20.10.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը:

Նշենք, որ «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել էր «Ոսկի սերմեր» ծրագիրը՝ որպես հարգանքի ու երախտիքի տուրք Արցախյան գոյամարտում զոհված երիտասարդների։ Նրանց լուսավոր անուններով կրթամրցանակները յուրաքանչյուր կիսամյակ խրախուսելու են բուհերի լավագույն ուսանողներին։

 

Կրթամրցանակի ամփոփման արարողությանը մասնակցում էին ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, փոխդեկան Արտաշես Սարգսյանը, ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Մակարյանը, Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը, Վարդան Ամալյանի ծնողները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մրցույթի մասնակիցներ, հյուրեր:

 

Արծրուն Ավագյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամին նմանատիպ նախաձեռնություն իրականացնելու համար՝ հատուկ շեշտելով, որ այս մրցույթում չկան պարտվողներ, և մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է:

 

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշեց, որ իրենք, արձագանքելով հասարակական խնդիրներին, փորձում են համախմբել հասարակության ներուժը և լուծման տարբերակներ առաջարկել. «Այս պատերազմը մեր հասարակության համար շատ լուրջ մարտահրավեր էր, և մենք ցանկանում էինք հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել մարդկանց ստեղծված ծանր իրավիճակում»:

Նրա խոսքով, Արցախյան պատերազմին մասնակցած անմահ հերոսների անունները կրթության և գիտության առաջընթացի հետ կապելու գաղափարը խնդրի լավագույն լուծումներից է, ուստի բարերարների շնորհիվ կրթամրցանակը շարունակական բնույթ է կրելու. «Հարկ է նշել, որ մրցույթի մասնակիցների ստեղծագործությունները շատ տպավորիչ են եղել, և անչափ դժվար ընտրությամբ է հաղթողը որոշվել»:

 

Հետաքրքրական է նաև մրցանակի գաղափարի տարածման պատմությունը։ Վարդան Ամալյանի անվան կրթամրցանակի հովանավորները բեռլինաբնակ 10 հայ տիկիններ են։

Ելույթի վերջում Արմինե Պետրոսյանն իր երախտիքը հայտնեց Վարդան Ամալյանի ծնողներին՝ հայրենիքի համար նման զավակ դաստիարակելու, Հայ բանասիրության ֆակուլտետին՝ ստացված համագործակցության համար:

 

Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը, ողջունելով նմանատիպ կրթաթոշակի անցկացման գաղափարը, որդու անունից շնորհակալություն հայտնեց մրցույթի մասնակիցներին և նրանց Վարդան Ամալյանի գիրքը նվիրեց:

 

Մրցույթի հանձնաժողովի անդամ Ալբերտ Մակարյանը նշեց, որ շատ տպավորված էր մասնակիցների աշխատանքներով. «Ներկայացված աշխատանքներում 21-րդ դարն էր խոսում, այնտեղ կային խոհեր, որոնք մեր սերունդը չունի, և ստեղծագործությունների հիմնական շեշտադրությունը գոյի վրա էր»:

Կրթամրցանակի ամփոփման արդյունքում հաղթող ճանաչվեց Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Հայկ Սիրունյանը, որն այդ պահին բացակայում էր, և Արծրուն Ավագյանը հանձն առավ մրցանակը (դրամական պարգև 200.000 դրամի չափով) անձամբ նրան փոխանցել:

 

Մրցույթի մյուս մասնակիցները խրախուսվելու են «Գուրգեն Մելիքյան հիմնադրամի» կողմից:

Այլ նորություններ
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը:
«MINERVA» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՊՀ HR ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ՈՒ ԱՐՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հետազոտական 406 լսարանում տեղի է ունեցել հիբրիդային ձևաչափով կազմակերպված հանդիպում-քննարկում, որի ընթացքում ԵՊՀ երիտասարդ հետազոտողներին և ասպիրանտներին ներկայացվել են «MINERVA» ծրագրի շրջանակում իրականացված քայլերն ու ընթացիկ գործողությունները։