլի 16-20-ն անցկացվող ՈՒԳԸ միջազգային գիտաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին Հան­րա­պե­տու­թյան հիմնադրման 100-ամյա­կին: Գիտաժողովի նպատակն է ուսանողներին, ասպիրանտներին և երի­տա­սարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն ընձեռել ակադեմիական լսարանին ներ­կա­յաց­նելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գի­տա­կան աշ­­խատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաս­տանի և արտերկրի երիտասարդ հետա­զո­տող­ների հետ:

 

Առաջիկա հինգ օրերի ընթացքում աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրների շուրջ 50 գիտաուսումնական հաստատությունների շուրջ 500 ներկայացուցիչներ զեկուցումներ կունենան գիտական նստաշրջանի 20 մասնագիտական բաժանմունքներում, որոնք կանցկացվեն ԵՊՀ 19 ֆակուլտետներում և 3 ինստիտուտներում և կենտրոններում:

 

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին, ասաց, որ 1918 թվականին Հայոց պետականության վերականգնմամբ սկիզբ դրվեց հասարակական ու գիտական վերածննդին. «Ծանրագույն ժամանակներից հետո Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը դարձավ հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշը: Եվ հենց Առաջին Հանրապետության գոյության  շրջանում՝ 1919 թվականին, հիմնադրվեց նաև մեր երկրի Մայր բուհը, որն իր հերթին դարձավ երկրի զարգացման կարևորագույն հիմքը: Այսօր մեզ համար պատիվ է ԵՊՀ պատերի ներքո ևս մեկ անգամ մեկնարկել մեր տարեկան գիտական նստաշրջանը»:

 

 

Մհեր Հակոբյանի հավաստմամբ՝ այս գիտաժողովը վերջին տարիներին կազմակերպված գիտական միջոցառումներից ամենամասշտաբայինն է թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպչական կոմիտեի անդամների, թե՛ աջակցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի և թե՛ մասնագիտական բաժանմունքների թվի տեսանկյունից:

 

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց, որ ԵՊՀ ՈՒԳԸ գործունեության հիմնական միջոցառումներից մեկը հենց տարեկան գիտական նստաշրջանն է, որն արդեն վերջին 5 տարիների ընթացքում կազմակերպվում է միջազգային ձևաչափով:

 

«Տարեկան գիտական բոլոր նստաշրջանները նվիրվում են մեր երկրի, մեր ժողովրդի և մեր համալսարանի համար կարևոր և նշանակալի իրադարձություններին: Այս տարի ևս բացառություն չէր: Ուրախալիորեն ուզում եմ արձանագրել, որ այս միջոցառումներն աչքի են ընկնում կազմակերպչական բարձր մակարդակով և ԵՊՀ ռեկտորատի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՈՒԳԸ-ի թիմին»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը:

 

 

Գիտական նստաշրջանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ գիտաժողովի  մասնակիցների համար բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման նախադրյալների և դրա կարևորության մասին:

 

Տեղեկացնենք, որ ՈՒԳԸ միջազգային 5-րդ տարեկան գիտական նստաշրջանի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների ֆեդերացիայի (FEBS) 46-րդ գիտաժողովի ընթացքում համալսարանականները ներկայացրել են զեկուցումներ՝ նվիրված քաղցկեղի ուսումնասիրության, մանրէների նյութափոխանակության և նանոտեխնոլոգիայի զարգացման հիմնախնդիրներին: