22.09.2021 | 
Հասարակություն
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ». ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ». ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Քաղաքական հոգեբանություն» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել քաղաքական գործիչ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանն ասաց, որ բանախոսության թեման այսօր շատ արդիական է և հետաքրքիր ուսանողների շրջանում:

 

 

Սոֆյա Հովսեփյանն ուսանողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մասնագիտությամբ հոգեբան է, ոլորտում աշխատում է արդեն 16 տարի. «Շատ ուրախ եմ, որ մեր այսօրվա հանդիպման խորագիրը քաղաքական հոգեբանությունն է, որն ընդգրկուն ու ծավալուն թեմա է»:

 

Նա նշեց, որ նմանօրինակ հանդիպումները շատ արդյունավետ են, քանի որ ուսանողներից ոմանք վաղը դառնալու են քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, և շատ կարևոր է, որ այսօրվանից իմանան ու հասկանան, թե ինչ մարտահրավերներ կան քաղաքականության մեջ, ու թե ինչ դժվարություններ կարող են ի հայտ գալ:

 

 

Բանախոսության ընթացքում Սոֆյա Հովսեփյանն ուսանողներին պատմեց, թե ինչպես է մուտք գործել քաղաքականություն և հասկացել, որ քաղաքականությունը և քաղաքականության հետևանքներն իրականում շատ խորքային գործընթացներ են, որոնք ամբողջովին տեսանելի չեն:

 

 

«Երբ մուտք ես գործում ոլորտ, հասկանում ես, թե ինչքան բան չգիտես: Այս ոլորտում լինում են դեպքեր, երբ արժեքները, որոնցով դաստիարակվել ու ապրել ես, ստիպված լինես շրջանցել, իսկ եթե դրանք քեզ համար կարևոր են, պիտի բավականաչափ կամք ու համառություն ունենաս՝ դրանք պահելու»,- ասաց բանախոսը՝ փաստելով, որ դա ամենակարևոր եզրագիծն է, որ քաղաքական գործիչը հանդիպում է իր գործունեության ընթացքում:

 

Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ քաղաքական մանիպուլյացիային՝ խոսելով  դրա դրական և բացասական ընկալումների մասին: Նա նշեց, որ մանիպուլյացիաներ կիրառվում են բոլոր ոլորտներում, ընդհուպ՝ ընտանեկան հարաբերություններում, և թե ինչ արդյունք կգրանցվի այն գործածելու դեպքում, կախված է հենց քաղաքական գործչից:

 

ԱԺ նախկին պատգամավորն ուսանողների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ եթե քաղաքական գործիչն իր ցանկացած գործողության արդյունքում ձգտի դրական ազդեցություն թողնել սոցիումի վրա, ապա կգտնի դրան հասնելու ուղիները, և հակառակը:

 

 

Խոսելով քաղաքական հոգեբանության ասպեկտներից մեկից՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հեշտ արդյունքի հասնելու համար քաղաքական գործիչները սկսում են աշխատել մարդկանց հույզերի հետ, նրանց ասում այն, ինչ կցանկանային լսել, խոստանում ականջահաճո իրողություններ՝ այդկերպ շահելով հանրության հավատն ու վստահությունը. «Այս պրակտիկան գործում է ամբողջ աշխարհում, բայց ոչ միշտ է, որ քաղաքական գործիչները պահում են իրենց խոստումները, իսկ հետագայում փորձում նոր մանիպուլյացիաներ կիրառել»:

 

Հանդիպման ընթացքում բանախոսը խոսեց հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակի, արժեքների մասին ու պատասխանեց ուսանողների հարցերին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱԱՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ. ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: