16.07.2021 | 
Հասարակություն
«ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԴՈԿՏՈՐ ՔՐԻՍՏՈՖ ԶԱՖԵՌԼԻՆԳԸ
«ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԴՈԿՏՈՐ ՔՐԻՍՏՈՖ ԶԱՖԵՌԼԻՆԳԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Նյուրնբերգյան դատավարություններ» խորագրով առցանց դասախոսությամբ է հանդես եկել Ֆրիդրիխ-Ալեքսանդր էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի ու դատավարության և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր Քրիստոֆ Զաֆեռլինգը։

«Միջազգային քրեական իրավունք» դասընթացի շրջանակում իրականացված հերթական սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած նյուրնբերգյան դատավարությունները:

 

Դոկտոր Քրիստոֆ Զաֆեռլինգը նախևառաջ անդրադարձել է այդ դատավարություններից առաջինին և ամենահայտնիին, որը Նորման Բրիկետի կողմից նկարագրվել է որպես «պատմության մեծագույն դատավարություն»:

 

Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրել է առանցքային մի շարք հարցադրումներ՝ կապված 1945 թ. նոյեմբերի 25-ից մինչև 1946 թ. հոկտեմբերի 1-ն  ընթացած դատավարության հետ՝ նշելով դրա առջև դրված խնդրի բուն էությունը. իրականացնել Երրորդ Ռայխի 24 ամենակարևոր քաղաքական և ռազմական դեմքերի դատական վարույթները։

 

Քրիստոֆ Զաֆեռլինգը խոսել է նաև դատավարությունների երկրորդ փուլի մասին, որն անցկացվել է ԱՄՆ-ում։ Պրոֆեսորը նշել է, որ դատական գործընթացների արդյունքում ձևավորված պրակտիկան հետագայում լայն կիրառություն է ստացել մասնավորապես ԱՄՆ-ի կողմից պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ագրեսիվ պատերազմի վերաբերյալ իրավասության զարգացման համար: Նրա խոսքով, դատավարությունների երկրորդ փուլը բավականին մեծ ազդեցություն է ունեցել նաև Միջազգային հանցագործությունների դատարանի ստեղծման գործում։

 

Դասախոսության ընթացքում Ֆրիդրիխ-Ալեքսանդր էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսորը ներկայացրել է նյուրնբերգյան դատավարությունների զարգացման ճանապարհը՝ փաստելով, որ զարգացումը դրսևորվել էր անպատժելիության վերացմամբ, նյութական ու դատավարական նորմերի ամրագրմամբ, դրանց կիրառման պրակտիկայի ձևավորմամբ և զարգացմամբ:

 

Նա անդրադարձել է միջազգային քրեական իրավունքին, ինչպես նաև դրա հնարավոր զարգացումներին՝ ընդգծելով կառուցվածքային, համագործակցային և օրինականության խնդիրները:

 

Պրոֆեսորը հանգամանալից վերլուծության է ենթարկել Միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրության 6-րդ հոդվածը՝ մասնավորապես քննարկման առարկա դարձնելով խաղաղության, պատերազմի թեմաները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

 

Հանդիպման մասնակիցները պրոֆեսորին ներկայացրել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանն իր շնորհակալությունը հայտնեց պրոֆեսոր Քրիստոֆ Զաֆեռլինգին՝ համեմատական ու համապարփակ վերլուծությամբ նյուրնբերգյան դատավարությունների զարգացման պատմությունը ներկայացնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: