06.09.2021 | 
Գիտություն
ԲՈՒՀԵՐԻ ՄԵՋ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՊՀ-Ն ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է. ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ 5 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԲՈՒՀԵՐԻ ՄԵՋ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՊՀ-Ն ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է. ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ 5 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ԵՊՀ-ի ներկայացրած գիտական 5 թեմա երաշխավորվել է ֆինանսավորման:

ԵՊՀ-ի կողմից ներկայացված թեմաներից ֆինանսավորման են երաշխավորվել «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում», «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ սինթեզ և ակտիվություն», «Կենսաանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ», «Մետաղակայուն մանրէները որպես շրջակա ﬕջավայրի կենսավերականգնման ﬕջոցներ» և «Նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսուﬓական կենտրոնի ստեղծում» թեմաները:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն ասաց, որ հայտարարված մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի և լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել արդեն գործող գիտական լաբորատորիաների կամ բաժինների ամրապնդմանը:

 

«Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 8-ի որոշմամբ 2021 թ. պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված  ֆինանսական միջոցներն ավելացել են, ինչը նպատակ ունի ընդլայնելու ոչ միայն մեկնարկային լաբորատորիաների զարգացումը, այլև թեմատիկ հետազոտությունների ծավալը. 2021 թվականին նախատեսվում է տրամադրել շուրջ 50 դրամաշնորհ»,- ասաց Երանուհի Մանուկյանը:

 

Նրա խոսքով, գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 16 թեմա, որոնցից 5-ը՝ ԵՊՀ-ից:

 

«Ըստ էության՝ մրցույթի արդյունքները տրամաբանական են, քանի որ բուհերի մեջ երաշխավորված թեմաների քանակով ԵՊՀ-ն մշտապես առաջատարն է, և այս մրցույթի արդյունքներն էլ դրա վառ վկայությունն է: Այսինքն, գիտական արդյունավետությունը համահունչ է ներկայիս իրավիճակին»,- նշեց Գիտական քաղաքականության վարչության պետը:

 

Երանուհի Մանուկյանը նշեց, որ դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, որի ընթացքում 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերը կիրականացնեն իրենց հետազոտությունները:

 

Այս մրցույթի համար Գիտության կոմիտեի սահմանած կարևոր չափանիշներից, ըստ Երանուհի Մանուկյանի, այն է, որ հետազոտական խմբերում պարտադիր պետք է ներառվեն երիտասարդներ, ինչը շատ կարևոր է սերնդափոխության տեսանկյունից, քանի որ այս ձևաչափով նրանք հնարավորություն կստանան ձեռք բերելու գիտական աշխատանքներ իրականացնելու և դրամաշնորհային ծրագրերի մասնակցության համար անհրաժեշտ հմտություններ:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔԻՐԱԼԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ՆՅՈՒԹԵՐ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ սինթեզ և ակտիվություն» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինոթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են գտնել կիրառություն ասիմետրիկ սինթեզում:
«ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր Ֆարմացիայի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ֆարմացիայի արդի ձեռքբերումները» II միջազգային գիտաժողովը: